Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը լուրջ անելիքներ ունի էներգետիկ անվտանգության հարցում

Փետրվար 09,2022 20:10

Նախորդ շաբաթ Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել, որ ատոմային և գազային էներգետիկան համապատասխանում են «տաքսոնոմիայի» պահանջներին, այսինքն՝ շրջակա միջավայրին չվնասող (կամ քիչ վնասող) տնտեսության պահանջներին: Ներկայացվել է ԵՄ տաքսոնոմիկ մակնշման (դասակարգման) համակարգը, որի նպատակն է օգնել մասնավոր ներդրողներին կողմնորոշվել էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների ուղղությունների հարցում:

Այդ առումով ԵՄ-ը ներկայումս հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Մի կողմից առկա է մինչև 2050 թվականը ածխածնից չեզոք (կամ ցածր ածխածնային) տնտեսության զարգացման պարտավորությունը, մյուս կողմից կան եվրոպական երկրներ, որոնք դեռևս չեն հրաժարվել, իսկ որոշները ստիպված եղան վերադառնալ ածուխով էլեկտրաէներգիայի արտադրությանը: Վերջինս որևէ կերպ հնարավոր չէ դասել «կանաչ» էներգիայի շարքին: Բացի այդ, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման ներկայիս ցուցանիշները և տնտեսության զարգացման առկա տենդենցները, առաջիկա երեսուն տարիներին Եվրոպայում էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է կրկնապատկվել:

Որոշման հիմնավորումներում նշվում է, որ «կանաչ» տնտեսության զարգացման նախանշված նպատակներից չշեղվելու համար, մինչև 2050 թվականը պետք է կառուցվեն նոր սերնդի ատոմային ռեակտորներ, զգալի մեծացվեն վերականգվող էներգիայի արտադրական հզորությունները: Նման մեծամասշտաբ ծրագրերի իրականացման համար կպահանջվեն խոշոր ներդրումներ (ըստ տարբեր նախնական գնահատականների՝ 500-800 միլիարդ եվրոյի սահմաններում):

Այս որոշումը կարևոր է նաև Հայաստանի համար: Թեև ՀՀ և ԵՄ միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (CEPA) ուղղակի պահանջ չկա ատոմային էներգիայից Հայաստանի հրաժարվելու մասով, սակայն առկա են հստակ շեշտադրումներ (նաև քաղաքական մակարդակով), որ գործող ատոմակայանը շահագործումից հանելուց հետո պետք է հիմնական ներդրումներն ուղղվեն վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Այդ առումով վերջին դերը չունի նաև թուրք-ադրբեջանական տանդեմը:

Հետևաբար` նշյալ որոշումը Հայաստանն իր էներգետիկ դիվանագիտության մեջ (ինչը ներկայումս, ցավոք, բացակայում է) կարող է ծառայեցնել նաև սեփական շահերի և ծրագրերի իրականացման համատեքստում:

Տնտեսության զարգացմանը զուգընթաց մեծանում է նաև ԵՄ անդամ պետությունների գազի պահանջարկը: Միևնույն ժամանակ ԵՄ-ն ունի ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնելու ռազմավարական նպատակ, ինչն օբյեկտիվորեն դեռևս բարդ իրագործելի խնդիր է: Ուստի ակնհայտ է, որ վերոնշյալ որոշումն իր մեջ պարունակում է նաև քաղաքական բաղադրիչներ:

Այդ առումով ուշադրության է արժանի նաև փետրվարի 4-ին Բաքվում կայացած Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի շրջանակներում նախարարական հերթական նիստը:

Հարավային գազային միջանցքը NABUCCO նախագծի մի մասն է, որն իր մեջ ներառում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում (Հարավկովկասյան գազատար /SCP/), Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատարները: Վերջինս շահագործման է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերի վերջին:

