Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

Հայ Դատը պայքարում է հենց Հայաստանի և հայ ժողովրդի շահի համար. Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 25,2026 14:16 Share

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը.

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հարգարժա՛ն պատասխանատուներ, աշխարհի չորս կողմերից հայրենիք ժամանած սիրելի ընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայրենիքում։

Հայ Դատի գրասենյակների և հանձնախմբերի հերթական խորհրդաժողովը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին զուգահեռ արդեն Հայաստանի իշխող ուժն է բացահայտ ու անթաքույց թիրախավորում Հայ Դատի ցանցը:

Վերջին շրջանում իշխանական քարոզչամեքենան բացահայտ արշավ է սկսել Հայ դատի գրասենյակների դեմ: Փորձում են հանրությանը հրամցնել թեզեր, թե իբր Հայ դատի նպատակները և պետական շահը միմյանց հակասում են, թե իբր Հայ Դատը չի ներկայացնում բովանդակ հայ ժողովրդի շահերը, այլ պաշտպանում է նեղ կուսակցակն շահեր, թե իբր Հայ Դատի պայքարը «խանգարում է խաղաղությանը», թե իբր Սփյուռքի մեր կառույցներն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը «վտանգում են պետականությունը»:

Այս բեմահարթակից ուզում եմ հստակ և ուղիղ պատասխանել այդ կեղծիքին.

Հայ Դատի գործունեությունը և հայաստանի հանրապետության շահերը պարզապես չեն կարող միմյանց հակասել, Հայ Դատը պայքարում է հենց Հայաստանի և հայ ժողովրդի շահի համար։

Երբ Հայ Դատի գրասենյակն արգելակում է որևէ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը կամ ռազմական օգնության տրամադրումը, դրանից ավելի ուղիղ կերպող դժվար է պատկերացնել Հայկական պետության շահերի պաշտպանությունը։

Հայ դատը չէ, որ վտանգում է պետությունը: Պետականությունը վտանգում է Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները բավարարող դիվանագիտությունը: Պետականությունը վտանգում է սեփական ժողովրդի իրավունքներից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ազգային արժանապատվությունից հրաժարվելը: Պետությունը վտանգում է ներազգային պառակտվածությունը, Հայ առաքելական եկեղեցու վրա արշավը, մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազնդի բթացումը։

Հայ դատը նեղ կուսակցական չէ՛. սա բովանդակ հայ ժողովրդի արդարության դատն է: Երբ աշխարհի մայրաքաղաքներում բանաձևեր են ընդունվում, երբ պատժամիջոցներ են պահանջվում Ադրբեջանի դեմ, դրանք չեն ծառայում մեկ կուսակցության. դրանք պաշտպանում են Երևանից մինչև Սյունիք ապրող յուրաքանչյուր հայի կյանքն ու արժանապատվությունը:

Հայ դատը չի՛ խանգարում խաղաղությանը. Հայ դատը խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին: Ոչ ոք հայ ժողովրդից ավելի շատ չի ձգտում իրական խաղաղության, բայց ծնկաչոք մուրացած խաղաղությունը բերում է նոր պատերազմ ու նոր կորուստներ: Հայ Դատը պայքարում է, որ անգամ թշնամին ստիպված լինի հաշվի նստել մեր շահերի հետ։

Միշտ հիշե՛ք՝ Հայ դատի գրասենյակները չեն ստեղծվել օրվա իշխանություններին հաճոյանալու կամ նրանց նեղ շահերը սպասարկելու համար: Իշխանությունները ժամանակավոր են, նրանց կուրսը կարող է շեղվել, նրանք կարող են նահանջել, բայց Հայ դատի կողմնացույցը եղել և մնում է անփոփոխ՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։

Տասնամյակներ շարունակ, երբ Հայաստանը չուներ պետականություն, և այն տարիներին, երբ նորանկախ հանրապետությունը դեռ չուներ կայացած դեսպանություններ, աշխարհի մայրաքաղաքներում Հայաստանի իրական շահերը պաշտպանել եք դու՛ք: Վաշինգտոնից մինչև Փարիզ, Բրյուսելից մինչև Բուենոս Այրես ու Բեյրութ՝ դուք եղել և մնում եք հայ ժողովրդի արտաքին պաշտպանական վահանը:

