Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերձների հասցեատերը Հայաստանը չի

Հունվար 14,2022 10:00

Ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին սպառնալիքներ է հնչեցրել. «Ադրբեջանը ուշի ուշով հետեւում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների ուժով։ Ես բաց ասել եմ՝ եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի»: Պարզ է, որ «գործընկերներ» ասելով, նա նկատի ունի Ռուսաստանը:

Ալիեւը նաեւ «ուղիղ տեքստով» է իր դժգոհությունը հայտնել այդ պետությունից՝ նշելով, որ Արցախում գտնվող ռուս խաղաղապահները թույլ են տալիս մարդկանց (մասնավորապես, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի) «ապօրինի մուտքը» Ղարաբաղ՝ խաղաղապահների պատասխանատվության գոտի:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Ալիեւը պնդել է, թե Բաքուն կշարունակի «խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը… Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը… Նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձևավորեն: Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք»։

Մի խոսքով, «խաղաղության դարաշրջան»՝ իր ողջ գեղեցկությամբ:

Ալիեւի, ինչպես եւ ցանկացած քաղաքական գործչի, ասածները պետք է ընկալել վերապահումներով. այս պարագայում անհրաժեշտ է սթափ գնահատել, թե ինչ է ասվել ներքին լսարանի, ինչը Ռուսաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների, իսկ ինչը՝ Հայաստանի համար: Բայց իմ տպավորությամբ, Ալիեւը Հայաստանին առանձնապես բան չունի ասելու, որովհետեւ մեր երկրի ղեկավարությունը բացարձակապես չի հակադրվում իր ծրագրերին:

Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցին հետեւած իր «պարզաբանման» մեջ վարչապետ Փաշինյանը նշել է. «Այս եւ մի քանի այլ կարեւոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ եւ իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները»: Այս համատեքստում էական է ոչ թե այն, որ վարչապետն իր վրայից պատասխանատվությունը գցում է եւ ամբողջությամբ դնում է «նախկինների» վրա (դա, իհարկե, կարեւոր է ներքին քաղաքական պայքարի տեսանկյունից), այլ բուն արձանագրումը՝ ըստ նրա՝ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում:

Եթե այդպես է. ապա ի՞նչ խնդիր հիմա ունի Ալիեւը Հայաստանի հետ: Եթե մեր պետության ղեկավարը պատրաստ է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, պատրաստ է սահմանազատման ու սահմանագծման ադրբեջանական պայմաններին, պատրաստ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ճանապարհ կառուցել Սյունիքի մարզով, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահի ագրեսիվ ուղերձների հիմնական հասցեատերը Ռուսաստանն է եւ, մասամբ, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Իսկ թե ո՞րն է այդ ուղերձների իմաստը, դրա մասին՝ վաղվա համարում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք պետք է հասկանանաք, որ գոյություն ունեցող ընտրական համակարգը չի ապահովում լավագույնների ընտրություն, ընտրողը իր ընտրության համար պատասխանատվություն չի վերցնում, առավել եւս, որ այդ ընտրությունները փակ են եւ գաղտնի, ընտրությունը ճիշտ է լինում, երբ ընտրողի իրավունքի չափը ուղիղ համեմատական է նրա պատասխանատվության չափին: Անպատասխանատվություն է, երբ սովորական ուղեւորը իրեն հավասար է ճանաչում օդանավի անձնակազմի հետ եւ պահանջում է, որ իրեն թույլ տան մասնակցել օդանավի վարմանը, պետությունը դա մեծ օդանավ է, որի ուղեւորները ժողովուրդն է, իսկ անձնակազմը պետական կառավարման օդաչուներն են, այդ օդաչուները հատուկ կրթություն ու ունակություններ են ձեռք բերել պետական օդանավը վարելու, այդ օդաչուներն են ուղեւոր ժողովրդին հրամայում ամրագոտիները կապել, այդ օդաչուներն են իսկական պատասխանատուները ժողովրդի ապահով քաղաքական թռիչքի համար: Մեր պետական կառավարման մասնագետները պետք է ժողովրդին զրկեն պետական կառավարման հնարավորությունից եւ նրա ձեռքից վերցնեն իշխանությունը եւ իրենք ղեկավարեն պետությունը: Մենք մեր կաշվի վրա զգացինք, թե ինչ դաժան հետեւանքներ են լինում հենց ժողովուրդի ճակատագրի համար, երբ անփորձ անպատասխանատու ժողովուրդն է վարում պետական համակարգը: Այսօրվա գլոբալ իշխանությունը իր մեջ նման ժողովրդավարությամբ չի տառապում, դրա համար էլ նրանք արդյունավետ են գործում: Ինչքան շուտ մենք ձերբազատվենք ժողովրդի իշխանությունից եւ իշխանության գան պետական կառավարման մասնագետները, այնքան շուտ ժողովուրդը կսկսի զարգանալ ու հզորանալ: Կրկնվեմ, իսկական ժողովրդավարությունը, այսինքն՝ ժողովրդին կառավարելը մասնագետների գլխավորությամբ = ժողովրդասիրություն + ժողովրդադաստիարակություն + ժողովրդակրթություն, այլ ոչ թե ժողովրդի իշխանություն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31