Լրահոս
Օրվա լրահոսը

Կոկտեյլներ «Բելինի» եւ «Միմոզա» (տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2021 13:32

Փրփրուն գինիների հիմքով այս կոկտեյլները շատ նման եղանակով են պատրաստվում: Երկուսն էլ համարվում են «ցերեկային», «բրանչի» կոկտեյլներ, մատուցվում են տոնական սեղաններին, հարսանիքների, բացօթյա ֆուրշեթների ժամանակ: «Բելինին» օրիգինալ տարբերակում պատրաստվում է իտալական փրփրուն գինու՝ պրոսեկոյի հիմքով, իսկ «Միմոզան» ֆրանսիական շամպայնի: Սակայն երկու դեպքում էլ կարելի է վերցնել ցանկացած չոր փրփրուն գինի՝ ֆրանսիական շամպայն, իտալական պրոսեկո, իսպանական կավա, կամ որեւէ այլ փրփրուն գինի: Ես պատրաստում եմ հայկական չոր փրփրուն գինիով, շատ համեղ է ստացվում:

Անհրաժեշտ մթերքները

Բելինիի համար՝ 

1 շիշ փրփրուն գինի

3 խոշոր սպիտակ դեղձ

5-6 հատիկ ելակ կամ ազնվամորի

կամ

կես կիտրոնի հյութ եւ 3 ճաշի գդալ շաքարավազ

Միմոզայի համար

1 շիշ փրփրուն գինի

750 մլ թարմ քամած նարնջի հյութ (եթե թարմ քամած չունեք, ինչ արած, կարող եք վերցնել նարնջի պատրաստի հյութ)

Պատրաստման եղանակը

Միմոզան պատրաստելը շատ հեշտ է: Շամպայնի երկար եւ նեղ բաժակի մեջ լցնում եք նարնջի հյութ՝ ուղիղ կեսով չափ, եւ մնացած կեսն ավելացնում եք շատ սառը շամպայնը:

Բելլինին պատրաստելու համար նախ պետք է պատրաստել դեղձի պյուրե: Ըստ օրիգինալ բաղադրատոմսի՝ պետք է վերցնել միայն սպիտակ դեղձ: Ինչպես նաեւ՝ մի քանի հատիկ ելակ կամ ազնվամորի՝ նուրբ վարդագույն պյուրե ստանալու համար: Սակայն հիմա շատ հաճախ վերցնում են դեղին, բայց՝ ջրալի դեղձ, եւ հետն ավելացնում կիտրոնի հյութ ու շաքարավազ: Այս դեպքում կոկտեյլը ոչ թե նուրբ վարդագույն, այլ ավելի դեղնավուն երանգ է ունենում:

Հարկավոր է լավ հասած դեղձը լավ լվանալ, կեղեւահան անել, մանր կտրատել եւ լցնել կոտորակիչի՝ բլենդերի մեջ, ավելացնելով կամ հատապտուղը կամ կիտրոնի հյութն ու շաքարավազը: Երկու դեպքում էլ հարկավոր է ավելացնել 2-3 ճաշի գդալ ջուր, որպեսզի դեղձը կարողանա պյուրե դառնալ:

Երբ պյուրեն պատրաստ լինի, շամպայնի կամ սպիտակ գինու երկարավուն բաժակի մեջ լցնում եք մի քանի գդալ պյուրե, եւ ավելացնում շատ սառը փրփրուն գինին: Կարող եք բաժակը զարդարել դեղձի կտորով:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031