Լրահոս
Օրվա լրահոսը

Կատալոնական գալակտիկո՞ս

Փետրվար 06,2022 20:05

Խորը անկումից հետո Բարսելոնան առաջին քայլերն է կատարում թիմի երբեմնի փառքը վերականգնելու համար։ Կատալոնական ակումբը ճգնաժամ է ապրում արդեն մի քանի տարի։ Դրան նպաստեց թիմի առաջատար ֆուտբոլիստների կորուստը՝ Չավի, Ինյեստա, Նեյմար, Սուարեզ, Ռակիտիչ, Մեսսի և այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Բարսելոնան նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի․ակումբի պարտքը հատում է շուրջ մեկ միլիարդ եվրոն։

Նախորդ տարվա ընթացքում ճգնաժամը հասավ իր գագաթնակետին․ կապտանռնագույններին չհաջողվեց նվաճել Լա լիգան, Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում նրանք ամոթալի պարտություն կրեցին Մյունխենի Բավարիայից 8-2 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում Բարսելոնայի անհաջողությունների շարքը շարունակվեց՝ Լա լիգայում կատալոնացիները պայքարում են եվրագավաթային հորիզոնական զբաղեցնելու համար, նրանց չհաջողվեց հայտնվել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում, ինչպես նաև դուրս մնացին արքայական գավաթի խաղարկությունից։

Բարսելոնան ունի նոր նախագահ, նոր մարզիչ և նախկին մակարդակին վերադառնալու նպատակ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լապորտան հետաքրքիր տրանսֆերներ իրականացրեց։ Թիմ վերադարձավ կատալոնական ակումբի սան Ադամա Տրաորեն։ Իսպանացի աջ հարձակվողը 7 տարի անցկացրել է անգլիական թիմերում և կարող է օգուտ տալ կապտանռնագույններին՝ հաշվի առնելով ակումբի ղեկավարության և Դեմբելեի միջև կոնֆլիկտային հարաբերությունները։ Տրաորեին վարձակալել են մինչ այս մրցաշրջանի ավարտը, սակայն Բարսելոնան իրավունք ունի գնել իսպանացու տրանսֆերը 30 միլիոն եվրոյով։ Թիմում զգացվում էր արդյունավետ կենտրոնական հարձակվողի տեղը, և Լապորտան վերջին օրերին պայմանագիր կնքեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Միակ ֆուտբոլիստը, ում տրանսֆերի համար Բարսելոնան գումար է վճարել՝ Մանչեսթեր Սիթիի արդեն նախկին ֆուտբոլիստ Ֆերրան Տորեսն է։ Իսպանացու համար կատալոնացիները վճարել են 55 միլիոն եվրո։ Ինչպես նաև այս տարվա սկզբին Բարսելոնան գրանցեց թիմի կազմում Դանի Ալվեշին։ Բրազիլացին թիմ է վերադարձել Չավիի հրավերով և հասցրել է աչքի ընկնել տպավորիչ խաղով։

Լապորտան վերջերս հայտարարեց, որ Բարսելոնան մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հզորացնել թիմի կազմը։ Կատալոնացիների տրանսֆերային հիմնական թիրախը նորվեգացի Էրլինգ Հալանդն է։ Դորտմունդի հարձակվողի տրանսֆերային արժեքը այս պահին գնահատվում է շուրջ 150 միլիոն եվրո։ Հաշվի առնելով Բարսելոնայի ֆինանսական խնդիրները՝ կարելի է փաստել, որ Լապորտային դժվար կլինի ավարտին հասցնել նորվեգացու տրանսֆերը։ Հալանդը հետաքրքրել է նաև այլ գրանդ ակումբների։ Հատկանշական է Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքը․Պերեսը ցանկություն է հայտնել, որ Հալանդը տեղափոխվի Բարսելոնա, քանի որ ցանկանում է տեսնել Մեսսի-Ռոնալդու դիմակայության շարունակությունը։ Ամռանը Ռեալը ամենայն հավանականությամբ թիմ կհրավիրի ՊՍԺ-ի կիսապաշտպան Կիլիան Մբապեին։ Պերեսի կարծիքով Մբապե-Հալանդ դիմակայությունը կարող է գեղեցկացնել Էլ Կլասիկոն և ոչ միայն․․․

Բարսելոնան հետաքրքրված է այլ ֆուտբոլիստներով ևս․Մասնավորապես Չավիի համար առաջնահերթություն է Սևիլյայի պաշտպան Ժյուլ Կունդեի հնարավոր տրանսֆերը։ Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։ Սակայն Բարսելոնան թերանում է հիմնականում պաշտպանության գծում։ Պաշտպանությունը հզորացնելու համար կապտանռնագույնները ցանկանում են թիմ հրավիրել նաև Չելսիի պաշտպաններ Սեզար Ասպիլիկուետային և Անդրեաս Քրիստենսենին։ Բարսելոնային եթե հաջողվի համաձայնեցնել ֆուտբոլիստների հետ պայմանագրերը, ապա կատալոնական ակումբը երկուսին էլ թիմ կբերի առանց գումար ծախսելու։ Ասպիլիկուետայի և Քրիստենսենի պայմանագրերը Չելսիի հետ ավարտվում են այս ամռանը։ Ինչպես նաև շշուկներ կան, որ Բարսելոնան բանակցում է Բավարիայի պաշտպան Նիկլաս Զյուլեի հետ։ Գերմանացու պայմանագիրը նույնպես ավարտվում է այս ամռանը։

Բարսելոնային եթե հաջողվի արդյունավետ տրանսֆերային ամառ ունենալ, ապա թիմի խաղային որակը կարող է անհամեմատ փոխվել։ Ներկայիս Բարսելոնան աչքի է ընկնում երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներով։ Անսումանե Ֆատի, Գավի, Նիկո Գոնսալեզ, Ռիկի Պուչ և Պեդրի։ Վերջինս արժանացել է 2021 թվականի Golden Boy մրցանակին։ Ընդամենը մեկ-երկու տարի անց Բարսելոնայի երիտասարդ ֆուտբոլիստները կարող են դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներ և համաշխարհային ֆուտբոլի աստղեր։ Երիտասարդ տաղանդներին և փորձառու ֆուտբոլիստներին համատեղելով՝ Բարսելոնան կարող է վերադառնալ ֆուտբոլային Օլիմպոս․․․

 

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28