Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «ԶՈՒ ԳՇ պետին ես առաջիկայում կանդրադառնամ տարբեր առիթներով»

Հոկտեմբեր 18,2021 21:33

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դեռ սեպտեմբերի 22-ին գրավոր դիմել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին որպես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված այցելելու եւ տիրող իրավիճակին ծանոթանալու թույլտվություն ստանալու համար: Սակայն ԳՇ պետ Արտակ Դավթյանը օրենքի խախտումով չի պատասխանել գրությանը:

«Սա շատ ավելի խորքային պատճառներ է առաջ բերում: Պետք է արձանագրենք, որ սահմանային այն հատվածը, որտեղ ես փորձում եմ որոշակի դիտարկումներ իրականացնել, այն հատվածն է, որը մայիսի 12-ից հետո ադրբեջանական զորքերի կողմից ըստ էության բռնազավթվել է եւ նույնիսկ պաշտոնական տեղեկություններով մինչեւ 3,8 խորությամբ ադրբեջանական ներխուժման փաստ ունենք:

Կա նաեւ երկրորդ կողմը, երբ ադրբեջանական զորքերը տարբեր ուղղություններով ներխուժում են ապահովել ՀՀ տարածք եւ բնական է, միայն դրանից հետո Հայաստանի զինված ուժերը այդ հատվածում ուժեր են տեղակայել, որոնք պետք է ապահովեն սահմանային այդ հատվածի պահպանությունը, պաշտպանությունը, եւ ըստ անհրաժեշտության, նաեւ շարժվեն նախապես պլանավորված այն պլանային գործողություններով, որոնք նախատեսված են տարբեր իրավիճակների համար: Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմեռը մոտենում է, իսկ այդ հատվածներում, որոնք բարձրադիր են, արդեն իսկ ձմեռային սեզոնը սկսված է, իմ համար կարեւոր նշանակություն ունի հասկանալ, թե այդ հատվածներում ինչպիսի պաշտպանական համակարգեր են ստեղծված, արդյո՞ք, զինված ուժերը հնարավորություն ունի ինչպես էֆեկտիվ մարտական հերթապահություն իրականացնելու, այնպես էլ՝ ըստ անհրաժեշտության պաշտպանական գործողություններ իրականացնելու համար: Եվ երրորդ, կա մի կարեւոր հանգամանք, որը վերջին գրությանս մեջ արտացոլված չէր, հետեւյալն է. փաստացի մայիս ամսին թույլատրվել է ադրբեջանական զորքերի ներխուժումը ՀՀ տարածք եւ մինչեւ այսօր որեւէ մեկը ռազմաքաղաքական ղեկավարությունից դրա համար որեւէ պատասխանատվություն չի կրել: Այս բացը մնում է եւ ինքնին բերում է նոր եզրահանգումների, որ կար կամ պայմանավորվածություն այդ տարածքները հանձնելու, կամ հանցագործություն է տեղի ունեցել եւ բավականին մեծ հատված պաշտպանության տակ չի առնվել:

Այդ հատվածներում Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր հայելային հետքաշումներ իրականացնել: Ադրբեջանական կողմը ոչ միայն հետքաշում չի իրականացնում, այլ այդ հատվածներում բավականին ամրանում է: Ես ինքս Քաշաթաղի հատվածում՝ Բերձոր քաղաքում, ականատես եմ եղել, թե բեռնատարներով ինչ ծավալների բեռնափոխադրումներ է իրականացվում դեպի Քաշաթաղի հյուսիսային հատված, որն այս պահին օկուպացված է ադրբեջանական կողմից: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը որեւէ մտադրություն չունի հետքայլ կատարելու»:

Պատգամավորը նաեւ ասաց, որ կան բազմաթիվ տեղեեկություններ, որոնք ամենատարբեր աղբյուրներով իրեն են փոխանցվում եւ որոնց մասին ինքը խոսում է իր ունեցած տեղեկությունների 5%-ի ծավալով: «Մի մասը անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չեմ համարում այս պահին հրապարակել: Բայց հույս ունեմ, որ իշխանությունները իմ պարկեշտությունից չեն օգտվի եւ իրենց այսպիսի լկտի ձեւով չեն պահի: ԶՈՒ ԳՇ պետին ես առաջիկայում կանդրադառնամ տարբեր առիթներով: Փորձում եմ հույս պահել, որ նրա պատասխանը ինձ չի ուղղվել տեխնիկական պատճառներով, թեեւ չեմ կարծում, թե դա տեխնիկական բնույթ ունի, բայց, այնուամենայնիվ, իմ պատկերացրած բառերի շրջանակներում որակումներ չեմ տալիս, որովհետեւ ժամանակ եմ տվել, եւ իմ խնդիրը իրականում ոչ թե ինչ-որ մեկին անվանարկելն է կամ քննադատության ենթարկելը, այլ իմ խնդիրը եղած պրոբլեմների լուծումն է»,-ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031