Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին հանձնված՝ Լեռնային Ղարաբաղի շրջաններում տեղի է ունենում բնակչության դավանաբանական կազմի փոփոխություն»

Նոյեմբեր 15,2021 14:30

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանը:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւի այն հայտարարությունը, թե չնայած որ ստորագրվել է խաղաղության համաձայնագիր, եւ Լեռնային Ղարաբաղի հիմնական մասն անցել է Ադրբեջանին, դրա մի մասը շարունակում է ղեկավարվել ՀՀ-ի կողմից, բայց ժամանակավորապես:

– Միտրոպոլիտ Իլարիոնն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից օգտագործվող եւս մեկ գործիք է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Այսօր խնդիր է դրված իրագործել բրիտանական մի նախագիծ Թուրքիայում, Ռուսաստանում եւ Հայաստանում իրենց ազդեցության տակ գտնվող գործակալների միջոցով: Դրա համար անհրաժեշտ է կոտրել մեր ժողովրդի՝ դիմադրելու կամքը: Դրան հասնելու համար ամենակարճ ճանապարհը մեր հույսն ու հոգեւոր արժեքները ոչնչացնելն է: Դա է պատճառը, որ Իլարիոնն ասում է, որ ՀՀ-ի՝ Արցախի նկատմամբ վերահսկողությունը ժամանակավոր է, նա բարձրաձայնեց ծրագիրը, իր ընկերներին, տերերին կամ կուրատորներին ազդանշան ուղարկեց ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարության հրամանով: Նա խոսեց այն մասին, թե Մոսկվայում ինչ որոշում են կայացրել, միեւնույն ժամանակ ՀՀ իշխանություններին ազդանշան տվեց, որ եկել է դա իրագործելու ժամանակը: Այս պահին Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք հանձնվել են Ադրբեջանին նոյեմբերի 9-ի համաձայնագրով, տեղի է ունենում բնակչության դավանաբանական կազմի փոփոխություն:

– Ինչպե՞ս կգնահատեք այն, որ այս հայտարարության հետ կապված, մասնավորապես ժամանակավորապես ձեւակերպման առումով, ՀՀ ո՛չ կրոնական, ո՛չ քաղաքական ղեկավարության կողմից արձագանք չեղավ:

– Հայաստանը՝ ի դեմս այս իշխանությունների, դադարել է դիմադրել, քանի որ նրանք համատեղ իրականացնում են Հայաստանը ոչնչացնելու նախագիծ, ոչինչ ի վիճակի չեն ասել, նրանց կամքը ճնշված է։ Նրանց տեղեկացվածության մակարդակը ցածր է։ Այսպիսին է պետության ողջ համակարգի վիճակը՝ ՊՆ, ԳՇ, կառավարություն, խորհրդարան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը: Ամենատարօրինակը մեր եկեղեցու՝ ի դեմս կաթողիկոս Գարեգին Բ-ի լռությունն է: Հայկական վանքեր (Դադիվանք եւ այլն) եւ տաճարներ այցելությունների ժամանակ Ադրբեջանի ուդի համայնքի ներկայացուցիչները աստվածային ծառայություններ մատուցելու հետ մեկտեղ գնահատում են այդ կրոնական կոթողներն իրենց համայնքների սեփականությանը հանձնելու հնարավորությունը։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանի առնվազն 35 եկեղեցու մասին է։

– Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի վարչակազմի քարտուղար արխիմանդրիտ Ալեքսեյ Նիկոնորովը հայտարարել է, թե կովկասյան տարածաշրջանում գործող հնագույն եկեղեցիները ալբանական են եւ նշել, թե իբր ժամանակին տարբեր ճնշումների ներքո ալբանական եկեղեցին՝ որպես գործընկեր, ընտրել է հայկական եկեղեցուն, ինչի պատճառով էլ վերացել է տարիների ընթացքում: Այս հայտարարություններին եւս ՀՀ կրոնական ղեկավարության կողմից արձագանք չեղավ: Նման հայտարարությունները եւ դրանք անարձագանք թողնելն ի՞նչ վտանգներ ունի:

