Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Սարդարյան․ «ԲԴԽ-ն կարծես, թե թշնամություն է անում օբյեկտիվ եւ անկախ դատավորի նկատմամբ, վրեժխնդիր է լինում»

Փետրվար 03,2022 20:10

«Ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում սկսած քննիչի, դատախազի, նաեւ դատավորի աշխատանքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով. դրանք հետեւյալն են՝ օրենքի եւ խղճի առաջ իմ պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ այս գործընթացները, որոնք իմ նկատմամբ այժմ իրականացվում, սրանք միմիայն ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։ Այս մասին այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվելու է Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ դատախազության, Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ նա խախտել է խափանման միջոցի կարգը․ «․․․ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի և ամբաստանյալ Ն․Մ-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես Ն․Մ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար:

Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան և Ն․Մ․-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը՝ դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին»։

Մամուլը նաեւ գրել է, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ նման որոշում է կայացվել, քանի որ նրա որոշմամբ վերջերս փոխվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոց՝ կալանքը, եւ նրա նկատմամբ դատարանը կիրառվեց 2 մլն դրամ գրավ։

Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց՝ գործ ունենք դատավորի գործունեության միջամտության հետ․ «Այսինքն, դատավորը որոշում է կայացրել իր համոզմունքներով՝ գործի փաստերի հիման վրա, եւ այդ որոշումը դատախազությունը չի բողոքարկել Վերաքննիչ դատարան, եւ հիմա դատախազն ու քննիչը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որը կասկածի տակ դնելու բացարձակ իրավունք չունեն, այսօր ասում են՝ բավարար չի, որ ապօրինի է, մի հատ էլ ասում են՝ ակնհայտ ապօրինի է։ Այսօր առաջին ատյանի դատարանը պետք է մեկ այլ դատավորի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնի՝ որոշումն օրինակա՞ն էր, թե՞ ոչ։ Դրա համար կա Վերաքննիչ դատարան, որն օրինականությունը եւ հիմնավորվածությունը պետք է ստուգման ենթարկի, դրա հիման վրա էլ նոր, եթե կլինեին խախտումներ, դրանից հետո կարող էին մտածել ինչ-որ պրոցեսների մասին։ Բայց նույնիսկ այս դեպքում դատավորը կարող է նույնիսկ խախտումով որոշում կայացնի, եւ նման բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք Վճռաբեկում վերացվում են, բեկանվում են։ Բայց ասել, որ դու որոշում ես կայացրել եւ այդ որոշումը ապօրինի է, որովհետեւ դու այդպես էիր մտածում, մի հատ էլ նշում՝ ակնհայտ ապօրինի հանցագործություն ես կատարել․․․ սա ինչ է նշանակում, եկեք պատկերացնենք, որ այսօր գործը քննող դատավորը, եթե որեւէ որոշում կայացնի, այսինքն կարող են առանց որեւէ բողոքարկումների Դավիթ Արղամանյանի որոշման հետ կապված մի հատ էլ քրեական գործ հարուցեն, ու քննիչն ու դատախազն ասեն՝ դե մենք գտնում ենք, որ դու ակնհայտ ապօրինի որոշում ես կայացրել, օրինակ՝ չես կալանավորել, դրա համար էլ գործ ենք հարուցել։ Այսինքն՝ էլ ինչի համար է Վերաքննիչը, Վճռաբեկը, քննիչն ու դատախազը թող որոշեն»։

Բարձրագույն դատական խորհրդի՝ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նաեւ կալանավորելու թույլտվություն տալու մասին էլ Երեմ Սարգսյանն ասաց․«Այդ կառույցում այդքան իրավաբան-գիտնականներով, դատավորներով հավաքված են, տեսեք՝ ինչ խայտառակ որոշում են գրել, այնպիսի փաստեր են գրել, որ նույնիսկ հիմնավորումը չկա եւ բառացի արտատպել են դատախազի միջնորդությունը, որեւէ կերպ ինքնուրույնություն ցույց չտալով։ Ակնհայտ է, որ գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման, օրինականության կազմաքանդման, դատավորների համատարած ճնշումների հետ եւ այն դատավորը, որը չի ենթարկվում եւ ինքնուրույն է որոշում կայացնում, բոլորին ցույց տան, որ բոլորին կպատժենք, նույնիսկ ապօրինի քրեական գործեր կհարուցենք, կդատապարտենք, կկասեցնենք լիազորությունները, որեւէ գործ չես քննի»։

Բախշիյանի մյուս պաշտպանը՝ Արսեն Սարդարյանն էլ (լուսանկարում) հավելեց՝ այս գործընթացում առավել ողբերգականը ԲԴԽ-ի վարքագիծն է, որը պետք է երաշխավորի դատավորի անկախությունը. «Երբ կա հանցավոր համաձայնության ինչ-որ ռիսկ կամ կասկած, պետք է ԲԴԽ-ն ուսումնասիրի եւ հայտնաբերելով նման տվյալ, ԲԴԽ-ն կարող է թույլ տալ միջամտել դատավորի գործունեությանը։ Տվյալ դեպքում նման նյութի, տեղեկատվության բացակայության պայմաններում, զուտ վերացական դատողությունների հիման վրա, որոնք բավարար չէին, որ նույնիսկ Վերաքննիչ դատարանում բեկանվեր, եւ հենց դա է պատճառը, որ վերաքննության կարգով չի բողոքարկվել, նման դատողությունների հիման վրա ԲԴԽ-ն թույլ է տալիս դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Ավելին, կարծես թե թշնամություն է անում օբյեկտիվ եւ անկախ աշխատող դատավորի նկատմամբ, վրեժխնդիր է լինում նրան զուտ արդար աշխատելու համար եւ թույլ է տալիս նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան»։

Սարդարյանն ասաց, որ երբ այս գործընթացներն ավարտվեն, եւ հույս հայտնեց, որ մեր երկրում արդարությունը մահացած չէ, շուտով այս քրեական գործը կավարտվի, իրավապահ մարմինների մի շարք ներկայացուցիչներ ներողություն են խնդրելու Բախշիյանից, բայց ԲԴԽ անդամները, մասնավորապես դատավոր անդամները, ներողությունով չպետք է պրծնեն․«Նրանք պետք է հրաժարական տան եւ դուրս գան։ Ես դատավորների ընդհանուր ժողովին կոչ եմ անում այս հարցը բարձրացնել եւ հրապարակայնորեն անվստահություն հայտնեն ԲԴԽ-ի դատավոր անդամներին, նրանց վարքագիծն ուղղակի անթույլատրելի էր, նրանց հարցադրումները գործընթացի ընթացքում ուղղակի ծիծաղելի էին, իրավաբանությանը չառնչվող մոտեցումներ էին։ Ձայնագրությունները կան, շուտով կհրապարակենք, թե որոշ դատավոր-անդամներ ինչ ոգեւորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը, որոնք զուտ դատողություններ էին»։

Բորիս Բախշիյանի նկատմամբ այս գործի վերաբերյալ հայտարարություն են տարածել դատավորների միության նախագահն ու մի շարք անդամներ։

Նշենք, որ այսօր դատարանի շենքի մոտ են ընդդիմադիր մի շարք գործիչներ, պատգամավորներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28