Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմտյան Հայաստանում 100 տարի է՝ հոշոտվում է մեր մշակույթը». Րաֆֆի Քորթոշյան

Սեպտեմբեր 14,2021 13:51

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը «Տեսակետ» ակումբում ներկայացրեց ՀՃՈւ հիմնադրամի «Վարձք» հանդեսի 15-րդ համարը եւ իր հեղինակած «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» պատկերազարդ գրքույկը: Նա նշեց, որ «Վարձքի» հերթական համարում տեղ են գտել մի շարք հետաքրքիր հոդվածներ, դրանցից առաջինը նվիրված է Արմեն Հախնազարյանի 80-ամյակին :

«Արմեն Հախնազարյանը մեր հիմնադրամի հիմնադիր տնօրենն է, առաջին հայ մարդն է, որը Ցեղասպանությունից հետո` 60-ական թվականներից սկսած Արեւմտյան Հայաստան է այցելել եւ համակարգված ուսումնասիրություն սկսել ավերվող հայկական հուշարձանների վերաբերյալ: Երկար տարիներ այդ գործը կատարելուց հետո նաեւ հիմնադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը»,-նշեց Րաֆֆի Քորթոշյանը: Ինչ վերաբերում է երկրորդ հոդվածին, այն էլ նվիրված է ՀՃՈւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի տնօրեն եւ նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին: Այս հոդվածում մի շարք ուշագրավ փաստեր կան: Երրորդ հոդվածի հեղինակը Րաֆֆի Քորթոշյանն է:

«Գաղտնիք չէ, որ Արեւմտյան Հայաստանում արդեն 100 տարի է հոշոտվում է մեր մշակույթը, ավերվում է, ոչնչացվում է, անգամ մնացած փշրանքներն են այսօր հոշոտվում` թե գանձախույզների, թե պետական մարմինների կողմից: Այս թեմայով ոչ թե մեկ հոդված, այլ հոդվածաշար է լինելու:

Ավելի քանի 15 տարի, երբ շփվում ենք տարբեր մարդկանց հետ, որոնք զբաղված են գանձախուզությամբ եւ նման այլ գործունեությամբ, նրանք մեզ ուղարկում են տարբեր լուսանկարներ, որոնցում առկա են լինում վանդալիզմի հետեւանքով հայտնաբերված իրեր, արձանագրություններ, տապանաքարեր: Հենց այդ մասունքները ենք ներկայացնում մեր հանդեսում: Նույնիսկ թագավորական մատանիների վրա արձանագրություններ կան, դպրոցներից գողացված կնիքներ, որոնց լուսանկարները մեզ են հասել: Այդ դպրոցներն ավերվել են ցեղասպանությունից հետո»,-հավելեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենը:

Նա մի օրինակ բերեց` նշելով, որ «Վարձքի» նոր համարում Երզնկայի գյուղերից մեկի դպրոցի հայտնաբերված կնիքն են տպագրել, որի վրա հիմնադրման` 1913 թվականն է նշված, իսկ պատմության մեջ դպրոցի հիմնադրման տարեթիվը մինչ այդ հայտնի չի եղել:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930