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր հայ հպարտացել է ձեր արած աշխատանքի արդյունքներով, ոգևորվել է ձեր գրանցած հաջողություններով, կիսվել է ձեր ջանքերով ընդունված բանաձևերով և հերթական երկրի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստով՝ հաճախ անգամ առանց իմանալու, որ այդ ամենի հետևում հենց Հայ դատի գրասենյակներն են կանգնած:

Հիմնականում կամավորության սկզբունքով գործող, նվիրյալներից կազմված այս համաշխարհային ցանցն է, որ տասնամյակներ շարունակ բոլոր հնարավոր հարթակներում առաջ է մղում հայկական պետական շահը:

Եվ այսօր մենք այստեղ ենք՝ արձանագրելու մի անբեկանելի ճշմարտություն: Մեր առջև դրված է մեկ ընդհանուր նպատակ՝ ազգային, մրցունակ, ինքնիշխան և անվտանգ Հայաստան: Ու այդ նույն նպատակի համար պայքարը բաժանված է երկու անբաժան ճակատների.

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այս պայքարը տանում է ներքին ճակատում՝ հայրենիքում, իսկ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները՝ արտաքին ճակատում՝ աշխարհի բոլոր հարթակներում:

Այս երկու ճակատները նույն գոյապայքարի անբաժանելի դիրքերն են:

-Ներքին ճակատում մենք պայքարում ենք պարտվողական մտածողության դեմ, պայքարում ենք ազգային իշխանության ձևավորման, հանրային համերաշխության և պետության ողնաշարն ուղղելու համար:

-Արտաքին ճակատում դուք պայքարում եք հայկական շահերի անտեսման դեմ, պատնեշ եք կանգնեցնում ադրբեջանական նավթադոլարներով սնվող լոբբինգին, պաշտպանում եք բռնի տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքը և միջազգային հանրությանը թույլ չեք տալիս փակել հայ ժողովրդի արդար դատի էջը:

Որևէ մեկին չի հաջողվելու պառակտել այս միասնությունը: Որևէ հարձակում, որևէ շինծու արգելք կամ քարոզչական գրոհ ի զորու չէ կասեցնելու մեր համակարգի աշխատանքը: Ընդհակառակը՝ որքան մեծանան ճնշումներն ու սպառնալիքները, այնքան ավելի համակարգված, հետևողական և կազմակերպված պետք է լինի մեր հակազդեցությունը:

Առաջիկա օրերի ընթացքում մենք պետք է քննարկեն երեք առանցքային հարցի պատասխան.

Առաջին՝ Ինչպե՞ս չեզոքացնել Բաքվի և Անկարայի կողմից Հայաստանին պարտադրվող նոր պահանջները, երբ պաշտոնական Երևանը դադարել է դիմադրել:

Երկրորդ՝ Ինչպիսի՞ միջազգային իրավաքաղաքական մեխանիզմներով պաշտպանել մեր հավաքական իրավունքները, ջանքեր գործադրել հայ գերիների անհապաղ Հայրենիք վերադառնալու ուղղությամբ:

Երրորդ՝ Ինչպե՞ս պաշտպանել և վերամիավորել Սփյուռքի կառույցները՝ խափանելով համահայկական ներուժը ջլատելու և ներազգային պառակտում սերմանելու բոլոր փորձերը:

Սիրելի՛ ընկերներ,

Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ. սա պատմական պատասխանատվություն է սերունդների առջև: Մենք իրավունք չունենք հոգնելու, իրավունք չունենք հուսահատվելու և առավել ևս՝ իրավունք չունենք նահանջելու:

Ներսում և դրսում՝ նույն հավատամքով, նույն կարգապահությամբ և նույն նվիրումով:

Մաղթում եմ բոլորիս բեղմնավոր աշխատանք, անսասան կամք և հաղթական արդյունքներ:

Ի գո՛րծ:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930