Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընդդիմությունը նպատակ դնի իշխանափոխություն անել, ոչ թե իշխանության գալ՝ կստացվի. Սերժ Սարգսյանը քար նետեց Ռոբերտ Քոչարյանի կողմը

Հոկտեմբեր 03,2021 20:51 Share

«Ես հիշում եմ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում մի հանդիպում այնտեղ հավաքված երիտասարդների հետ, երբ դեռ պոպուլիզմը Հայաստանում չկար, եւ ես շատ հանգիստ փորձում էի մարդկանց բացատրել, որ պոպուլիզմը հատկապես կործանարար է այն երկրների համար, որոնք ունեն անվտանգության խնդիրներ, որոնք դեռևս չունեն շատ հստակ կայացած պետական կառույցներ: Ասածս ինչ է, որ մենք երբեք պոպուլիստ չենք եղել, եւ ես չեմ  կարծում, որ մենք այսօր պետք է պոպուլիստական հայտարարություններ անենք, որովհետեւ Հայաստանի զարգացումը, ավելին ասեմ` ժողովրդավարությունը հակացուցված է էսօրվա իշխանություններին: Մեր պայքարը պետք է լինի, ոչ թե մարդկանց մեր կողմը գրավել, այլ մեր պայքարը պետք է լինի` ինչքան շուտ եւ ինչպես ենք կարողանում սրան հեռացնել»,- «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» թեմայով համաժողովի «Հետպատերազմյան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» պանելային քննարկման հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ տեւական ժամանակ ինքն ասում է՝ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը իրենց առջեւ միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն, այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության. «Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել, անկեղծ եմ ասում: Միգուցե սա ոգեւորիչ չի մեր հատկապես երիտասարդ կուսակցականների համար, բայց մեր երկրի շահը սրանից է բխում: Ես շատ ուրախ կլինեի, որ մեր ստացած տոկոսը երկու անգամ ավելի քիչ լիներ, բայց այլ ընդդիմադիրներ ավելի շատ տանեին, բայց մենք չունենայինք այսպիսի կառավարություն: Այ մեր մտածելակերպը այդպիսին պետք է լինի: Իսկ թե ինչպե՞ս դա անել՝ դրա համար էլ այսօր հավաքվել ենք այստեղ»:

Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ ՀՀԿ-ն առաջիկայում համագումար կանի, որի ժամանակ կթարմացվեն թե կուսակցության ղեկավար կազմը, թե շարքերը:

«Ավելի լավ է` մենք լինենք 1000 հոգի, բայց հասկանանք, որ 1000 մարտական մարդ կա, յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր հետեւում  999 մարտականորեն տրամադրված մարդ կա, քան լինենք 20 հազար եւ 200-300 հոգի այդպես մտածեն: Սա է հաղթանակի հասնելու ճանապարհը եւ ոչ թե առավոտից իրիկուն ժողովրդին ինչ-որ բաներ բացատրելը: Սկզբից մենք ինքներս մեզ պիտի բացատրենք, մենք պիտի համոզված լինենք, մենք պիտի պատրաստ լինենք, այլ դրանից հետո արդեն մտածենք մեր շարքերը դարձնենք 100-ավոր հազարներ»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031