Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է

Օգոստոս 08,2021 11:05

ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդումների շարք է սկսել արցախյան պատերազմի մասին և երեկ հրապարակել է այդ շարքի առաջին մասը: Պարոն Հովհաննիսյանը հաղորդման ընթացքում ընդգծում է, որ որոշել է հանդես գալ նման նախագծով, քանզի պատերազմից հետո իր և իր ընտանիքի նկատմամբ սկսվել է մեդիատեռոր, ասել է թե՝ մեդիաահաբեկչություն:

Մեդիաահաբեկչություն տերմինը մասնագիտական գրականության մեջ կիրառվող հասկացություն է, որը ենթադրում է մշակված և նպատակաուղղված տեղեկատվական-քարոզչական քաղաքականություն՝ իր բոլոր նեգատիվ դրսևորումներով, ինչի արդյունքում լսարանը պետք է հանգի խուճապային տրամադրությունների: Նման գործելաոճ, սովորաբար, որդեգրում են ահաբեկչական խմբավորումները (օրինակ՝ ИГИЛ-ը մեդիաահաբեկչության վառ քաղաքականություն իրականացրած խմբավորումներից մեկն է), կամ պատերազմի մեջ գտնվող պետությունները: Այնպես որ, հիասթափության և ցասումի այն ալիքը, որը բարձրացավ հայկական լսարանի մոտ Արծրուն Հովհաննիսյանի նկատմամբ և, որը սասանեց վերջինիս խոսքի նկատմամբ եղած անսահման վստահությունը, ըստ իս, ոչ մի կերպ մեդիաահաբեկչություն չի կարելի համարել: Ինչևէ:

Պարոն Հովհաննիսյանը, փորձելով բացատրել 44-օրյա պատերազմի ընթացքում իր կատարած աշխատանքի էությունը և նպատակը, վկայակոչում է Առաջին համաշխարհային պատերազմը, Վրաստանի 2008 թվականի պատերազմը և հավաստիացնում, որ ոչ մի պատերազմող կողմ չի վհատեցնում իր հանրությանը՝ ուղիղ ասելով, թե պարտվում ենք: Բացի այդ, պարոն Հովհաննիսյանը պնդում է, որ ինքը՝ լինելով առաջնագծում և տեսնելով մեր զինվորների սխրանքը, անձամբ հավատացել է մինչ վերջին պահը, որ մենք տանելու ենք հաղթանակ: Նա նաև անդրադառնում է զոհերի քանակի և Գանձակի օդանավակայանի մասին տեղեկատվական հոսքերին, բացատրելով, որ զոհերի քանակի մասին ինքը տեղեկացվել է ՊՆ-ից տեղեկագրերից, իսկ Գանձակի օդանավակայանի օպերացիան գաղտնի օպերացիա էր և հիշյալ տեղեկատվական բաղադրիչն էլ այդ օպերացիայի մաս էր:

Եթե ես ճիշտ եմ հասկանում, մենք ցանկանում էինք հակառակորդի լսարանին մատնել խուճապի՝ տարածելով, թե «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց»: Շատ լավ: Բայց, կարծում եմ, այդ օպերացիան մշակողները մի պահ մտքաթող են արել, որ Ադրբեջանն էլ է 21-րդ դարում ապրում, որ այդ երկրում էլ կան ինտերնետ, արբանյակներ և վերջապես լրագրողներ, որոնք նկարում և տարածում էին բոլորովին անվնաս Գանձակի օդանավակայանը: Ինչևէ:

Այո, պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Այո, հայտնի արտահայտություն է, թե պատերազմական լրատվությունը խաբելու արվեստ է, սակայն, պետք է հաշվի առնել, որ այն ոչ թե սեփական հանրությանը, այլ հակառակորդին խաբելու արվեստ է, քանի որ սեփական հանրությանը խաբելու, կամ մեղմ ասած անհարկի ոգևորելու դեպքում դու ունենում ես թիկունք, որը էյֆորիկ թմբիրի մեջ սուրճ է խմում մայրաքաղաքի սրճարաններում և պատրաստ չի մոբիլիզացվելու:

Հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի ամենաճակատագրական ու թեժ ժամանակահատվածում, հայ հանրությանն ուղղված ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կոչով հանդես եկան ՀՀ սահմանամերձ Քաջարանի և Մեղրիի համայնքապետերը: Բայց քանի որ մինչ այդ լսարանը ոչ մի տողով տեղեկացված չէր ճակատում տիրող իրական վիճակի և հայկական զորքի նահանջի մասին, ապա դա ոչ միայն չընկալվեց հանրության կողմից, ավելին, հնչեցին պահանջներ քրեական պատասխանատվության ենթարկել տվյալ համայնքների ղեկավարներին՝ անտեղի խուճապ առաջացնող հայտարարություններ տարածելու համար, քանի որ ճակատում ամեն ինչ գերազանց է և կամավորագրվելու կարիք չկա: Ժամեր անց, Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ հանրությանը հանգստացնող հայտարարությամբ, թե ամեն ինչ կարգին է և համայնքապետերի կոչերը միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը:

Լսարանի կողմից նման արձագանքը, որը ակնհայտորեն էյֆորիկ տրամադրության հետևանք էր, ապացուցեց, որ թիկունքը չի պատրաստվում մոբիլիզացվել և շտապել ճակատ: Այդ պարագայում պաշտոնական լրահոսի պատասխանատուները պարտավոր էին վերանայել իրենց որդեգրած քաղաքականությունը, սակայն, ոչինչ չվերանայվեց:

Հետադարձ հայացքի տեսադաշտում պետք է անկեղծ լինել և ընդունել, որ պատերազմական իրավիճակում տեղեկատվական նման քաղաքականությունը իրապես լուրջ վտանգ է, թե ազգաբնակչության անվտանգությանն ուղղված, և թե պատերազմի նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքի առումով, քանի որ, օրինակ, հայ հանրությունը պաշտոնական տեղեկատվության ներշնչանքի տակ բացարձակորեն վստահ էր, որ անհանգստանալու առիթ չունի՝ հետևաբար և մոբիլիզացվելու ու ռազմաճակատ շտապելու կարիք չկա: Իսկ նման կարիք և խիստ անհրաժեշտություն կար, ինչպես պարզվեց շատ ավելի ուշ, երբ Արցախի նախագահը նոյեմբերի 10-ին հանդես եկավ ելույթով՝ պատերազմի պարտության մեջ ուղղակիորեն մեղադրելով նաև թիկունքին, որը չմոբիլիզացվեց ու չշտապեց ռազմաճակատ: Նման մեղադրանքներով հետագայում բազմիցս հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը: Ինչպե՞ս կարող էր նման թմրեցուցիչ քարոզչության պայմաններում հանրությունը մոբիլիզացվել թիկունքում և շտապել ռազմաճակատ:

Պարոն Հովհաննիսյանը, ճիշտ է իր այն դիտարկման մեջ, որ հանրությանը պետք չէր մատնել խուճապի և կենսական նշանակության կարևորություն ուներ մարտնչող զորքի ոգին բարձր պահելը, սակայն, դա անհնար է անել միայն ոգեշունչ տեղեկատվական քաղաքականությամբ: Նույն Առաջին համաշխարհայինի տարիների մամուլը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ թերթերը ամենօրյա ռեժիմով տեղեկացրել են լսարանին ճակատում տիրող իրավիճակի մասին: Սովետական մամուլի առաջատար օրգաններ «Իզվեստիան», «Պռավդան» իրենց էջերում հայտնում էին, որ հուսահատվել պետք չի, սակայն, թերագնահատել թշնամուն՝ նույնպես: Չի պատահել այնպես, որ սովետական քաղաքացիները միայն վերջին պահին տեղեկանան, որ Հիտլերի զորքերը արդեն Մոսկվայի մատույցներում են: Իսկ Շուշիի անկման օրը ամբողջ հայությունը ողջ աշխարհում ոչ թե հավատում, այլ վստահ էր, որ քաղաքը մերն է և մենք հաղթելու ենք՝ տանը, համակարգիչների դիմաց նստած:

