Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի խնդիրները սկսվեցին, ոչ թե 1998-ին, այլ 2018-ին, երբ իշխանության եկան մարդիկ, որոնք ռուսատյացներ էին. Հայկ Խալաթյան

Հունիս 07,2021 16:06

«Մենք ապրում ենք խորագույն քաղաքական ճգնաժամ, որը պայմանավորված է պատերազմում Հայաստանի կրած դաժան պարտությունով: Իշխող ուժը վերջին 3 տարիներին ձախողեց բոլոր այն գործերը, որոնք ձեռնարկեց: Դրանցից ամենակարեւորը ղարաբաղյան կարգավորման գործը: Այսօր հասարակությանը չներկայացնելով որեւէ ռեալ անելիք ապագայի հետ կապված՝ հավակնում է կրկին իշխանության»,-այսօր «Հոդված 3» ակումբում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Արման Մուսինյանը:

Քաղաքական 4 ուժերի ներկայացուցիչները քննարկեցին սահմանային ճգնաժամն ու անվտանգության սպառնալիքները՝ ներկայացնելով այդ խնդիրները լուծելու իրենց առաջարկները:

Արման Մուսինյանի համոզմամբ, այս ճգնաժամից դուրս գալու առաջին քայլն այն է, որ հունիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իշխանության չլինի. «Պետք է անել այնպես, որ Հայաստանում ձեւավորվի իշխանություն, որն իր քաղաքական, անվտանգային ու դիվանագիտական մոտեցումները կառուցում է ոչ թե երազանքների, պատրանքների ու սին հավատամքների վրա, այլ բացառապես ելնում է ստեղծված քաղաքական իրողություններից: Առաջին՝ պետք է ապահովել պետության կառավարելիություն, երկրորդ՝ պետք է ակտիվ քաղաքական դիվանագիտական շփումների մեջ մտնենք այն երկրների հետ, որոնք տարածաշրջանում գործոն են». ըստ նրա, մասնավորապես ՀՀ-ի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը գտնում է, որ Հայաստանի հանրապետության անվտանգության ապահովման միջոցը համագործակցելն է միջազգային կառույցների հետ.

«Հայաստանի իշխանություններն այսօր անվտանգությունը կառուցում են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վրա, իսկ ՀԱՊԿ-ն, ըստ էության, դրան պատասխանում է զորավարժություններ անցկացնելով ինչ-որ թմրանյութերի թեմայով: Այսինքն՝ դա մի պատասխան է, որ ՀԱՊԿ-ը ոչինչ չունի անելու: Ուստի «Հանրապետություն» կուսակցությունը անհրաժեշտ է համարում ստեղծված իրավիճակում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Ստանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տարածաշրջանում անվտանգության երաշխիքները՝ կկարողանանք ստեղծել այն միջավայրը եւ ստանալ այն ժամանակը, որն օգտագործելով՝ կկարողանանք լուծել բանակի վերազինման, իսկ ամենակարեւորը՝ տնտեսության՝ տեղապտույտից դուրս գալու խնդիրը»:

Անահիտ Ադամյանը կասկածում է, որ Ռուսաստանն ի զորու չէ Հայաստանի հանրապետության բանակն ապահովել 5-րդ սերնդի պատերազմի զինատեսակներով: Ըստ նրա, այս պատերազմում ոչ թե հայ զինվորը պարտվեց, այլ Հայաստանի տեխնիկան, իսկ տեխնիկան ռուսական բանակի տեխնիկան էր: Նրա խոսքով, մենք պետք է կարողանայինք Սյունիքի սահմանին տեղակայել անօդաչու թռչող սարքեր, որպեսզի կասեցվեր ադրբեջանցիների մուտքը Սյունիք, սակայն դա չենք արել, ինչը բացթողում է եւ գոնե հիմա պետք է արվի:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի անդամ Արտաշես Խալաթյանը կարծում է՝ արցախյան պատերազմում տեղի ունեցած ողբերգությունը չէր լինի, եթե շուրջ 20 տարի Հայաստանը չվարեր միաբեւեռ արտաքին քաղաքականություն, որը ոչ թե կրում էր դաշնակցային բնույթ, այլ Հայաստանի՝ այդ ժամանակվա իշխանությունների թեթեւ ձեռքով Հայաստանի ինքնիշխանությունը մաս- մաս օտարվում էր բոլորին հայտնի գերտերությանը. «Եվ այս համատեքստում մաս-մաս օտարվում էին այն բոլոր հաղթաթղթերը, որոնք Հայաստանն ուներ արցախյան պատերազմի արդյունքում եւ դրա արդյունքում ձեռք բերած դիվանագիտական հաջողությունները»:

Արտաշես Խալաթյանի խոսքով, ՀԱՊԿ-ում Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է եւ մենք պետք է նախ կենտրոնանաք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա, իսկ ՀԱՊԿ-ի շրջանակներում բանակցենք, որպեսզի հնարավորություն ստանանք ռազմաքաղաքական բնույթի ավելի խորը հարաբերություններ ձեւավորել այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ. «Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Ֆրանսիային: Ակնհայտ է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մնալով ռեգիոնալ վակուումի մեջ, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս պետությունների ակտիվ մասնակցության, Հայաստանն այսօր բացառապես ապավինում է ռուս-թուրք- ադրբեջանական տարածաշրջանային միջավայրում ձեւավորվող որոշումներին եւ չունի սեփական այլընտրանք՝ ավելի ակտիվ իր շահը պաշտպանելու համար: Այս առումով մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը, որպես անվտանգային կառույց, չի կատարում իր պարտավորությունները, ՀԱՊԿ-ի պետությունների մեծ մասի շահերը հակոտնյա են Հայաստանի շահերին եւ իրատեսական քաղաքականությունը ենթադրում է նաեւ խիզախ որոշումներ այս ոլորտում»:

Ըստ նրա, որեւէ մեկը չի խոսում՝ որն է Հայաստանի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ շահը եւ զարգացման հեռանկարը:

«Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Խալաթյանը գտնում է, որ Հայաստանը պետք է վստահելի եւ կանխատեսելի լինի իր դաշնակցային գործընկերների համար: Ըստ նրա, Հայաստանի խնդիրները սկսվեցին ոչ թե 1998 թվականին, այլ՝ 2018-ին, երբ Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ռուսատյացներ էին եւ փորձում էին դաշնակցի հետ ամեն կերպ փչացնել հարաբերություները. «Եվ ոչ միայն Ռուսաստանի, նաեւ Իրանի հետ, Չինաստանի եւ մենք սպասում էինք, որ մեկը մեզ կօգնի՞: Մենք մեր սահմանները չենք պաշտպանում, ակնկալում ենք, որ ինչ-որ մեկը պիտի գա պաշտպանի՞, որ Սյունիքում կանգնած ռուս խաղաղապահը պետք է կրակի ադրբեջանցու վրա՞»:

Հայկ Խալաթյանի խոսքով, մենք պետք է ուժեղ լինենք, պետք է համոզենք մեր դաշնակիցներին, որ նոր որակի հարաբերություներ կարող ենք կառուցել, որովհետեւ ուժեղ Հայաստանը նաեւ նրանց օգտին է, եւ փոխելով իրավիճակը տարածաշրջանում, լուծենք մեր հարցերը՝ թե՛ մեր սահմաններին թե Արցախի հիմնահարցը:

Ըստ Հայկ Խալաթյանի, իրենց դաշինքն էլ հանդես է գալիս Հայաստանի շահերից եւ ուզում է, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ունենա հզոր բանակ ու հզոր տնտեսություն, բայց պետք է տեսնել՝ ո՞վ է պատրաստ այդ հարցում օգնելու, ո՞վ է պատրաստ շուկայական գներից ցածր կամ ընդհանրապես զենք նվիրելու Հայաստանին, որպեսզի մեր երկիրը կարողանա վերականգնել ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ. «Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան չեն պատրաստվում Հայաստանին զենք նվիրել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930