Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին. Կինոաշխարհ

Նոյեմբեր 22,2021 16:58

Kinoashkharh. Նստելով Փարիզից Ամստերդամ տանող արագընթաց գնացքը, մեխանիկորեն բացեցի հեռախոսիս եղանակի հավելվածը։ Նոյեմբերի 19-ին Ամստերդամում խոստանում էին անձրևոտ եղանակ։

-Զարմանալի չէ, մենք արևոտ օրեր շատ չենք ունենում,-ասաց կայարանի մոտ ինձ սպասող կապուտաչյա և սիրալիր հոլանդացի տաքսու վարորդը և հավելեց՝ դե, բայց փոխարենը մենք ունենք IDFA։

Այո՛, Ամստերդամը կարող է հպարտ լինել, քանի որ սկսած 1988 թվականից այստեղ անցկացվում է Դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնը՝ IDFA-ն (The International Documentary Film Festival Amsterdam)։ Բացի միջազգային կինոծրագրերից, ժանրերի բազմազանությունից և ամեն տարի ցուցադրվող բազմաթիվ եվրոպական ու համաշխարհային պրեմիերաներից, փառատոնը իրականացնում է նաև բազմազան բանավեճեր, ֆորումներ և վարպետաց դասեր:

IDFA-ի ֆիլմերը ցուցադրվում են Ամստերդամի մի քանի կինոթատրոններում, բայց առաջին հերթին՝ պատմական Տուշինսկի կինոթատրոնում։ Հարյուր տարի առաջ Աբրահամ Տուշինսկու ջանքերով հիմնադրված (Արտ Դեկո ոճով կառուցված) այս կինոթատրոնում է, որ հանձնվում են փառատոնի մրցանակները։ Դրանց թվում է «Life achievement award» («Սսեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա մրցանակը՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

2021 թվականին՝ «Life achievement award»-ը գնալու է Հայաստան՝ ուղիղ Արտավազդ Փելեշյանի աշխատասենյակ։ Նոյեմբերի 19-ի երեկոյան, Տուշինսկի կինոթատրոնի սրահում՝ փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսեց Փելեշյանի, կինոյի պատմության մեջ՝ վավերագրական կինոյի պոետի ֆիլմերի կարևորության մասին։

Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չկարողացավ։ Վարպետի փոխարեն այն ստանալու էին եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։

«Բնություն» ֆիլմը հանրությանը ներկայացրեց Փելեշյանի կինոյի մեծ երկրպագու, հայտնի երգչուհի եւ գրող Փաթի Սմիթը, որը հատուկ այդ նպատակով Նյու Յորքից ժամանել էր Ամստերդամ։ Նա ընթերցեց Արտավազդ Փելեշյանին նվիրված իր աննկարգրելի խորը և նուրբ բանաստեղծությունը, որը սահուն վերածվեց ակապելլայի։ Փաթի Սմիթը ֆիլմի մասին ասաց՝ «Դա կործանարար գեղեցիկ» է։

Բոլոր խոսքերից հետո եկավ ժամանակը լռության և այդքան սպասված «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը։ Մեկ ժամ մի քանի րոպե տևող այս ֆիլմը հերթական անգամ հուզեց հանդիսատեսին, սարսափեցրեց, բայց և թողեց հույս, որ չնայած կյանքի սարսափելի էջերին, անարդարության և անհավասար ուժերին, կուտակված ամպերը մի օր կբացվեն՝ զիջելով մոխրագույնը՝ արևին։

Լիլիթ ՍՈԽԱԿՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930