Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Դեկտեմբեր 19,2021 20:50

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Գայանե Վարդանյանի հայտարարությունը` ստորև․

«Հարգելի՛ երևանցիներ, ընկերներ, գործընկերներ,

2018-ի սեպտեմբերին ընտրված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ներառական մի միավոր էր, որն ամբողջությամբ արտահայտում էր հեղափոխության արժեքներն ու գաղափարախոսությունը: Ավագանու անդամի պատասխանատվությունը ստանձնել եմ քաղաքի խնդիրների լուծմանը մասնակից լինելու համար և երեք տարվա մեջ փորձել եմ դա անել ամեն օր, անտրտունջ ու մեծ նվիրումով: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Քանի որ ավագանու և մեր խմբակցության կազմում մշտապես փորձել եմ առաջ շարժվել արդարամտորեն ու հետևելով խղճիս ձայնին` հիմա էլ փորձեմ մեր գործունեությանն այդպիսի հետադարձ հայացք գցել:

Ընտրվելուց հետո մեծ եռանդով լծվեցինք գործի: Խմբակցությունով աշխատում էինք շատ ակտիվ` թե՛ անհատապես, թե՛ աշխատանքային խմբերով, բոլորն իրենց անելիքն ունեին: Քաղաքապետը ևս հաճախ էր մասնակցում մեր նիստերին, միասին քննարկում էինք անելիքները, լավատեղյակ էինք ամենին, ինչ կատարվում էր քաղաքապետարանում: Սակայն, հետզհետե իրերի դրությունը փոխվեց: Իմ խորին համոզմամբ` մեր խմբակցությունը բավականին թուլացավ 2018-ի ԱԺ ընտրություններին մեր գործընկերների մի մասի` պատգամավոր դառնալու և դրանից հետո էլ կազմի անընդհատ շարունակվող փոփոխության պատճառով:

Քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման նախագծին դեմ հանդես գալուց հետո խմբակցության հետ քաղաքապետի հարաբերություններն այլևս առաջվանը չէին: Հազվադեպ էինք հանդիպում նրան, հաճախ՝ ավագանու նիստից նիստ, իրականացվող ծրագրերի մասին երբեմն իմանում Երևանի քաղաքապետարանի կայքից կամ ԶԼՄ-ներից:

Խմբակցության մեր վերջին հանդիպմանը իմ գործընկերներին կրկին ասացի, որ մենք խմբակցությունով չկարողացանք դառնալ այն ուժը, որի հետ քաղաքապետը կհամագործակցեր: Կային մարդիկ, որոնց ամիսներով չէինք տեսնում: Խմբակցության նիստերին հաճախ մասնակցում էին անդամների կեսից էլ պակաս մարդիկ, ավագանու նիստերին` ևս: Քաղաքապետն էլ իր հերթին բավարար ջանք չգործադրեց համայնքի համար կարևորագույն ռեֆորմներն առաջ տանելու հարցում խմբակցության հետ գործընկերային անհրաժեշտ հարաբերությունն ապահովելու և այդ ռեֆորմների մասը դարձնելու համար:

Այս ողջ ընթացքում փորձել եմ երկու կողմի հետ էլ խոսել երկխոսության կարևորության մասին, բայց երևի այնքան էլ լավ չեմ կարողացել տեղ հասցնել ասելիքս, չգիտեմ: Արդյունքում ստացվեց այնպես, որ ես ու մի շարք իմ գործընկերներ շարունակում էինք մեր աշխատանքը` հանուն Երևանի՝ հաճախ տարբեր խնդիրների մասին բավարար տեղեկատվություն չստանալով երկու կողմից էլ: Օրինակ, ինձ համար մինչ այս պահն անհասկանալի է ավտոբուսների ձեռքբերման արդեն հրապարակային քննարկվող սաբոտաժին մասնակցած իմ որոշ գործընկերների դրդապատճառը` բացառությամբ «ուզում ենք եվրոպական արտադրության ավտոբուսներ ներկրել» ընդհանրական պնդման:

Այս ճգնաժամն այնքան խորացավ, որ այժմ ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով: Ես հաճախ եմ աջակցել քաղաքապետին իր գործունեության ընթացքում` տեսնելով աշխատասիրություն, համայնքային ամենասուր խնդիրները լուծելու կամք ու հոգատարություն: Այսօր էլ հավատացած եմ, որ իր գործունեության մեջ առաջնորդվել է ազնիվ և համայնքանպաստ մղումներով: Միաժամանակ, հասկանալի է, որ իշխող խմբակցություն-քաղաքապետ խզումն այլևս անցել է անդառնալիության կետը և չի կարող այսպես շարունակվել: Ճգնաժամի հանգուցալուծման մի քանի տարբերակ էր քննարկվում խմբակցությունում` ներառյալ անվստահություն հայտնելը, որին ես, ի սկզբանե, կտրականապես դեմ եմ արտահայտվել, քանի որ այն համարում եմ ոչ կառուցողական, ցնցումներով լի, համայնքի և երևանցու և մեր հասարակության շահերից չբխող: Սակայն որոշումն ընդունվել է առանց իմ մասնակցության և այն մատուցվել որպես վերջնական: Ուստի, դեկտեմբերի 17-ին դիմում եմ ներկայացրել ավագանու մանդատս վայր դնելու վերաբերյալ:

Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետին, խմբակցությանը և ավագանու մյուս անդամներին, քաղաքապետարանի, վարչական շրջանների իմ գործընկերներին համատեղ երեք տարվա աշխատանքի համար և ներողություն եմ խնդրում մեր համաքաղաքացիներից գործս կիսատ թողնելու համար:

Այսպիսով փակում եմ իմ կյանքի` Երևանի ավագանու անդամի գործունեության էջն ու այս հարցին այլևս չեմ անդրադառնալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031