Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, ինչ-որ տարածքներ էի տալիս, ինչ-որ մարդիկ եկան վերջին պահին ձեռիցս բռնեցին… բոլորը հեքիաթ են». Փաշինյանը՝ Բերդավանում

Հունիս 11,2021 18:44

Տավուշի մարզի Բերդավան համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեց բերդավանցի Կարեն Ղազարյանին, որը դուրս էր եկել՝ ջուր խմելու, ինչ-ինչ հանգամանքներում սահմանից այն կողմ հայտնվել ու Ադրբեջանի տարածած տեսանյութերում դարձել «դիվերսանտ-ահաբեկիչ»: Փաշինյանն ասաց. «Այսօր էլ Ադրբեջանում շինծու դատավարություններ են տեղի ունենում: Հիշում եք, Կարենին նույնպես դատապարտեցին 20 տարի ազատազրկման, բայց հիմա նա, փառք Աստծո, վերադարձել է հայրական օջախ: Ես մեր գերեվարված եղբայրների հարազատների հետ հանդիպելիս միշտ Կարենի օրինակն եմ բերում, որ տեսեք, դատավարություն է եղել, 20 տարվա ազատազրկման են դատապարտել, բայց, ի հեճուկս դրա, Կարենը հիմա իր օջախում է՝ իր ընտանիքի հետ»:

Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո Նոյեմբերյանի հետ կապված ստեր են տարածում. «Հիմա էլ լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, անկլավ, կամ ինչ-որ տարածքներ էի տալիս, ինչ-որ մարդիկ եկան վերջին պահին ձեռիցս բռնեցին: Դրանք բոլորը հեքիաթ են: Այստեղ առնվազն 2 մարդ կա, ովքեր ներկա են եղել բոլոր խոսակցություններին, թե ինչ էր ասում: Ով էր ասում՝ պետք է ստորագրել, ով էր ասում՝ ոչ մի դեպքում չպետք է ստորագրել, ո՞նց եղավ, որ այդ կետը մենք այդ փաստաթղթից հանեցինք եւ էլի այլ դրվագներ մենք փաստաթղթից հանեցինք: Նման իրավիճակներում, գիտեք, գալիս են պահեր, երբ ինչ-որ մեկը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունն ու անի քայլեր: Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում հարյուրավոր մայրերին շնորհակալություններ եմ ստացել քարոզարշավին, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Ուզում եմ իմանաք՝ մենք պայքարել ենք մինչեւ այն կետը, երբ իմաստ ուներ պայքարել: Այն պահին, երբ մենք տեսել ենք, որ այդ պայքարն այլեւս շարունակելը չունի այն հիմնավորումները, որը պետք է ունենա՝ մենք դադարեցրել ենք այդ պրոցեսը: Գալիս են պահեր, երբ մարդը պետք է ինքը իր վրա անձնական պատասխանատվություն վերցնի ու անի քայլ: Չեմ կարող ասել, որ ես ուրախ եմ, որ այդ պատասխանատվությունը վերցրել եմ: Ուրախ չեմ, բայց այդ իրավիճակում այդ քայլը պետք է արվեր ու դա անելու արդյունքում մենք տասնյակ հազարավոր մեր զինվորների կյանքեր ենք փրկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930