ՀՀ պաշտոնական տեղեկատվական քաղաքականության և լսարանի վրա դրա ունեցած թմրեցուցիչ ազդեցության մասին կարելի է կարծիք կազմել մեկ օրինակով անգամ: Երբ նոյեմբերի 9-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնեց, որ Շուշի քաղաքը, որի շուրջ տասը օր շարունակ ընթանում էին թեժ մարտեր, այլևս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, լսարանի ցասումը փուլ եկավ նրա և նրա գրառումը տարածող լրատվամիջոցների վրա այն առումով, թե վերջիններս դավաճաններ են և միտումնավոր խուճապ են տարածում հայ հասարակության շրջանում:

«Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս», – գրեց մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Այս գրառումից հետո լսարանը անմիջապես սկսեց բոյկոտել խոսնակի էջը՝ ենթադրելով, որ այն կոտրվել է ադրբեջանցի հաքերների կողմից: Իսկ Բաղրամյան 26 տելեգրամ ալիքը, որը իրեն ներկայացնում էր որպես ամենատեղեկացված և ամենաօբյեկտիվ լրատվության աղբյուր, էջը կոտրելու տարբերակում այնքան հեռու գնաց, որ անմիջապես, իբրև թե ապացույց, փորփրեց ու հրապարակեց մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջի կառավարման շարժերը՝ հայտարարելով, թե խոսնակի էջը իրոք կոտրված է ադրբեջանական հաքերների կողմից:

Սակայն, կարճ ժամանակ անց, Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին հաստատեց, որ գրառումը իրենն է և Շուշին իրոք ընկել է, սակայն, նույնիսկ այդ հաստատումից հետո լսարանը չհավատաց մամուլի խոսնակին՝ որակելով նրան դավաճան, որը տարածում է ապատեղեկատվություն՝ լսարանին խուճապի մատնելու նպատակով:

Մինչև հոկտեմբեր 20-ը հայկական լսարանը տեղյակ չէր, որ ադրբեջանցիները գոնե մեկ կիլոմետր առաջ են շարժվել, իսկ հայկական զորքը նահանջել է, այն պարագայում, երբ արդեն մի քանի շրջան գտնվում էր հակառակորդի վերահսկողության տակ: Եվ մեծ է հավանականությունը, որ այդպես էլ չէր տեղեկացվի, եթե չլիներ CivilNet լրատվական գործակալության լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեսբուքյան գրառումը, որը ստիպեց ՀՀ ՊՆ-ին երկու օր անց հրապարակել քարտեզ, որտեղ ոչ ամբողջությամբ, սակայն պատկերված էր գրավված տարածքների մասին տեղեկատվություն:

Թաթուլ Հակոբյանը հոկտեմբերի 20-ին արեց հետևյալ գրառումը, որը իր վրա հրավիրեց լսարանի ողջ ցասումը և շուտով այն հեռացվեց նրա էջից. «Պաշտոնապես ասվել է, որ ազերիները հասել են Իշխանաձորի մոտ: Սա նշանակում է, որ նրանք պատերազմի ավելի քան երեք շաբաթների ընթացքում գրավել են Ջեբրայիլի շրջանը՝ 1.050 քառակուսի կիլոմետր տարածք: Իսկ Իշխանաձորը նախկին Ղուբաթլուի շրջանի սկիզբն է Հակարի գետի ներքին հոսանքում: Կարող եք բացել քարտեզը և տեսնել»։

