Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ «փղերը» կռվում են, տուժում են «մանր» կենդանիները. «Հայացք Երեւանից»

Փետրվար 25,2022 09:30

Հարց է առաջանում, թե, իրոք, որքանով են ուկրաինական դեպքերը փոխկապակցված մեր տարածաշրջանի հետ։ Պատասխանը, սթափ մոտեցման դեպքում, կարծես թե, պետք է ակնհայտ լինի՝ Ուկրաինայի դեպքերն ուղղակիորեն փոխկապակցված են մեր տարածաշրջանի հետ, եւ դա պետք է դիտարկել որպես մեկ ընդհանուր հակամարտություն՝ միաժամանակ տարբեր խաղատախտակների վրա խաղացվող։

Պարզ է, որ Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունը գլոբալ է, որը ընթանում է ձեւավորվող նոր աշխարհակարգի ապագա խաղի կանոնների սահմանման համար, եւ ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության սահմանափակումն է՝ լինի դա Կովկասում, թե Արեւելյան Եվրոպայում։

Պատահական չէ, որ Արցախի պատերազմից հետո սրվեց նաեւ Դոնբասի հակամարտությունը՝ դրանք փոխկապակցված կոնֆլիկտներ են։ Ուկրաինայում հասկացան, որ նման պատերազմի միջոցով կարելի է լուծել նաեւ Դոնբասի խնդիրը, նույն դաշնակիցներով, նույն զինատեսակներով, մասնավորապես՝ բայրաքթարներով, որոնք Ուկրաինան Արցախի պատերազմից հետո սկսեց ակտիվորեն գնել Թուրքիայից։

Արցախի պատերազմի հետեւանքով Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մեծացրեց իր ազդեցությունը, հիմա հերթը Ուկրաինայինն է։ Սա աշխարհաքաղաքական մրցակցություն է, որտեղ Թուրքիան Արեւմուտքի գործընկերն է ու հիմնական շահառուն։ Այս իմաստով, այո, կարող ենք ասել, Ուկրաինայի իրադարձությունները փոխկապակցված են մեր տարածաշրջանի զարգացումների հետ։

Մեր տարածաշրջանի տեսանկյունով՝ Արեւմուտքին ոչ թե Հայաստանն ու Արցախն է հետաքրքրում, այլ ավելի մեծ հարցեր՝ Ռուսաստանի, Իրանի, նաեւ Չինաստանի ազդեցության սահմանափակումը, տնտեսական մեկուսացումը։

Հայաստանի քաղաքացիների համար պետք է պարզ լինի, որ երբ «փղերը» կռվում են, ապա տուժողի դերում «մանր» կենդանիներն են լինում, եւ Ուկրաինայի դեպքերը մենք պետք է դիտարկենք ոչ թե որպես մեզանից հեռու տարածաշրջանում տեղի ունեցող լոկալ հակամարտություն, այլ ուղղակիորեն մեզ հետ փոխկապակցված իրադարձություն։

Հատված Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երեւանից» պարբերականի խմբագրականից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28