Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կարապետյան․ «Երեկ «Եվրանեսթի» բյուրոյի նիստում ընդունվել է բանաձեւ, որին ես կողմ չեմ քվեարկել»

Փետրվար 22,2022 13:15

Այս պահին Երեւանում ընթանում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ներառվել է Հարավային Կովկասի անվտանգությունը թեմայով հարց։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նա տեղեկացրեց, որ առավոտյան քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հայաստանից եւ Ադրբեջանից փորձագետներ են հանդես եկել, ապա մտքեր են հնչել ՀՀ պատվիրակության եւ ադրբեջանցի պատգամավորների կողմից, ինչպես նաեւ եվրոպացի պատգամավորներն են իրենց դիրքորոշումը հայտնել։

«Այստեղ հույժ կարեւոր եմ համարում Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը, նա եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչն է Հարավային Կովկասի համար, նա եւս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, հակամարտությունը պետք է ստանա խաղաղ լուծում»,-ասաց Կարապետյանը։

Երեկ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում արդյոք հակառուսական բանաձեւ է ընդունվել՝ կապված ՌԴ-ի՝ Լուգանսկի եւ Դոնեցկի անկախության ճանաչման հետ, ի պատասխան այս հարցի, Կարապետյանը նախ ասաց, որ վեհաժողովում ներկայացված են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, եւ ԵՄ արեւելյան գործընկերության երկրների պատգամավորները՝ Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, նաեւ Բելառուս, որի մասնակցությունն այս նիստերին կասեցվել է․ «Նիստի օրակարգը ձեւավորում են բոլոր երկրների քարտուղարությունը եւ քաղաքական գործիչները համատեղ։ Այն օրակարգը, որը բերվել է Երեւան՝ տիպիկ է «Եվրանեսթ»-ում քննարկման թեմաների տեսանկյունից։ Այսինքն` առանձին դիտավորություն, բացի այն աշխարհաքաղաքական համատեքստից, որում մենք ապրում ենք, անհրաժեշտ չէ այստեղ փնտրել։ Երեկ բյուրոյի նիստում ընդունվել է բանաձեւ, որին ես կողմ չեմ քվեարկել»։

Բովանդակությունը Կարապետյանը չբացահայտեց, ասաց, որ այն պետք է խմբագրվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից, հորդորեց մի փոքր սպասել, այն կհրապարակվի։ Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ բանաձեւի տեքստը նիստից օրեր առաջ շրջանառվել է։

Հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց մասին արդյոք քննարկում կամ որոշում եղե՞լ է, այս հարցին էլ ի պատասխան Մարիա Կարապետյանն ասաց, որ վեհաժողովում նման ձևաչափ՝ գերեվարվածների մասին որոշում ընդունելու, չի ենթադրվում․ «Բայց իմ ասած՝ օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են։ Վեհաժողովի չորս հանձնաժողովում բանաձեւերը դեռեւս սեւագրի մակարդակում են։ Սրանք հակամարտության համատեքստ չունեն, այսինքն՝ հակամարտությունները քննարկելու հնարավորությունը առանձին օրակարգային հարցերով, առանց բանաձեւումների քննարկումներն էին, որոնք արդեն տեղի են ունեցել»։

Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվող «Հարավային Կովկասում անվտանգությունը» հարցի շրջանակներում, ըստ Կարապետյանի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը, առանձին բանաձեւ չէր նախատեսվում։

«Հայաստանն արդեն տեւական ժամանակ է, որ Հայաստանը խոսում է Հարավային Կովկասում խաղաղ դարաշրջան բացելու մասին, նաեւ Ալիեւից ենք լսում խաղաղության մասին ուղերձ, ընդհուպ համաձայնագրի մասին, սակայն գործողություններն ու խոսքերը պետք է համապատասխանեն։ Մեր եւ միջազգային հանրության պատկերացումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է այն ֆորմատը, որտեղ խաղաղության նման համաձայնագիրը կարող է քննարկվել»։

Ճշտող հարցին՝ ինչի՞ մասին էր բյուրոյի հայտարարությունը, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի՞, Մարիա Կարապետյանը պատասխանեց․«Ես պետք է կրկնեմ՝ իմ հույսն այն է, որ խաղաղությունը կպահպանվի, մենք 2020 թվականի աշնանն անցել ենք պատերազմի արհավիրքի միջով, այլ ակնկալիք կամ հույս չենք կարող ունենալ։ Սպասենք բյուրոյի ուղերձի հրապարկմանը, քանի որ կողմ չեմ քվեարկել, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել այն։ Իմ հույսն այն էլ, որ խաղաղությունը կպահպանվի երկխոսության միջոցով եւ հնարավոր կլինի թոթափել լարվածությունը»։

Արդյոք հայկական պատվիրակությունը քննարկել է, թե այս բանաձեւին ինչպես կքվեարկի, Կարապետյանն ասաց․ «Որպես բյուրոյի անդամ պատասխանատվությունն իմն է, բայց ես խորհուրդ հարցրել եմ իմ գործընկերներից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28