Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բաքուն շարունակելու է խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը․ Ալիև

Հունվար 12,2022 22:44

«Ազատություն» ռ/կ. Ադրբեջանի նախագահը պնդում է, թե երեկ սահմանին արձանագրված բախումների հետևանքով հայկական կողմը պաշտոնապես հայտարարվածից մի քանի անգամ ավելի շատ զոհ է ունեցել։ «Ես պաշտպանության նախարարից տեղեկություններ եմ ստացել, որ հայկական կողմում 6-8 զինվոր է զոհվել», – այսօր հայտարարել է Ալիևը՝ կատարվածի համար կրկին մեղադրելով հայկական կողմին։

«Դա հայկական կողմից սադրանքի առաջին փորձը չէ, ցավոք, նախկինում մեր կողմից ձեռնարկված բոլոր պատասխան քայլերը առայժմ դաս չեն եղել Հայաստանի համար, և երեկվա դեպքն էլ բացառություն չէր», – ասել է Իլհամ Ալիևը՝ կրկին սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

«Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների ուժով։ Ես բաց ասել եմ՝ եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը», – ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե Հայաստանի գործընկերներից ում են հատկապես ուղղված այս խոսքերը։

Փոխարենը՝ նա պնդել է, թե Բաքուն կշարունակի ժամանակակից զենք-զինամթերք գնել և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Որպես բանակի կատարելագործման միջոց՝ Ալիևը նշել է հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտությունը, պնդելով, թե դրանք «լավագույնս են իրենց դրսևորել» ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Ալիևը պնդել է, թե Բաքուն կշարունակի «խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։

«Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը։ Երևի պատրաստվում են հոբելյանական միջոցառումների», – ասել է Ադրբեջանի նախագահը՝ հիշեցնելով, որ առաքելությունը ձևավորվել է 1992-ին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ «Երևի դրանով են զբաղված։ Սակայն եթե կատակը մի կողմ թողենք, կարծում եմ՝ նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձևավորեն», – հայտարարել է Ալիևը՝ միաժամանակ հավելելով․ – «Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31