Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Աղամալյան. «Հավաքականի բռնցքամարտիկները ձգտելու են Եվրոպայի առաջնությունում հասնել առավելագույնին»

Հունվար 21,2022 16:56

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ Aravot.am-ը զրույցել է մրցաշրջան 2022-ում մեր ընտրանու առաջին մեկնարկների ու դրանց նախապատրաստության մասին:

-Պարոն Աղամալյան: Մրցաշրջան 2022-ը հայկական բռնցքամարտի համար որոշակիորեն տարբերվելու է նախորդներից՝ կապված Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ: Հավաքականը երբվանի՞ց է սկսելու նախապատրաստվել դրան:

-Հունվարի 24-ից 29-ը «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն մեր բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկները, բացի Հովհաննես Բաչկովից ու, հավանական է, Կարեն Տոնականյանից, որը վնասվածքից հետո դեռ լրիվ չի ապաքինվել:

-Իսկ Հովհաննես Բաչկովն ի՞նչ պատճառով է բացակայելու:

-Նա մեկնելու է իր պրոֆեսիոնալ ակումբ եւ պատրաստվելու է Դուբայում նախատեսված մենամարտի:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի հավաքական թիմը, որը փետրվարի 7-ից 20-ը առաջին հավաքը կանցկացնի Ծաղկաձորում՝ նվիրված ընդհանուր ֆիզպատրաստվածությանը: Հավաքի ավարտից հետո կիջնենք Երեւան: Թիմի կեսը կգնա մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնություն, որը մեկնարկելու է մարտի 11-ին Խորվաթիայում, իսկ մյուս տղաները, որոնք ստույգ պատրաստվելու են Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, դրսում  կմասնակցեն մեկ կամ երկու միջազգային մրցաշարի: Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին հավաքը նորից կանցկացնենք Ծաղկաձորում ու Երեւանում:

– Այլ երկրների հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ լինելո՞ւ են:

-Տարբեր ազգային հավաքականներ, մասնավորապես, Լեհաստանը, Լիտվան, Դանիան նման ցանկություն հայտնել են: Մենք պատրաստ ենք: Սակայն չեմ բացառում, որ այս անգամ մեր ընտրանու ամենավերջին հավաքը փակ լինի:

-Եվրոպայի առաջնությանը Երեւանում մարզասերները անհամբերությամբ են սպասում եւ մեծ ակնկալիքներ ունեն:

-Դա իսկապես, մարզական բացառիկ իրադարձություն է լինելու Հայաստանի մարզական կյանքում: Մենք՝ թե՛ մարզիչներս, թե՛ բռնցքամարտիկները, աշխատելու ենք հարազատ հարկի տակ հասնել հնարավոր առավելագույնին: Սակայն եկեք չմոռանանք, որ խոսքը Եվրոպայի առաջնության մասին է եւ Երեւան ժամանելու են մայրցամաքի ուժեղագույն բռնցքամարտիկները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31