Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորի հետ խոսում ենք, բացի մեր թշնամիներից, մեզ թվում է՝ մեր բարեկամները ավելի լավ կարող են խոսել մեր թշնամիների հետ մեր մասին, քան թե մենք». Նորայր Նորիկյան

Հունիս 08,2021 15:37

«Արդար Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավ իրականացրեց Արագածոտնի մարզում: Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին հարցրեցին՝ եթե անցնեք խորհրդարան, ի՞նչ հարց կլուծեք: Նա ասաց, որ թուղթն ու գրիչը վերցնելու են, նախ գույքագրելու են խնդիրները. «Այն երակային սնուցման խնդիրները, որոնք սուբյեկտիվ պայմաններով են պայմանավորված, փորձելու ենք լուծել»:

Նորիկյանը նշեց, որ ամենակարեւորը բանակի վերազինումն ու անվտանգության խնդիրներն են: Եթե միլիոնավոր դոլարներ տանեն ու սահմանամերձ համայնքներում շինարարություն անեն, Արցախը վերականգնեն, բայց պաշտպանական համակարգը չկարողանան կայացնեն՝ խնդիրներ են ունենալու. «Մեկն ասում է՝ ռուսական բազա ավելացնենք, մյուս ասում է՝ ֆրանսիական դիտորդներ բերենք, այն մյուսն ասում է՝ օտարերկրյա միջնորդներ բերենք, ոչ մեկը չի խոսում հայկական բանակի մասին: Սա շատ վտանգավոր բան է: Ոնց որ տան մեջ վերանորոգում իրականացնենք, բայց տանիքը թողնենք կարկուտի տակ: Եթե մեր սահմանների խնդիրը չլուծեցինք՝ թուլացած մնալու ենք: Ուժեղ բանակի համար պետք է ունենանք տնտեսություն, արդյունաբերություն: Մեր ծրագրում կա ամեն մարզում երկու խոշոր ձեռնարկություն հիմնադրել, կամ վերագործարկել»:

Խոսելով պատերազմի մասին՝ Նորիկյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ պատերազմում հայ զինվորն է պարտվել, խորապես համոզված եմ, որ հայ քաղաքական միտքն է պարտվել. 30 տարի հայ քաղաքական միտքը չկարողացավ գեներացնել այնպիսի միտք, որը կկարողանար աշխարհին ներկայացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը, ՀՀ անվտանգության խնդիրը: Եկեք խոստովանենք՝ մենք արցախյան պատերազմում մնացել ենք մենակ, ոչ մի դաշնակից չենք ունեցել եւ չունենք: 30 տարի հաղթել ու գալ՝ այսպես անփառունակ պարտություն կրել, հնարավոր է մի դեպքում, երբ որ ազգային իրատեսական քո ծրագիրը չես ունեցել, քո պատկերացումը չես ունեցել խնդրի կարգավորման համար: Մենք կարող ենք խոսել ՌԴ-ի, ԱՄՆ-ի հետ, Մակրոնի, Չինաստանի հետ, բոլորի հետ խոսում ենք, բացի մեր թշնամիներից: Մեզ թվում է՝ մեր բարեկամները ավելի լավ կարող են խոսել մեր թշնամիների հետ մեր մասին, քան թե մենք»:

Գյուղացիներից մեկը հարցրեց՝ շատ ներողություն, Մակրոնն ո՞վ է: Նորիկյանը լուսավորեց՝ Ֆրանսիայի նախագահը:

Բնակիչները հարցրեցին՝ ձեր կուսակցությունն ի՞նչ է արել գերիների հարցով: Նորիկյանը պատասխանեց, որ դեսպանատների մոտ պիկետներ են արել ու պահանջ ներկայացրել, որ անբավարար են գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, քանի որ նրանք ոչ համարժեք ուժ են գործադրում ֆաշիստական, մարդու իրավունքների ոլորտում անմարդկային վարքագիծ դրսեւորող Ադրբեջանի նկատմամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930