Նշյալ նիստին ներկա էին ներկայացուցիչներ շուրջ 20 երկրներից և երկու եվրահանձնակատար: Ալիևն իր ելույթում ջանք չէր խնայում Ադրբեջանին ներկայացնել որպես վստահելի գործընկեր: Նա նշել է, որ մատակարարումների հարցում խափանումներ չեն արձանագրվել, պայմանագրի պայմանները չեն խախտվել, իսկ իրենց էներգետիկ քաղաքականության ետևում որևէ քաղաքական օրակարգ չի եղել և չկա։ Վերջինս ուղղակի ակնարկ է Ռուսաստանին: Բացի այդ, Ալիևը հավաստիացնում էր, որ Ադրբեջանը ի զորու է բավարարել ԵՄ անդամ պետությունների գազի պահանջարկը: Այդ նպատակով իրենք ևս խթանում են վերականգնվող էներգետիկան, որպեսզի նվազեցնեն Ադրբեջանի գազի պահանջարկը և այն մատակարարեն դեպի Եվրոպա: Նա նաև առիթը բաց չթողեց բոլորին հրավիրել ներդրումներ կատարել իրենց կողմից օկուպացված Արցախի տարածքներում: Այդ համատեքստում որպես խոշոր ծրագիր ներկայացվեց Ջրականի շրջանում 200 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման նախագիծը, որի հարցում հետաքրքրություն է ցուցաբերում նավթագազային ոլորտում Ադրբեջանի ռազմավարական գործընկեր (ըստ Ալիևի) BP-ն:

Չնայած Ալիևի ջանքերին Ադրբեջանը ներկայացնել որպես «էներգետիկ հսկա պետություն»՝ գաղտնիք չէ, որ այդ երկիրը չի կարող բավարարել այն թիրախային ցուցանիշները, որոնք իր առջև դրել է ԵՄ-ն: Այդ պատճառով ի սկզբանե նախատեսված էր, որ NABUCCO նախագծին որոշակի փուլում պետք է միանան Թուրքմենստանը և Իրանը: Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները՝ Իրանը դեռևս առարկայական հետաքրքրություն չի ցուցաբերում այդ նախագծին միանալու հարցում, իսկ Թուրքմենստանը (բնական գազի պաշարներով 5-րդն է աշխարհում) կարծես նման հետաքրքրություններ ունի: Դա առավել առարկայական է դարձել այն պահից, երբ Թուրքմենստանը դիտորդի կարգավիճակ է ստացել Թյուրքական պետությունների կազմակերպությունում և սկսել է հարթել իր տարաձայնությունները Ադրբեջանի հետ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատարն իր ելույթում նշել է, որ թեև Հարավային գազային միջանցքը հաջողված նախագիծ է, սակայն այն պետք է թևակոխի զարգացման նոր փուլ՝ դիտարկելով այդ միջանցքով փոխադրումների կարողությունների մեծացման և այն աշխարհագրորեն ընդլայնելու հարցերը։ Ասել կուզի, որ պետք է ավարտին հասցնել NABUCCO նախագիծը։ Իսկ ԵՄ տաքսոնոմիկ դասակարգման համակարգի սահմանման վերաբերյալ նա նշել է, որ գազն առաջին հերթին պետք է փոխարինի շրջակա միջավայրը աղտոտող էներգիայի ավանդական աղբյուրներին (ի նկատի ունի ածուխը):

Ի դեպ, առկա են որոշակի ծրագրեր Սև ծովի հատակով էլեկտրահաղորդման գծերի անցկացման հետ կապված, որոնք կկապեն Կենտրոնական Եվրոպան մեր տարածաշրջանի հետ: Ադրբեջանն այդ ծրագրին արդեն մասնակցության հայտ է ներկայացրել, ինչի մասին հայտարարել է Ալիևը: Հայաստանը ևս մեծ ներուժ ունի այդ ծրագրին միանալու համար:

Իրականում նման ծավալուն նյութով անգամ հնարավոր չէ ներկայացնել տարածաշրջանի բարդ էներգետիկ ողջ խճանկարը: Սակայն ակնհայտ է, որ Հայաստանը լուրջ անելիքներ ունի էներգետիկ դիվանագիտության հարցում: Միայն հստակ և թիրախային քայլերով է հնարավոր բարձրացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Հապաղելու դեպքում մենք կարող ենք վերջնականապես հայտնվել լուսանցքում:

ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28