Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանի նախագիծը ՔՊ-ն միասնական ընդունեց. «Մեր տան դիմաց Արցախի դրոշը կախել եմ, վաղը կգնաք Վարդանյանենց տուն, կտեսնեք՝ կախվա՞ծ է»

Փետրվար 04,2022 15:04

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել դրոշի գործածման տիրույթները:

Նա այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Վարդանյանը նշեց, որ հարեւան երկրների փորձը տեսնելով է գաղափարն առաջացել. «Պետական խորհրդանիշներից դրոշը ամենատարածվածն է, մենք ականատեսն ենք, որ հարեւան Վրաստանում, հատկապես`Թուրքիայում, Հունաստանում, էլ չեմ խոսում ԱՄՆ-ի մասին, երբ յուրաքանչուր քայլափոխի տվյալ պետության դրոշն է ու սա հանրության, երեխաների շրջանում պետականության հանդեպ հարգանքի վկայությունն է: ՀՀ-ում գործում է «Պետական դրոշի մասին» օրենքը, բայց այս նախաձեռնությամբ առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն: Ինչպես նաեւ առաջարկվում է կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող 3 տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը»:

Պատգամավորն առաջարկում է նաեւ օրենքն ուժի մեջ մտնելու 90 -օրյա ժամկետ սահմանել, որ հասցնեն պատրաստվել: Ըստ նրա, այս փոփոխությունները շատ կարեւոր են երիտասարդ սերնդի դաստիարակության համար:

ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանն ասաց, որ այն պատասխանատվությունը, որը սահմանվում է պետական մարմինների նկատմամբ, լավ կլինի, որ լինի նաեւ անհատների կողմից խախտումների առկայության դեպքում: Աղվան Վարդանյանն ասաց, որ եթե մարդիկ կամովին օգտագործեն դրոշը՝ տարբեր չափերի, դա իրենց անհատական խնդիրն է ու քաղաքացիների վրա դա տարածելը ճիշտ չէ: Վարդանյանն ասաց, որ անձամբ ինքը կխրախուսեր, որ Արցախի դրոշն էլ մարդիկ օգտագործեին. «Մեր տան դիմաց, օրինակ, ես Արցախի դրոշը կախել եմ, վաղը կգնաք պարոն Վարդանյանենց տուն, կտեսնեք՝ կախվա՞ծ է, թե չէ: Դուք չհրավիրեք ձեր տուն»,- կատակեց Աղվան Վարդանյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Վերջինս ասաց, որ ինքն էլ մշտապես լավ զգացում է ունեցել պետական խորհրդանիշների նկատմամբ ու համարում է, որ պետական խորհրդանիշները մեր ինքնության ու պետականության կարեւորագույն մասերն են:

Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ «Պետական դրոշի» մասին օրենքը սահմանում է պատասխանատվություն դրոշն անարգելու դեպքում, բայց երբ օրենքի կատարման ժամանակ թերանում են, սխալ համամասնությամբ են վերցնում, ասենք, կարմիրը, կապույտը, դրա համար ոչինչ սահմանված չէ: Նա նշեց, որ դպրոցներում, նախակրթարաններում դրոշը տարածելու հետ կապված խնդիր չի տեսնում, բայց եթե ուզում ենք երեք տոներին ամեն շենքի ու շինության վրա դրոշ լինի, սա տեխնիկապես հնարավո՞ր է իրականացնել: Աղվան Վարդանյանն ասաց, որ ինքն առաջարկում է այդ տոներին ոչ թե բոլոր շենք-շինությունների վրա տեղադրել, այլ՝ այն բնակելի ու ոչ բնակելի շենքերի վրա, որոնք տեղակայված են հանրապետության համայնքների, հրապարակի, փողոցների, այգիների հարակից տարածքում: Գուցե սկզբնական շրջանում որոշակի հարցեր առաջանան, հստակ չլինի, թե որ փողոցի, որ շենքի վրա պետք է տեղադրեն, բայց համայնքապետարանները, քաղաքապետարանը 1-2 տարվա ընթացքում կհստակեցնեն այդ շրջանակները շատ արագ: Որեւէ պարտադրանք չկա»:

Արթուր Դավթյանը նշեց, որ նախագծում ասվում է՝ հրապարակին հարակից տարածքում դրոշը տեղադրեն, բայց այդ շենքը կարող է լինել օտարերկրյա դեսպանատուն, պիտի պարտադրենք ՀՀ դրո՞շ կախեն, ինքը պարտավոր է կախի ի՛ր երկրի դրոշը: Վարդանյանն ասաց, որ առաջարկությունները պատրաստ է քննարկել ու կարող են մնացած հարցերը կարգավորել կառավարության որոշմամբ:

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի դիրքորոշմամբ, եթե մասնավոր կազմակերպություններին պարտադրեն դրոշ տեղադրել, դա իրենից ենթադրում է ֆինանսական ծախսեր ու հարցեր են առաջ գալու:

Հանձնաժողովում ընդմիջում հայտարարվեց՝ աշխատանքային քննարկում կազմակերպելու ու մի ընդհանուր որոշման գալու, թե առաջարկություններն ինչպես կարող են ներառել ու լրամշակել նախագիծը: Ընդմիջումից հետո Աղվան Վարդանյանն ասաց, որ պայմանավորվել են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ լուծումներ տալ:

Աղվան Վարդանյանը նկատեց, որ հանձնաժողովի նախագահի սենյակում ՀՀ դրոշը կա, բայց հանձնաժողովի նիստերի սենյակում չկա, ուստի խոստացավ մի տեղից դրոշ հայթայթել ու բերել այս սենյակի համար: Կենացները քաղցրացան ու Վլադիմիր Վարդանյանն էլ խոստացավ զինանշան հայթայթել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին՝ պայմանով, որ առաջարկները հաշվի կառնեն: Վլադիմիր Վարդանյանը արձանագրեց. «Առնվազն պետական խորհրդանիշների մասով մենք միասնական ենք ու միասնական քվեարկություն եղավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28