– Արխիմանդրիտ Ալեքսեյը ռուս ուղղափառ եկեղեցու՝ մեր հոգեւորականությունը վերցնելու ծրագրի շարունակությունն է: Ոչ մի նոր բան: Նրանց առաքելությունն է աշխարհին համոզել, որ հայկական եկեղեցիներ գոյություն չունեն եւ մտահոգվելու ոչինչ չկա, քանի որ այդ ամենը հայերը հորինել են: Նրանք ցանկանում են արցախցու հավատը կոտրել, ոչնչացնել ոգին, նրանց դարձնել այնպիսի մարդիկ, որոնք կեղծ պատկերացումներ ունեն Արցախի եւ ընդհանրապես հայերի խորը պատմական, հոգեւոր, կրոնական ու քաղաքակրթական դերի մասին: Ադրբեջանի ալբանա-ուդի քրիստոնեական համայնքի նախագահ Ռոբերտ Բագրատովիչ Մոբիլին ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի կրոնական տարածքի հայաթափման գործընթացին, ըստ նրանց ծրագրի՝ նախապատրաստում է Ուդի Ալբանական (Կովկասյան) առաքելական ինքնավար եկեղեցու ստեղծումը։ Ուդի համայնքի գործողությունները աջակցություն են ստացել Կոստանդնուպոլսի պատրիարքից, որը քննարկում է նոր ինքնավար եկեղեցու հնարավոր ճանաչման հարցը։

– Արխիմանդրիտ Ալեքսեյ Նիկոնորովը նաեւ հայտարարել է, թե մեր հարեւանները ապրում են ծովից ծով Հայաստանի միֆերով, իսկ միֆերով ապրող երկրները դատապարտված են վերացման: Ի՞նչ ենթատեքստ ունի նրա հայտարարությունը:

– Նման քայլերը ցույց են տալիս, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի միջազգային քաղաքականությունը գտնվում է նախագահ Էրդողանի վերահսկողության ներքո եւ հետեւում է Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու՝ Թուրքիայի քաղաքական ծրագրերին: Պատրիարքը հետապնդում է նաեւ իր սեփական նպատակները, այն է՝ Կոստանդնուպոլսի եկեղեցին դարձնել համընդհանուր եւ միջուղղափառ հարաբերություններում իր գերագույն դատավորի դերն ամրապնդել։ Ալեքսեյ վարդապետն Ադրբեջանի տարածքում այս գծի առաջ մղողն է: Նա այդպես ոչ միայն խախտում է տեղական եկեղեցիների կանոնական սահմանները, այլեւ անտեսում նրանց պատմական ավանդույթներն ու հոգեւոր կապերը։ Նրա աջակցությունը Ադրբեջանի ուդիների նախաձեռնությանը ներքաշում է նրան շատ ռիսկային խաղի մեջ, քանի որ այն ուղղված է ոտնահարելու Հայ առաքելական եկեղեցու շահերը եւ հարվածում է բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի շահերին, որը շատ ազդեցիկ է աշխարհում։ Մի՞թե ռուս ուղղափառ եկեղեցին հաճույք է ստանում, երբ նույն սեղանի շուրջ է նստեցնում կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ անցյալ դարի 80-ականներին ԱԱԾ գեներալ Հ. Ալիեւի պնդմամբ ստեղծված «Շեյխ Ալ Իսլամ»-ի Ալա Շուքյուր Շաշազադեին: Արդյոք 1836 թվականի «Կանոնագրությունը» վերաբերում է նաեւ նրա՞ն։

Եվ հատուկ շնորհակալություն միտրոպոլիտ Իլարիոնին՝ «Մոսկվա-երրորդ Հռոմ» դիրքորոշման անկեղծ եւ ազնիվ ներկայացման համար, ինչն ուղղված է արեւելյան չորս հնագույն եկեղեցիներից մեկի եւ նրա հոտի նվաստացմանը:
Աստված ամեն ինչ տեսնում է…

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930