«Ձեզանից մինչեւ այսօր վախենում են։ Դուք դա լավ գիտեք։ Ես սյունեցի եմ, ես էլ գիտեմ»,- ԱԺ լիագումար նիստում «Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին այսօր ասաց ՔՊ պատգամավոր Մարինա Ղազարյանը՝ պնդելով, որ երբ Հակոբյանը պաշտոնի է եղել, կադրային ջարդ է արել, վախի մթնոլորտում պահել ենթականերին։
«Հիմա չկա նման բան, բայց առաջ վախենում էին ձեզանից։ Ընտրությունների արդյունքում դուք տեսաք, որ Սյունիքը ձեզ ձայն չի տվել, որովհետեւ էլ չեն վախենում ձեզանից, բայց 2014թ․-ից դուք ջարդեր եք արել։ Ես կրթության մարդ եմ, գիտեմ, թե ում նկատմամբ եք դուք դա արել։ Մի հերքեք։ Դուք գիտեք, որ ձեր թիկնապահները ծեծել են երեխայի, որը դուրս էր եկել հանրահավաքի։ Տեսանյութ կա եւ ձայնագրություն, որոնք կտրվեն ԱԱԾ-ին, եթե չեն տրվել»,-նշեց տիկին Ղազարյանը։
Վահե Հակոբյանն արձագանքեց․ «Դուք շարունակում եք ձեր գործընկերների պես վերարտադրել դեղին մամուլի ասածները։ Ամբողջությամբ անհեթեթություն է։ Ես կադրային ջարդ չեմ արել մարզպետ եղած ժամանակ։ Ինչ վերաբերում է Սյունիքին, մեր դաշինքը ամենաշատ ձայներն է հավաքել, իսկ Քաջարանը միակ քաղաքն է, որտեղ ՔՊ-ն պարտվել է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