Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվակռիվ, որին հաջորդեցին ծափահարություններն ու գրկախառնությունը․ Ախուրյանը՝ հին համայնքապետի ձեռքում

Դեկտեմբեր 20,2021 17:36

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ախուրյան խոշորացված համայնքում ընտրեցին համայնքապետ։

Ախուրյանի 35 միավորված բնակավայրերը կկառավարի ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը, որը մոտ 25 տարի Ախուրյանի համայնքապետն է։ Նա մեկ ձայնով առաջ անցավ ՔՊ-ի թեկնածու Ալբերտ Այվազյանից, որը ևս երկար տարիներ ղեկավարում է Առափի համայնքը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն ձայների քանակով առաջատար էր Ախուրյանում, սակայն այստեղ միավորվեցին երկու քաղաքական ուժեր՝ «Ախուրյան» և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքները։ Նրանք մեկ մանդատ ավելի ունեն ՔՊ-ից։ ՔՊ-ն ստացել է 13 մանդատ, դաշինքները միասին՝ 14։

Համայնքապետի ընտրությունն անցավ բավական լարված՝ որոշակի միջադեպերով․ ՔՊ-ականներին դուր չէր եկել «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող դաշնակցական Կարեն Արշակյանի գրառումներից մեկը, որով նա ասել էր, թե իր թիմից ոչ մեկը պատրաստ չէ կանգնել թուրքի դրոշի տակ։

ՔՊ-ականները նեղվեցին, նշեցին, որ սա իրենց է ուղղված, մինչդեռ իրենք հայրենասեր, ազգասեր մարդիկ են ու ոչ մեկն էլ պատրաստ չէ կանգնել թուրքի դրոշի տակ։ Կարեն Արշակյանը պնդում էր, որ ինքը ՔՊ-ականներին ուղղված նման գրառում չի արել, կա թյուրըմբռնում։

ՔՊ-ականներից մեկը շատ վրդովվեց՝ ասելով․ «Եթե նման հայտարարություն եղել է, հայտարարում եմ, որ անբարոյականի զավակ է»։

ՔՊ-ի ավագանու կազմը համալրած կանայք ևս նեղվեցին՝ բացականչելով․ «Մենք ազգային արժեք ենք ներկայացնում, չի կարելի, կոռեկտությունը շատ լավ բան է»։

ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Ալբերտ Այվազյանն էլ, որը որպես ամենատարեց՝ վարում էր ավագանու նիստն, ասաց․ «Գնացեք, գտեք, կարդացեք, մենք ամբողջ թիմով ենք կարդացել, 30 հոգի մարդ են եղել, բարձրաձայն կարդացել ենք։ Լա՞վ եք զգում, որ նման արտահայտություն են անում ձեր ընկերների նկատմամբ, մենք բոլորս նույն շրջանի մարդիկ ենք»։

Կարեն Արշակյանը հակադարձեց՝ ասելով․ «Շուտ տայիք այդ հարցադրումը, ոչ թե օրակարգից շեղվեիք ու հիմա հարցնեիք»։

Ինչևէ, որոշ ժամանակ անց՝ համայնքապետ ընտրվեց Արծրուն Իգիթյանը, ներկաները կարծես մոռացան կատարվածը, մի մարդու պես շնորհավորեցին, ծափահարեցին։

Իրեն շատ բարձր պահեց ՔՊ-ի թեկնածուն՝ Ալբերտ Այվազյանը։ Նա քվեարկության արդյունքներն ամփոփելով ու ընթերցելով իր դաշնակցական մրցակցի անունը, առաջինը շնորհավորեց նրան ու իր տեղը զիջեց։

Արծրուն Իգիթյանն էլ իր հերթին, վստահեցրեց, որ ամեն ինչ կանի բոլորին հավասար աչքով նայելու համար։

«Ավագանու բոլոր անդամները ինձ համար հավասար են, ամեն ինչ անելու եմ՝ ամենաբարձր մակարդակով աշխատանքները կազմակերպելու համար»,-խոստացավ Արծրուն Իգիթյանը։

Ալբերտ Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ընթացքից կերևա՝ ՔՊ-ն կդառնա ընդդիմությո՞ւն, թե՞ կհամագործակցի։ Նա հույս հայտնեց, որ ավագանին համախմբված կաշխատի, նաև հայտարարեց, որ շարունակելու է իր 40 տարվա ընկերությունը Արծրուն Իգիթյանի հետ, եթե նա ցանկություն հայտնի։

Արծրուն Իգիթյանն էլ ասաց, որ 8-րդ անգամ է ընտրվում համայնքի ղեկավար, որևէ դժվարություն չի տեսնում, կաշխատի բաց, թափանցիկ, ազգաբնակչության հետ կքննարկի բոլոր ծրագրերը։ Նա ասաց՝ այնպիսի թիմ կձևավորի, որպեսզի իր աշխատանքը հեշտանա։

Վարդան Իկիլիկյան

Նա նաև նշեց, որ «Իկիլիկյան դաշինք»-ի թեկնածու Վարդան Իկիլիկյանը ևս կընդգրկվի համայնքային իշխանության մեջ։

Հիշեցնենք, որ «Իկիլիկյան դաշինք»-ին դատական կարգով զրկել էին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, որը ընդդիմադիր Վարդան Իկիլիկյանը մեկնաբանում էր որպես «քաղաքական վենդետա» իր նկատմամբ։

Արծրուն Իգիթյանն ասաց․ «Ես օրենքի մարդ եմ, օրենքի տառն ու կետը պահելու եմ և որևէ խնդիր իշխանության, ընդդիմության հետ չեմ տեսնում։ Առաջին անգամը չէ, որ ես ընդդիմության դաշտում եմ, իմ աշխատանքը միշտ էլ գնահատվել է նաև անցած իշխանությունների կողմից»։

Քիչ անց Ախուրյան եկան «Իկիլիկյան դաշինք»-ի ներկայացուցիչները, սկսվեցին գրկախառնություններ, շնորհավորանքներ։

Ի դեպ, ընտրությունները վերահսկում էին մեծ թվով ոստիկաններ, թե ինչով էր դա պայմանավորած, թեկնածուները չկարողացան մեկնաբանել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031