Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխել աշխարհի հետագիծը». առավել քան 60 կրթական հիմնադրամների ցանցի հիմնադիր Վենդի Քոփը արժանացել է կրթության ոլորտում 2021 թվականի պատվավոր WISE մրցանակին

Դեկտեմբեր 13,2021 12:04 Share
Աջակցեք aravot.am-ին

«Դասավանդիր, Հայաստան»-ի Խորհրդի անդամ և վերջինիս միջազգային գործընկեր «Teach For All» ցանցի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վենդի Քոփը Դոհայում տեղի ունեցած  Կրթության նորարարության համաշխարհային գագաթնաժողովում (WISE) արժանացել է կրթության ոլորտում 2021 թվականի WISE մրցանակին: Տիկին Քոփը այս մրցանակին արժանացել է «Teach For All»-ի տեսլականի մշակման համար, ըստ որի կրթության ոլորտում փոփոխություններ անելու համար անհրաժեշտ են առաջնորդներ, որոնք իրենց ներուժը օգտագործում են ի օգուտ իրենց համայնքի և հավատում են, որ համայնքները լի են անսահման հնարավորություններով, և այդ հնարավորությունները բացահայտել հնարավոր է միայն երեխաների համար հավասար կրթական հնարավորությունների միջոցով։

Այսօր «Teach For All»-ը հանդիսանում է աշխարհի տարբեր ծայրերում տեղակայված առավել քան 60 կազմակերպություններից կազմված միջազգային ցանց։ 2013 թվականին Լարիսա Հովհաննիսյանը Հայաստանում մեկնարկեց «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործունեությունը` այդպիսով միանալով «Teach For All» համաշխարհային ցանցին։

Կրթության ոլորտի WISE մրցանակը իր տեսակի մեջ առաջինն է ողջ աշխարհում` կարևորելով համաշխարհային մասշտաբով կրթական ոլորտի ներդրումները։

«Սա «Teach For All» համայնքի, բոլոր անդամ կազմակերպությունների և անձնակազմի անդամների աշխատանքի արդյունքն է։ Նրանք մեր գաղափարախոսությունը կյանքի կոչել իրենց երկրներում և սկսել մի շարժում, որն այսօր ունի հազարավոր ուսուցիչներ և շրջանավարտներ, որոնք իրենց սրտերն ու հոգիներն են ներդրել ի նպաստ երեխաների առաջնորդության զարգացման»,-ասել է տիկին Քոփը։

Փակման արարողության իր ելույթում Վենդի Քոփը կիսվել է երեք հիմնական դասերով, որոնք սերտել էր կրթական անհավասարության դեմ պայքարի իր 21 տարվա պատմություն ունեցող կարիերայի ընթացքում: «Ես եկել եմ այն ​​եզրակացությանը, որ եթե մենք կարողանանք կրթությունը դարձնել ավելի աշակերտակենտրոն, զարգացնել աշակերտների առաջնորդությունն ու նախաձեռնողականությունը և նրանց ընձեռենք մեկը մյուսից սովորելու հնարավորություն, մենք կկարողանանք փոխել աշխարհի հետագիծը»։

Դասավանդի՛ր, Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: