Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մխիթարյանը հավաքո՞ւմ է ճամպրուկները

Հունվար 30,2022 21:32

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամռանը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը։ Իտալական ակումբի հետ պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի ավարտին, և Ռոմայի ղեկավարությունը նպատակահարմար չի գտնում երկարաձգել Հենրիխի հետ պայմանագիրը։

Հայ կիսապաշտպանը երեք տարվա ընթացքում կարողացավ դառնալ ոչ միայն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ, այլ նաև համարվում է հռոմեական ակումբի առաջատարներից մեկը։ Հռոմեական ակումբի կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման՝ հեղինակելով 3 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։

Ժոզե Մոուրինյոյի և Մխիթարյանի՝ ոչ միանշանակ հարաբերությունները հայտնի են երկրպագուների մեծամասնությանը։ Երբ Մոուրինյոն գլխավորեց մայրաքաղաքային ակումբը՝ ֆուտբոլասերները սկսեցին կանխորոշել Մխիթարյանի մշուշոտ ապագան։ Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ Մխիթարյանը դարձավ գրեթե անփոխարինելի պորտուգալացի մասնագետի համար։ Ինչքան էլ զարմանալի հնչի՝ Մոուրինյոն այնքան էլ համակարծիք չէ Ռոմայի ղեկավարության հետ․ իտալական ակումբի ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել ավելի երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստների։ Ինչպես նաև հռոմեական ակումբին չի գոհացնում հայ կիսապաշտպանի բարձր աշխատավարձը՝ ավելի քան 3 միլիոն եվրո։ Մխիթարյանը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի, սակայն ոչ բոլոր առաջարկներն են գոհացնում Հենրիխին։

Մխիթարյանին թիմ հրավիրելու մի քանի շշուկներ կան Ռուսաստանից։ Մասնավորապես խոսքը՝ Զենիթի, ԲԿՄԱ-ի և Սպարտակի մասին է։ Սակայն Հենրիխը մեկ անգամ չէ, որ հայտնել է Ռուսաստանի մասին իր դիրքորոշումը։ Մխիթարյանը և իր ընտանիքը հակված չեն արևելյան Եվրոպա տեղափոխվելուն։ Չնայած այս ամենին՝ բավականին խոստումնալից առաջարկ է կատարել հայ գործարար Սերգեյ Գալիցկին։ Գալիցկինը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է։ Հայ գործարարը Հենրիխին առաջարկել է զբաղեցնել ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը։ Չնայած Մխիթարյանի ընտանիքի կտրուկ դիրքորոշմանը՝ Հենրիխը կարող է դիտարկել Գալիցկիի առաջարկը, որպես ֆուտբոլային կարիերայի տրամաբանական շարունակություն։

Շշուկներ են պտտվում Մխիթարյանի՝ Ա Սերիայում մնալու և կարիերան իտալական այլ թիմում շարունակելու վերաբերյալ։ Իտալական մամուլը ակտիվ քննարկում է միլանյան երկու ակումբների՝ Մխիթարյանի հանդեպ հետաքրքրության մասին։ Եթե Ինտերում մրցակցությունը բավականին ակտիվ է, և Մխիթարյանին դժվար կլինի հիմնական կազմում տեղ գտնել, ապա Միլանը հարմար տարբերակ կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագի համար։ Մխիթարյանի նախկին խաղընկերը՝ Զլատան Իբրահիմովիչը ներկա պահին հանդիսանում է Միլանի առաջատարը։ Հենրիխի համար հեշտ կլինի ինտեգրվել Միլանի կազմում՝ հաշվի առնելով իտալական ֆուտբոլում իր ունեցած փորձը և Զլատանի հետ բավական ջերմ հարաբերությունները։ Միլանը ներկա պահին Ա Սերիայում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և պայքարում է Սկուդետոյի համար։

Իտալիայից բացի, Մխիթարյանը կարիերան շարունակելու այլ տարբերակներ ևս ունի։ Աշնանը մամուլը հայտնեց, որ իսպանական Սևիլյան է հետաքրքրված հայ կիսապաշտպանի ծառայություններով։ Սևիլյան լուրջ առաջընթաց է գրանցել վերջին տարիներին և ուժեղացնելով կազմը՝ կարող է հավակնել Իսպանիայում և Եվրոպայում չեմպիոնական տիտղոսների։ Սևիլյան Լա լիգայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև համարվում է Եվրոլիգայի ֆավորիտներից մեկը։

Հնարավոր տարբերակ կարելի է համարել Մխիթարյանի՝ Ֆրանսիա տեղափոխությունը։ Եթե Մխիթարյանը չհամաձայնի վերոնշյալ տարբերակին՝ Ֆրանսիա տեղափոխվելը իրատեսական կլինի։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը որոշ ժամանակ հանդես է եկել Ֆրանսիայում։ Հենրիխը մանուկ հասակում նույնպես, մարզվել և հանդիպումներ է անցկացրել Ֆրանսիայի մանկապատանեկան ֆուտբոլային ակումբներում։

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ կցանկանա վերադառնալ Դորտմունդի Բորուսիա։ Հենրիխը իր կարիերայի լավագույն տարիները անցկացրել է գերմանական ակումբի կազմում։ Չնայած Գերմանիա վերադարձը հավանական չեն համարում բազմաթիվ ֆուտբոլային մասնագետներ, պետք չէ բացառել նաև այս տարբերակը։

Հենրիխը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, ակումբային կարիերայում հասել է բազում հաջողությունների․Փյունիկի կազմում 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, նվաճել Հայաստանի գավաթը և 2 անգամ հաղթել սուպերգավաթը։ Շախտյորում երեքական անգամ հաղթել է Ուկրաինայի լիգան և ազգային գավաթը, ինչպես նաև նվաճել սուպերգավաթը։ Դորտմունդի կազմում Հենրիխը երկու անգամ նվաճել է Գերմանիայի սուպերգավաթը։ Մանչեսթերյան ակումբում Հենրիխը նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը, սուպերգավաթը և Եվրոպա լիգան։ Մխիթարյանի անձնական մրցանակներից ամենանշանակալին՝ Բունդեսլիգայում մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելն է։ Մխիթարյանը կարիերան շարունակելու բազմաթիվ տարբերակներ ունի և ինչ որոշում էլ կայացնի՝ նա կմնա Հայաստանի պատմության ամենահաջողակ ֆուտբոլիստը։

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Լեւոն ջան, ախպէր ջան, հայեըէնում գոլը խփում են, կամ անում, բայց չեն հեղինակում: Դու մի՛ լսիր հայաստանեան մեկնաբաններին, որոնք հայերէն չգիտեն ու յամառօրէն չեն էլ ուզում իմանալ: Որ ինքդ ֆուտբոլ խաղաս, ո՞նց կը յուշես թիմակցիդ՝ գոլ խփի՛, թէ՞ հեղինակի 😃: Նոյնիսկ ջղայն զմայլիկ կարելի էր դնել: Այնպէս որ, բարեկամաբար, արի փոխի էդ բառը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31