Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցրել եմ ՏԿԵ նախարարի՝ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալի շուրջ 2 տարվա պարտականություններս․ Լիլյա Շուշանյան

Սեպտեմբեր 05,2021 18:26

ՏԿԵ նախարարի՝ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալ Լիլյա Շուշանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի գործընկերներ, քաղաքացիներ,

Հայտնում եմ, որ դիմումիս համաձայն դադարեցրել եմ ՏԿԵ նախարարի՝ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալի շուրջ 2 տարվա պարտականություններս։

Առաջնորդվել եմ այն գործելաոճով, որ ամեն օր ի հայտ եկող խնդիրներին (400 թույլտվությունների դեպքում դրանք բազմապիսին էին, հաճախ նաև մեր անմիջական իրավասություններից դուրս՝ ձուլարանի փակումից մինչ հանքի վերագործարկում, վթարներից մինչ գործադուլներ և այլն) պրակտիկ լուծումներ տալուց բացի զուգահեռ ինքներս մեզ պետք է ստիպեինք դառնալ դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ որպես քաղաքականություն մշակող մարմին։ Որքան էլ այսօրեական հարցերի կարգավորումը էական էր երկրի և տնտեսության բնականոն կյանքի համար, այդուհանդերձ, միայն ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով է հնարավոր ստեղծել արդյունավետ աշխատող համակարգեր, որոնք կախվածության մեջ չեն լինի անձերից:

Ուստի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների խիստ սղության պայմաններում (ողջ պետական համակարգում միայն 2 տասնյակ անձնակազմ և պետբյուջեից 0-ական հատկացում) այս 2 տարվա ընթացքում կարողացել ենք բացի մեծաթիվ ընթացիկ գործերից (առկա իրավունքների մոնիթորինգ, նոր դիմումների փորձաքննություններ, պաշարների փորձաքննություն, պետական շահերի պաշտպանությանն ուղղված աննախադեպ թվով դատական գործեր, զգուշացումներ, պաշարների բալանսի վարում և այլն) իրականացնել լրացուցիչ նախաձեռնություններ, որոնց գերակշիռ մասը պլանավորված չի եղել ծրագրով կամ կատարողականներով։

Ոլորտի խնդիրների սպեցիֆիկ բնույթից և խրթին լեզվից ելնելով՝ սովորաբար չենք ներկայացրել իրավակարգավորումների, միջազգային հարթակներում կամ երկրաբանական հարցերի ուղղությամբ արված աշխատանքները, սակայն այսօր լրացուցիչ այդ ծանրաբեռնվածությունը կրելու համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ փոքրաթիվ և սրտացավ անձնակազմին։

Նախաձեռնությունների արդյունքում ոլորտը դարձել է թափանցիկ ու հասանելի յուրաքանչյուր քաղաքացու (ընդերքօգտագործման պայամանագրերը, ըստ իրավունքների՝ հիմնական տվյալները, հարկային և այլ վճարումները), Հայաստանում առաջին անգամ ներդրվել և տարեցտարի զարգանում է իրական սեփականատերերի հայտարարագրման համակարգը, լրամշակվել են եղած (բնապահպանական), ինչպես նաև նախաձեռնվել են պետբյուջեից համայնքներին կատարվող ֆինանսական մասհանման նոր համակարգեր (ռոյալթի հարկից), մետատվյալների մշակման համար խմբավորվում և վերլուծվում են պետության ունեցած երկրաբանական տվյալները, մշակվել և ներդրվում են ըստ օգտակար հանածոների հրահանգները և մեթոդական ցուցումները, մետաղական հանքերի համար պարտադիր է դարձել ջրի շրջանառու համակարգի կիրառումը, չոր պոչերի տեխնոլոգիյաի կիրառումը, արգելվել է նոր վերընթաց պոչամբարների կառուցումը, հստակեցվել են տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում սանկցիաների կիրառման հիմքերը, Հայաստանը ոչ միայն միացել է միջազգային նոր կառույցներին, այլև արժանացել միջազգային «փորձաքննությունների» արդյունքում արժանացած հնարավոր բարձրագույն գնահատականների՝ որպես օրինակելի երկիր մյուսների համար։
Պակաս կարևոր չէին նաև ոլորտին առնչվող մի շարք նախաձեռնությունների հանդեպ հիմնավորված բացասական մոտեցում ձևավորելու կոնսեսուսին հասնելու ջանքերը։

Բացերի, գերատեսչական, միջազգային, նեղ խմբային ու այլ միմյանց հակասող բազում շահերի, մասնագիտական և այլ ճնշումների այս դաշտում արդեն վարչարարության մեջ խիզախորեն առաջնորդվել ենք օրենքի առջև բոլորի հավասարության կիրառման սկզբունքով, ինչի արդյունքում ձեռք ենք բերել ամենակարևոր արդյունքը՝ ԲՈԼՈՐԸ ԶԳԱՑԵԼ, ԳԻՏԱԿՑԵԼ ԵՎ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀԱՇՎԻ ԵՆ ՆՍՏԵԼ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ։ Լիահույս եմ, որ այս գործելաոճը կշարունակվի հետայսու ևս։

Այս 2 տարիներից մեկը բաժին ընկավ համավարակի ու պատերազմի ծանրագույն տարին, երբ կենսական խնդիր էր դրվել հանքերի անկանգառ, բայց և անվտանգ շահագործումը։ Այս նպատակով մշակվեցին համավարակի ընթացքում ընդերքօգտագործողների աշխատանքի կանոնները, լուծվեցին օպերատիվ հարցեր։ Երախտիքս եմ հայտնում հանքարդյունահանող ընկերություններին հատկապես պատերազմի ընթացքում գործադրած ջանքերի ու համագործակցության համար, երբ վերոնշյալ խնդիրը պետք է ապահովվեր անձնակազմի մեծ մասի մարտադաշտ մեկնելու, տեխնիկայի կցագրումների, հումքի մատակարարման խնդիրների պարագայում, ինչին անձամբ հետևել եմ տեղում քննարկելով նաև անվտանգության, ապաստարանների և այլ հարցեր։

Ոլորտում պատերազմի հետևանքով մեծագույն կորուստը եղավ Սոթքի հանքավայրի իրավիճակը։ Պարտքս եմ համարել այս հարցի շուրջ շարունակել աշխատանքս այս ամիսներին ամենօրյա կտրվածքով՝ հանքավայրի շահագործումն ապահովելու, անհրաժեշտ օպերատիվ լուծումներ տալու նպատակով։ Ամենակարևորը՝լուծումները մշակվել և տրվել են ՀՀ շահերը հետագայում հնարավորինս ամուր պաշտպանված լինելու ձևով։

Շնորհակալ եմ նաև ակադեմիայի ներկայացուցիչներին, ոլորտի անկախ մասնագետներին, քաղաքացիական հասարակության կառուցողական հատվածին։

Ապագայի համար՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ այս երկու տարվա ընթացքում իրականացվել են հիմնաարար վերլուծություններ, որոնց հիման վրա վերհանվել են ոլորտային գլխավոր խնդիրները, ձևակերպվել պատասխանատու հանքարդյունաբերության տեսլական և մեկնարկվել ռազմավարության մշակման աշխատանքները։

Հանքարդյունաբերությունը գնահատող և սիրող՝ Ձեր Շուշանյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930