Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական պատկերասրահներում ցուցադրվող հայ լուսանկարչի գործը «Vogue Italia»-ի կողմից համեմատվել է հռչակավոր ֆիլմերի որոշ կադրերի հետ

Դեկտեմբեր 02,2021 13:00

«Առավոտին» լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի անունը «հուշեց» gallerysakura.com ֆրանսիական կայքը, որտեղ տեղադրված է հայաստանցի արվեստագետի «On the beach» («Ծովափին») աշխատանքը։

Տեղեկացնենք, որ Gallery Sakura-ն Արեւմուտքում հեղինակավոր պատկերասրահներից մեկն է։ Եվ քանի որ Եվրոպայի նման սրահներում հազվադեպ են ցուցադրվում հայ լուսանկարիչների գործեր, սկզբում փորձեցինք լուսանկարչի մասին տեղեկություններ հավաքել որոշ արվեստագետներից։

Մեր զրուցակիցներից շատերը, ընդ որում՝ նորաձեւության ոլորտը ներկայացնող, հավաստիացրին, որ Գագիկ Հարությունյանը իր լուման ունի Հայաստանում նորաձեւության եւ գեղեցկության առաջատար տների հաջողության մեջ՝ ստեղծել է կերպարներ, պատկերներ «Nikolyan Fashion», «Harmony Yerevan», «Shadoyan Fashion», «Kivera Naynomis», «Oriflame Armenia» ապրանքանիշների համար, համագործակցել է մեր ճանաչված մոդելների, դերասանների, երգչուհիների, մի խոսքով՝ արտիստների հետ, իսկ լուսանկարչի գործերից մեկը՝ «Պողոտա», «Vogue Italia» խմբագրության կողմից համեմատվել է հռչակավոր ֆիլմերի՝ «Blade Runner»-ի, «Brazili»-ի, «Metropolis»-ի, «Fuga da New York»-ի որոշ կադրերի հետ։


Ներկայացնելով լուսանկարչին, բոլորը հատուկ նշում էին, որ արվեստագետը՝ լինելով մասնագիտությամբ ինժեներ, աշխատում է երաժշտության ուղեկցությամբ, հիանալի դաշնամուր է նվագում եւ էլի մի քանի գործիք։

Մեզ հետ հանդիպման ժամանակ հետաքրքրությանը՝ ինչպե՞ս իր աշխատանքը հայտնվեց ֆրանսիական պատկերասրահում, արվեստագետը ժպտալով ասաց, որ ֆրանսիացիներն իրեն «հայտնաբերել» են իտալական հանրահայտ «Vogue» ամսագրից. «Իսկ իտալացիները՝ համացանցից։ Ընդ որում, «Vogue»-ի գլխավոր խմբագիրը ընտրված լուսանկարիչներից դարձյալ ընտրություն է անում, դրանք տեղադրելով լավագույնների ցանկում։ Եվ այս դեպքում արդեն լուսանկարիդ արժեքը բարձրանում է…»։

Ռեպլիկին՝ լուսանկարի արժեքի բարձրացումը ակնկալում է բարձր գին, լուսանկարիչը հաստատեց. «Այո, այդպես էլ կա»։ Իսկ ի՞նչ արժե, օրինակ, Ֆրանսիայում ցուցադրվող «Ծովափին» լուսանկարը, Գագիկ Հարությունյանը ընդամենը բարձրաձայնեց գինը՝ 2000 եվրո։ Դիտարկմանը՝ այստեղից կարելի է միանշանակ ասել, որ ձեր աշխատանքները հայաստանցիներիս հասու չեն, ստացանք հետեւյալ պատասխանը. «Ի դեպ, աշխատանքներիս արժեքը սկսվում են մի քանի հարյուր դոլարից մինչեւ…»։

Հավելեց նաեւ, որ 2021-ից բացել է իր ինտերնետային shop-ը (harutyunyan.net/shop), հիմնադրել է «Harutyunyan gallery» ապրանքանիշը, որտեղ ցուցադրված աշխատանքները, բնականաբար, «հանդես են գալիս» իրենց արժեքներով։ Իսկ ներկայացված լուսանկարները, ինչպես մեր զրուցակիցը հավաստիացրեց, ցուցադրվել են եվրոպական երկրների պատկերասրահներում։

Ինչպես լուսանկարչին ներկայացնող մեր զրուցակից արվեստագետներից շատերը հավաստիացրին, որ Գագիկ Հարությունյանի նախընտրած ոլորտը նորաձեւությունն է, հաստատեց նաեւ ինքը՝ լուսանկարիչը, հավելելով, թե դիմում է նաեւ դիմանկարների, բնապատկերների, իսկ հիմնականում ստեղծում է սեւ եւ սպիտակ լուսանկարներ. «Երբ լուսանկարում ես սեւ-սպիտակ, նկարում ես մարդկանց հոգիները, աշխատանքի ընթացքում էլ, ասենք՝ մոդելների հետ, ունեմ իմ սկզբունքը՝ նրանք պետք է լինեն առանց դիմահարդարման։ Նկարները մշակելիս մեծ փոփոխությունների կողմնակից չեմ։ Ախր լուսանկարներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը եւ նույնիսկ երաժշտությունը…»։

Հիմա անդրադառնանք Հայաստանում լուսանկարչության ոլորտի կրթական հարցերին։ Այս ոլորտը ամենաերիտասարդն է. լուսանկարչության ֆակուլտետ կամ բաժին այսօր գործում են Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում եւ Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում, մինչդեռ մեզ հայտնի են հայ եւ սփյուռքահայ բազմաթիվ անվանի լուսանկարիչներ, որոնք մասնագիտական կրթություն չեն ստացել։ Այս առիթով Գագիկ Հարությունյանն ասաց. «Լուսանկարչություն ոչ մեկը չի կարող սովորեցնել։ Ընդամենը կարելի է հաղորդել գիտելիքներ տեխնիկական մասին վերաբերող, ասենք՝ ինչպես օգտվել տեսախցիկից եւ այլն։ Կոնկրետ ես, մինչ լուսանկարչական ապարատը ձեռքս վերցնելը, սերտել եմ մասնագիտական ռուսալեզու գրականություն։ Ցանկալի է, որ լինի հայերեն գրականություն, ինչու ոչ՝ մեր անվանի լուսանկարիչների հեղինակած»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031