Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

«Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ՝ այդ թուղթը չեմ ստորագրի… Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման». Փաշինյանը՝ բացահայտում է՝ ինչ են խոսել Կոնդի առանձնատանը

Հունիս 11,2021 21:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ու իր հարաբերություններին. «Ի՞նչ եղավ ու ինչո՞ւ այդպես եղավ: Ես վարչապետ եմ դարձել, Օնիկը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետագայում իմ միջնորդությամբ իրեն շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում եւ պատերազմի ժամանակ իմ նախաձեռնությամբ շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում: Երբ որ ես Օնիկին միջնորդել եմ նշանակել ԳՇ պետ, մենակ մի խոսակցություն եմ ունեցել, մի բան եմ ասել՝ Օնիկ, ես գիտես մենակ մի բանից եմ այս պատմության մեջ վախենում: Ասել եմ՝ իմ կարծիքով դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես: Ինքն էլ ասել է՝ չէ, այդտեղ խնդիր չունես, մի անհանգստացի ու ես նշանակել եմ: Նույնիսկ իմ քաղաքական մերձավորները կնեղանան, երբեմն համոզված եմ նաեւ՝ նեղացել են, ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման: Ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ ինքը, երբ նշանակված էր, հուլիսյան մարտերի ժամանակ Ազգային անվտանգության ծառայությունն ինձ մի դրվագի մասին ասեց, ասեց՝ այսպիսի դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել: Ես ասեցի՝ բացառվա՛ծ է, չեմ հավատում, որ ինքը ինձ սխալ բան զեկուցած լինի: Խոսեցինք իր հետ, ասեցի՝ ես քեզ եմ հավատում, քե՛զ եմ հավատալու:

Այդպես եղել է մինչեւ պատերազմն ավարտվելուց հետո: Պատերազմի ընթացքում էլի եղել են դրվագներ, երբ որ Արցախից նույնիսկ մեր գործընկերներն եկել են, ասել են՝ գիտես ինչ, այս դրվագն այսպես է: Ես զանգել եմ, ասել եմ՝ Օնիկ ջան, այսպիսի բան են ասում, ի՞նչ ես ասում: Մենք եկել ենք եզրակացության, որ պատերազմի դրվագներով ես պետք է լսեմ իր ասածը: Ես համաձայնել եմ դրա հետ, որովհետեւ ինքն է ԶՈՒ անմիջական ղեկավարը: Նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ, նրա հետ հեռախոսային խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն, հետո այդ իրիկունը Օնիկն ասում է՝ ուզում եմ գամ մոտդ: Մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը:

Ինքը ինձ ասում է՝ որոշում կայացրու՝ հրաժարական տուր: Ես իրեն պատասխանում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել, ասում է՝ 4-5 օր երեւի: Ասում եմ՝ խնդրում եմ, այս խոսակցությունը մոռանանք, գնա քնի, հանգստացի: Հետո կանչում եմ իրեն, ասում եմ՝ Օնիկ, տես, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի անվերապահորեն վստահել, մենք իրար գիտենք արմատներից: Ես քեզ խոստանում եմ, որ ես կմոռանամ այդ պատմությունը, որ եկել ես, ինձ ասում ես՝ հրաժարական տուր: Հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան ԳՇ-ի նկատմամբ, որից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որից ես համոզվում եմ, որ իրոք, շատ բաներ ինձ ճիշտ չի զեկուցվել ու ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ»:

Փաշինյանն ասաց, որ քայլ առ քայլ ԳՇ-ն անցել է ընդդիմության շարքերը. «Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան անվերապահ եմ վստահել Օնիկ Գասպարյանին, ասեմ՝ երբ որ ինքը ինձ ասել է, որ Տիրան Խաչատրյանին պետք է տալ Ազգային հերոսի կոչում, որովհետեւ ինքը այնտեղ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հակագրոհ կազմակերպի, դա պետք է քաջալերվի եւ այլն, դա չեմ էլ քննարկել: Ասել եմ՝ եթե դա է այսօր պետք, որ ռազմի դաշտում հաջողություն ունենանք, ես քո ասածով դա կանեմ: Եվ այսօր Տիրան Խաչատրյանը վեր է կենում, իմ հասցեին ամենավերջին բաներն է ասում: Թող Տիրան Խաչատրյանը իրեն տված Ազգային հերոսի կոչումից հրաժարվի, որովհետեւ եթե արժանապատիվ սպա է ու համարում է, որ այն մարդը, որն իրեն հերոսի կոչում տալու որոշումը, միջնորդությունը ստորագրել է ու այդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն ինքը պետք է հրաժարվի այդ կոչումից: Մենք կհավատանք, որ ինքը ոչ թե անձնական ինչ-որ բաներ ունի, այլ՝ պետական մտածումներ»:

Տիրան Խաչատրյանը արձագանքել է Փաշինյանի ասածին՝ նշելով՝ «Ամեն ապուշի ասածին չեմ արձագանքելու»:

Փաշինյանն ասաց, որ լուրեր են տարածվում, որ ինքը նոյեմբերի 9-ի երեկոյան թուղթը ստորագրելիս Բարխուդարլու, Խրեմլու, այդ բոլոր փաթեթները միասին վերցրած ուզել է ստորագրի ու Օնիկ Գասպարյանը թույլ չի տվել. «Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետեւ համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետեւ այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ի՛նքն էր, որովհետեւ ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»:

Հիմա Փաշինյանը կասկածում է, որ Օնիկ Գասպարյան իրեն մղել է ստորագրելու, որովհետեւ մտածել է՝ ինչքան վատը լինի այդ փաստաթուղթը, այնքան ավելի մեծ հնարավորություն կա, որ դա քաղաքական պայթյուն կառաջացնի ու կքշի, կտանի իրենց կառավարությանն ու Փաշինյանին. «Ես հիմա եմ հետահայաց մտածում: Մի այդպիսի դրվագ էլ Շուշիի հետ կապված կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930