Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք է ստացել այցելելու Շուշի և Ակնա. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 25,2022 10:53

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը ոչնչացրեց կամ յուրացրեց իր վերահսկողության տակ գտնվող 90 հուշարձան։ Ֆիզիկական ոչնչացումից բացի իրականացվում է նաեւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական գրոհ այդ հուշարձանների հայկական լինելը կասկածի տակ առնելու մասով։ Օրեր առաջ Վատիկան էր մեկնել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը՝ Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ շեյխ ուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ, որտեղ նրանց ընդունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Այցի շրջանակներում պատվիրակությունը իտալացի, Վատիկանի եւ միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել ադրբեջանական հերթական կեղծիքը քարոզող ֆիլմը, իբր հայերի կողմից Արցախում «մզկիթների, եկեղեցիների եւ տաճարների» ավիրման մասին։

Ադրբեջանական կողմը առավել ակտիվ եւ ագրեսիվ հակահայկական քարոզչություն է տանում այն երկրներում, որտեղ հայկական օրակարգն առավել ընկալելի եւ ընդունելի է։ Այսպես, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան ջանքերով ակնհայտ կեղծիք տարածող ֆիլմը թարգմանվել եւ կրկնօրինակվել էր ֆրանսերենով եւ ներկայացվել ֆրանսիական լրատվամիջոցներին։ Ավելին, հունվարի 15-ին «Մուսուլմանները Ֆրանսիայում» թերթի կայքում հրապարակվել է մի ռեպորտաժ, որտեղ կրկին առաջ են տարվում ադրբեջանական քարոզչական թեզերը։ Հատկանշական է, որ Ադրբեջանը նշում է իբր Արցախում ռուս ուղղափառ եկեղեցիների «ոչնչացման» մասին, ինչն ակնահայտորեն հեռահար քաղաքական ենթատեքստ ունի։

Նշենք, որ Հեյդար Ալիեւի հիմնադրամի աջակցությամբ Նորմանդիայում եւ Ստրասբուրգում կաթոլիկ եկեղեցիների վերականգնման ծրագրեր են իրականացվել։ Ադրբեջանը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Ֆրանսիայում, Իտալիայում եւ Վատիկանում «քրիստոնեական կրոնական հուշարձանների վերականգնման» համար։ Նման «բարեգործական ծրագրերի» բուն նպատակը սեփական կեղծիքի հանդեպ լոյալ վերաբերմունք ձեւավորելն է այդ երկրների հասարակությունների համար, քանի որ առաջին հայացքից անհավանական կթվա, թե ինչպես կարող է եվրոպական երկրներում քրիստոնեական եկեղեցիներ վերականգնող «բարերար» պետությունը իրենը ներկայացվող տարածքներում ոչնչացնել քրիստոնեական հուշարձաններն ու եկեղեցիները։

Արցախի շուրջ տարվող քարոզչական պատերազմն ամբողջական չէր լինի, եթե այն չիրականացվեր նաեւ երկրի ներսում։ Բռնազավթած տարածքների նկատմամբ սոցիալական հարթությունում հետաքրքրություն առաջացնելու նպատակով երկրի իշխանությունները երեկվանից իրականացնում են ավտոբուսային կանոնավոր երթուղիներ դեպի Շուշի եւ Ակնա։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք է ստացել այցելելու Արցախի Հանրապետությունից բռնազավթած այս երկու քաղաքները։ Ուղեւորությունները հասանելի են միայն Ադրբեջանի քաղաքացիների համար՝ տարին միայն մեկ անգամ եւ առանց գիշերելու իրավունքի, ընդամենը մի քանի ժամ տեւողությամբ։ Այդ ուղղություններով ավտոբուսային կանոնավոր երթուղիներն իրականացվելու են ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Ուղեւորներին տրամադրվելու է ապահովագրություն դժբախտ պատահարներից։ Նշվում է, որ մինչ օրս վաճառվել է Բաքու-Շուշի-Բաքու երթուղիով ավտոբուսային կանոնավոր երթուղիների շուրջ 400 տոմս:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31