Ահա այս գրառումից հետո՝ հոկտեմբերի 24-ին միայն ՀՀ ՊՆ-ն հրապարակեց քարտեզ, սակայն, միևնույն է պաշտոնական քարոզչությունը շարունակվում էր նույն ոգով հավատացնել հանրությանը, որ մտահոգվելու ոչ մի լուրջ պատճառ չկա: Արծրուն Հովհաննիսյանը Առաջին ալիքում հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում՝ ծավալուն վերլուծությամբ հենվելով ռազմագիտության պատմության վրա, պատերազմներ վարելու ռազմավարության վրա, հետևյալ կերպ բացատրեց պաշտոնական լրատվության քաղաքականությունը.

«Քանի որ լայնամասշտաբ պատերազմ է և մարտական գործողությունների ընթացքում լինում են տարբեր զորաշարժեր՝ և հարձակում, և նահանջ, և թևանցում, այսինքն` մշակված օպերացիաների ընթացքում կարող է և լինել նահանջի իմիտացիա, այդ իսկ պատճառով մենք չենք կարող ամեն ինչը բացել ու դնել բոլորի աչքի առաջ»:

Հաղորդավարի կոնկրետ հարցադրմանը, թե ճակատում բնագծի փոփոխություն եղե՞լ է, ճեղքում կ՞ա հակառակորդի կողմից, թե ոչ վերջինս պատասխանեց.

«Հարավային ուղղությամբ առաջ են եկել, բայց դա ֆիքսված չէ, գիծը ճկվում է, գիծը փոխվում է, մանյովր է կատարվում, բայց պաշտպանական գիծը պահպանվում է»:

Բացի սոցհարթակներում ինֆորմացիոն գիծը տանելը և ամենօրյա ուղիղ ճեպազրույցները լրագրողների հետ, Արծրուն Հովհաննիսյանը մի քանի անգամ մեծ հարցազրույցներ է տվել հայկական համապետական սփռում ունեցող հեռուստաալիքների, որոնցից ամենաուշագրավները Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագիրն է, որտեղ վերջինս հյուրն է եղել առնվազն երկու անգամ՝ մեկը նոյեմբերի 5-ին, մյուսը՝ նոյեմբերի 6-ին: Ըստ էության այդ հարցազրույցներում լսարանին փոխանցվող տեղեկատվությունը ոչնչով չի տարբերվում այն քարոզչական գծից, որը որդեգրել էր ՀՀ ՊՆ-ն լրատվության վարչությունը:

Իսկ նոյեմբերի 8-ի հարցազրույցում ասաց, թե «մարդկային այդպիսի կորուստներ մենք չենք կրում, որ դա լինի ներուժը սպառող պատերազմ: Բարեբախտաբար, պատերազմի առաջին 15 օրից հետո կորուստների ընդհանուր միջին վիճակագրությունը սկսել է ընկնել»: Մի՞թե նոյեմբերի 8-ին պատերազմական վիճակին առաջնագծից տեղյակ Հովհաննիսյանը չգիտեր զոհերի ահռելի քանակի մասին:

Խոսնակը նույն հաստատակամությամբ պնդում է, որ հայկական զինված ուժերը վճռականորեն հետ են շպրտում հակառակորդին և հավաստիացնում է, որ Շուշիի հարակից գյուղերում ու անտառներում շարունակվում են դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքները:

