Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կայացել է քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների հետ իմ գլխավորած իշխանության համագործակցության օրակարգի՝ դեկտեմբերին մեկնարկած այս փուլը

Փետրվար 14,2022 23:13

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրեր առաջ ստորագրել եմ հրամանագիր կառավարության նոր կառուցվածքը հաստատելու մասին, ինչպես նաև կատարել եմ որոշ կադրային փոփոխություններ ու նշանակումներ:

Այդ կառուցվածքային ու կադրային փոփոխությունների նպատակը ոչ միայն պետական կառավարման տարբեր մարմինների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, այլև՝ քաղաքական լայն համախմբման ապահովումը և պետբյուջեի ծախսերի հանդեպ վերահսկողության ու թափանցիկության մակարդակի բարձրացումը: Այդ տեսանկյունից կուզեի հատուկ ընդգծել, որ, բացի երկու նախարարների և մեկ շրջվարչակազմի ղեկավարի փոփոխությունից, նոր ձևավորվող նյութական վնասների հարցերի կոմիտեի և գնումների աջակցության կենտրոնի ղեկավարների պաշտոններում նշանակվել են գործող իշխանությունների հանդեպ ընդդիմադիր հայացքներով հայտնի և տվյալ ոլորտներին քաջածանոթ անձինք:

Նյութական վնասների հարցերի կոմիտեն զբաղվելու է առաջին հերթին պատերազմի վնասներին առնչվող աջակցության ծրագրերով՝ խնդիր ունենալով շարունակել մեկնարկած գործընթացը՝ միևնույն ժամանակ ապահովելով դրա արդարացիության, թափանցիկության ու արդյունավետության շարունակական բարելավումը: Բացի դրանից, այդ կոմիտեն կանոնակարգելու և կառավարելու է տարաբնույթ ոլորտներում ֆիզիկական ու իրավաբանական անձանց վնասների փոխհատուցման ու պետական աջակցության ծրագրերը: Իսկ ահա գնումների աջակցության կենտրոնի վրա դրված կարևոր պարտականություններ ու լիազորություններ կան՝ արդյունավետորեն ու թափանցիկորեն կազմակերպելու պետական գնումները: Ինչպես հայտարարել եմ, պետական բյուջեի ծախսերը պետք է կատարվեն ամբողջովին կանոնակարգված, հիմնավոր ու թափանցիկ կերպով, և այդ առումով գնումների աջակցության կենտրոնը մեծ անելիք ունի:

Մեկ այլ կառուցվածքային փոփոխություն է Նախագահի վերահսկողական ծառայության վերակազմակերպումը պետական վերահսկողական ծառայության, որի նպատակը վերահսկողական մեխանիզմների ու կարողությունների ուժեղացումն ու ընդլայնումն է՝ հաշվի առնելով հանրային ու քաղաքական լայն պահանջը:

Վերջին օրերին մեկնարկել են նաև Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները, որում ընդգրկված են և՛ մասնագետներ ու լիազոր մարմինների ղեկավարներ, և՛ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ խոշոր առումով կայացել է քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների հետ իմ գլխավորած իշխանության համագործակցության օրակարգի՝ դեկտեմբերին մեկնարկած այս փուլը: Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու կառավարման համակարգի արդյունավետության ու ներառականության մակարդակի բարձրացման և քաղաքական գործընթացների կայունության ապահովման գործում: Այդ ճանապարհին ես ակնկալում եմ բոլոր կարողունակ ու սրտացավ ուժերի համախմբում՝ ամբողջովին բաց լինելով կառուցողական առաջարկների քննարկման ու համագործակցության համար:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28