Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կբարձրացնե՞ն Շիրակի մայր բուհի դասախոսների «անարժանապատիվ» աշխատավարձը․ նորընտիր ռեկտորի պարզաբանումը

Փետրվար 19,2022 16:48

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի պետական համալսարանում կայացավ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը և 12 կողմ, 7 դեմ ձայներով ընտրվեց մեն ու միակ թեկնածուն՝ Երվանդ Սերոբյանը։

Նա 3 տարուց ավելի է՝ Շիրակի մայր բուհում կատարում է ռեկտորի պարտականությունները։

Բուհում ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթներ կայացել էին երեք տարի առաջ, սակայն որևէ մեկը չէր ընտրվել։

Նախորդ մրցույթներին Երվանդ Սերոբյանը չէր մասնակցել։

Այսօր ՇՊՀ-ի հոգաբարձուների 20 անդամներից ներկա էին 19-ը, հիվանդ լինելու պատճառով չէր ներկայացել միայն Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը։

Հոգաբարձուների խորհրդի նիստը տևեց մոտ 3 ժամ։


Ընտրվելուց հետո Երվանդ Սերոբյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

Լրագրողներից մեկի հարցին, թե արժապատի՞վ է արդյոք բուհի դասախոսների աշխատավարձը և պլանների մեջ կա՞ աշխատավարձի բարձրացում, նորընտիր ռեկտորն ասաց՝ անկեղծորեն կասեմ, արժանապատիվ չէ։ Նա նաև մանրամասնեց, որ իր ծրագրում նախատեսել է աշխատավարձի բարձրացում, սակայն չի կարող ասել որքան։

«Լսեցիք, որ իմ ծրագրում տեսանելի ապագայում կա աշխատավարձի բարձրացում, եթե հարցնեք՝ ի՞նչ չափով, բնական է բյուջեն կորոշի և կորոշի հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ»,-ասաց Երվանդ Սերոբյանը։

Այն հարցին էլ, թե՞ ռեկտորի աշխատավարձը բուհում 700 հազար դրամ է, սա որքանո՞վ է արդարացված, երբ դասախոսների աշխատավարձն այդքան ցածր է, Երվանդ Սերոբյանը պատասխանեց, որ աշխատավարձի այդ չափը ինքը չէ որոշել։ Ըստ նրա, երբ ստանձնել է բուհի ռեկտորի ժ/պ պարտականությունները, այն հաստատված է եղել հոգաբարձուների խորհրդով, ինքն առաջարկել է նվազեցնել, սակայն հոգաբարձուների խորհուրդը չի համաձայնել` գտնելով, որ տվյալ բյուջեի կառավարիչը 700 հազար դրամ պիտի ստանա։

Հարցին՝ իսկ հիմա կքննարկե՞ք ձեր, ինչպես նաև վարչական աշխատակիցների աշխատավարձը նվազեցնելու հարցը, Երվանդ Սերոբյանը կարծիք հայտնեց, որ նվազեցնելով հարցը չի կարգավորվի, այլ՝ դասախոսների աշխատավարձը պիտի բարձրացնել։

Մեր հարցին, թե բուհի անունը շոշափվում է մի քանի քրեական գործերում, դատարաններում, ի՞նչ անելիք կա մթնոլորտը հարթեցնելու առումով, Երվանդ Սերոբյանն ասաց․ «Աշխատանքի վերականգման մասով կան նախկին աշխատակիցներ, որոնք դատական գործընթացների մեջ են։

Իսկ մթնոլորտի հարթեցման առումով ասեմ, այն, ինչ ունեինք 3,5-4 տարի առաջ և ինչ ունենք հիմա, խիստ տարբերվում են իրարից։ Մենք ունենք աշխատանքային մթնոլորտ, աշխատանքային միջավայր, իսկ եթե ձեզ թվում է՝ 450 հոգանոց կոլեկտիվում կառավարչից բոլորը պետք է գոհ լինեն, եթե նման բան լինի, հաջորդ օրն այդ կառավարչին պիտի ուղղակիորեն հանել աշխատանքից։ Ցանկացած որոշում որոշ մարդկանց կողմից անտարբերությամբ է ընկալվելու, մյուս մասի կողմից ընկալվելու է որպես դժգոհություն, մի մասն էլ կարող է գոհ լինել։ Դա օրինաչափ երևույթ է»,-ասաց Երվանդ Սերոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28