«Ինչպես ես տեղում՝ Շուշիում համոզվեցի, Ալիևը ներկայացնում է, որ իրենք հարձակվում են Շուշիի վրա: Միջազգային մամուլն են լցնում այդ ստերով, սեփական հանրությանն են կերակրում այդ ստերով, բայց ես այդպիսի պատերազմի ձև չգիտեմ, որ հարձակվողին փնտրես, գտնես, ոչնչացնես: Իրենք քսան հոգանոց խմբերով գալիս են, մենք գտնում ենք իրենց, խփում ենք, իրենք փախչում են: Դե մենք էլ ասում ենք, էդ օպերացիան, որ Գյոռբագյոռ ենք դրել անունը, էդ ձորակներում, անտառներում, թփուտներում, գյոռբյագյոռ է անում նրանցԷդ հարձակվողների վիճակը էնքան լավ չի: Խմբավորման էդ ծավալով, էդ քանակով, հարձակման էդ ձևով ու եղանակով քաղաք չեն գրավում: Խայտառակ վիճակ է: Բոլորի գրպանում մի դրոշ կա: Նպատակն է, որ մեկը մի անկյունից ներթափանցի Շուշի, դնի դրոշ, նկարեն ու տարածեն ու ասեն, թե քաղաքը գրավեցինք»,- պատմում էր Ա. Հովհաննիսյանը:

Հաղորդավարի հարցին, թե ինչ վիճակ է Լաչինում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, թե նորմալ է, մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով: Իսկ դրանից մեկ օր անց Արցախի նախագահը մայրաքաղաք Ստեփանակերտի դատարկված փողոցների վրա լուսանկար հրապարակեց, որից պարզ դարձավ, որ բնակչությունը տարհանվել է:

«Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա», -ավելի ուշ ի պատասխան լրագրողների հարցերին ասաց պարոն Հովհաննիսյանը:

Ահա ուսումնասիրելով Ա. Հովհաննիսյանի վարած «չորրորդ հարթության՝ տեղեկատվական հարթության մարտական գործողությունները» և ընդհանուր առմամբ, ինֆորմացիոն քաղաքականության ռազմավարությունը, որով առաջնորդվեցին Հայաստանն ու Արցախը պատերազմի ընթացքում, կարող ենք տալ հետևյալ գնահատականը.

Ա. Ժամանակաշրջանում, որում ապրում ենք մենք, տեղեկատվական հարթությունը չունի սահմաններ և պատկերավոր ասած անհնար է այդ հարթության վրա կանգնեցնել սահմանապահներ, որոնք կարգելեն այլ հարթություններից ներթափանցող ինֆորմացիոն հոսքերը: Տեղեկատվական պատերազմում և քարոզչական ու հակաքարոզչական ռազմավարության մեջ կարևոր է տեղեկության թերի կամ այլափոխված մատուցումը, այլ ոչ թե դրանց բացարձակ սահմանափակումը: Խիստ անհրաժեշտություն է նաև վհատեցնող ճշմարտության ու ոգևորիչ չճշմարտության հավասարակշռումը, որը չի կոտրի լսարանի ոգին, բայց և զգոն կպահի պատերազմող հանրությանը:

Բ. Նոր սերնդի ինֆորմացիոն հակամարտություններում պետք է հաշվի նստել ինտերնետի գոյության հետ և չհենվել միայն պաշտոնական մարմինների տեղեկագրերի վրա՝ ներգրավվելով լրատվամիջոցներին, ինչը կստեղծի ճկուն տեղեկատվական համակարգ, որտեղ պաշտոնական լրահոսն ու լրատվական ծառայությունները, մամուլը կհամագործակցեն սինխրոնիզացված և լսարանին կմատուցեն անհրաժեշտ քանակի և որակի տեղեկատվություն: Հայկական մամուլը, ցավոք, պատերազմի օրերին ամենավերջին պլանում էր՝ տեղեկատվական քաղաքականության մեջ մասնակցության առումով:

Գ. Չպետք է կոծկել իրական տեղեկատվությունը մինչև վերջ, քանզի այդ պահը գալու է և, եթե Աստված մի արասցե, դու պարտվես, ապա իրականության պարզումը լսարանին դեպրեսիվ շոկի է բերելու, ինչը փշուր-փշուր է անելու պաշտոնական լրատվության հանդեպ վստահության պաշարը: Իսկ այդ վստահությունը վերականգնելը դժվար և երկարատև գործընթաց է:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031