Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը արդեն տվեց հակահարված, այդ թվում՝ զենքի կիրառմամբ…երեւի թե կարմիր գիծը հատել են». Արթուր Սաքունց

Հուլիս 28,2021 15:08

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է՝ 3 զոհ եւ 4 վիրավոր ունենք: Մոսկվայում տեղի ունենալիք բանակցություններից առաջ ադրբեջանական զինված ուժերը հարձակում են գործել Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում:

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ Ադրբեջանի գործելաոճն է՝ հանդիպումներից առաջ սադրել. «Նպատակն ակնհայտ է՝ շարունակել ճնշումները Հայաստանի նկատմամբ, միակողմանի զիջումների հասնել Հայաստանի կողմից ու իրենց խնդիրը լուծել, խոսքը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը: Չնայած եռակողմ հայտարարությամբ նշված կետերը, հատկապես՝ ռազմագերիներին ու գերիների վերադարձման կետը Ադրբեջանը չի կատարում, շարունակում է պահել պատանդ, այսպիսի հարձակումների միջոցով ուզում է լրացուցիչ ճնշում գործադրել: Պետք է նախ արձանագրել, որ հայկական կողմը, որը երկար ժամանակ շատ զուսպ էր, մեղմ ասած, ու հակահարվածը համարժեք չէր, արդեն տրվեց հակահարված, այդ թվում՝ զենքի կիրառմամբ, որը մինչ այդ չկար: Փորձում էին չտրվել այդ սադրանքներին ու նպատակ հետապնդող ագրեսիվ գործողություններին: Բայց երեւի թե կարմիր գիծը հատել են: ԱԳՆ-ն ճիշտ հայտարարություն արեց խնդիրը եռակողմ հայտարարությունից դուրս հանելու մասին, բայց նման պայմաններում որեւէ խոսակցություն՝ ուժի կիրառման, սպառնալիքի ճնշման ներքո անիմաստ է: Պետք է իրապես դիրքերը հավասարեցնել; Միջազգային իրավունքի եւ ինստիտուտների ներգրավումը առավել քան կենսական անհրաժեշտություն է: Նկատի ունեմ ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, այլ նաեւ երկկողմ համագործակցություն: Եթե ՌԴ-ն հայտարարում է, որ արդյունավետ համագործակցել է Թուրքիայի հետ, ապա ինչո՞ւ Հայաստանը չի կարող արդյունավետ համագործակցել Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի հետ, երբ դրա հնարավորությունները կան»:

Սաքունցի համոզմամբ, բոլոր անվտանգային համակարգերը, որոնք գոյություն ունեն, բացի ազգայինից, չեն գործում ու չեն երաշխավորում. «Անտարբեր են: Որեւէ միտում էլ չունեն, որ իրենք ակտիվ հանդես գան ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության ապահովման համար: Մնացել է միայն սեփական ուժերին ապավինել, բայց դա բավարար չի: Անհամարժեք վիճակ է իրապես ու պետք է ամբողջացնել, լրացնել համագործակցությունների միջոցով: Մոսկովյան բանակցությունները ես չեմ հասկանում: Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան թե պատերազմել, բայց բանակցությունների կողմերը պետք է լինեն լիարժեք հավասար կարգավիճակով, որը դեռեւս չկա, իսկ միջնորդը չի ձգտում այդ հավասարությունն ապահովել: Բալանսը խախտված է ու պետք է քայլեր կատարել՝ անվտանգության սպառնալիքները կանխելու ու համակարգն ամբողջացնելու համար: Մենք չենք կարող հաշտվել շարունակական այս ոտնձգություններին, որովհետեւ անորոշ ժամանակ գիշերը հարձակվում, ցերեկը հարձակվում են ու պատասխանատուն ՀՀ կառավարությունն է: Ինքը պետք է հստակ քայլեր կատարի: Քայլեր, որոնք վստահելի են, հասկանալի են, կանխատեսելի են՝ անվտանգության ապահովման թե՛դիվանագիտական ու թե՛ համագործակցային, ռազմական կոմպոնենտները հաշվի առնելու: Բալանսը վերականգնելուց հետո բանակցությունները պետք է սկսել առանց միջնորդների հակառակորդ կողմերի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման ուղղությամբ: Ադրբեջանական ու ռուսական կողմը փորձում են ամեն կերպ դա չեզոքացնել, որպեսզի չվերականգնվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031