Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Կոչ ենք ուղղում բոլոր քաղաքական ուժերին, ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները՝  զերծ մնալ իրավիճակը ավելի սրող ու ապակայունացնող քայլերից. ՍԴՀԿ

Հունիս 15,2021 13:34 Share
sdhk

Մոտենում են Հայաստանի համար ամենավճռորոշ արտահերթ ընտրությունները:

Ճակատագրական այս օրերին, երբ դեռ բաց վերքի նման մնում է ռազմագերիների հարցը, երբ Ադրբեջան, մասամբ նաև օգտվելով մեր ներքին անհամերաշխությունից,  սաստկացնում է իր սահմանային ոտնձգությունները, երբ Արցախի կարգավիճակի հարցը դեռ մնում է մշուշոտ և երբ երկրից ներս տիրում է քաղաքական անառողջ մթնոլորտ, Հայաստանի քաղաքացին հանձնառու է դառնում իր քվեի ուժով ընտրելու երկրի ապագան՝ դեպի առաջ կամ վերադարձ նախկինին:

Այդ առումով, մենք ավելի քան վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացին կկայացնի ճիշտ ընտրություն և հանուն իր ապագայի՝ Ազգային Ժողով կուղարկի այն ուժերին, որոնք հետամուտ կլինեն շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման, կաշառակերության դեմ պայքարի և դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը, միաժամանակ բացառելով վերադարձը այն ուժերի, որոնց երկտասնամյա իշխանությունը բնորոշվեց Հոկտեմբեր 27-ով, Մարտի 1-ով, լայնատարած ընտրակեղծիքներով, կաշառակերությամբ, պետական գանձի կողոպուտով և քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծումով:

Անշուշտ, այս ընտրություններով հայրենիքի դիմագրաված բազում արտաքին և ներքին մարտահրավերները չեն վերանալու: Ու թեև արտաքին հարցերի առաջացումը կամ լուծումը միայն մեզանից կախյալ չի, սակայն Նոյեմբերից առ այսօր շարունակվող անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի առկայությունը բացառապես մեր բոլորի պատասխանատվությունն է:

Հետևաբար, կոչ ենք ուղղում բոլոր քաղաքական ուժերին, ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները՝ զերծ մնալ իրավիճակը ավելի սրող ու ապակայունացնող քայլերից և գործողություններից, որոնք միայն խոչընդոտելու են ներքին համերաշխության վերականգնումը:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել