Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ժողովուրդը դեպի ապագա տեսլական չի ունենում, այդ ժողովուրդը դառնում է չարչի»․ Վազգեն Պետրոսյան

Փետրվար 25,2022 18:07

Այսօր մեծ հայի՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 157-րդ տարեդարձն է: Այդ առիթով «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական ՀԿ-ն Եռաբլուրում Զորավար Անդրանիկի շիրիմի մոտ նախաձեռնել էր միջոցառում եւ ստորագրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ նախագահ Վազգեն Պետրոսյանն իր ելույթում ասաց. «Զորավար Անդրանիկն իր ծննդով հիմք դրեց նորագույն զինյալ ազատագրական պայքարի, որտեղ հավասարակշռված պայքար էր մղվում՝ ընդդեմ մեր թշնամիների: Նա իր խիզախությամբ, հայրենասիրությամբ դարձավ սիմվոլը հայ ժողովրդի: Նա միակ հերոսն էր որի ողջ եղած ժամանակ արժանացավ հայ ժողովրդի բարձր գնահատականին: Այն հերոսն էր, որի ողջ եղած ժամանակ իր մասին տասնյակ, հարյուրավոր երգեր գրվեցին: Զորավար Անդրանիկը նաեւ այսօր է ոգեշնչում հայ ժողովրդին՝ Հայաստանից սփյուռք: Եվ այսօր, երբ մեր երկիրը՝ ՀՀ-ն կանգնած է օրհասական վիճակի առաջ, Զորավար Անդրանիկը եթե լիներ, գերեզմանից կհառներ ու նորից կուզենար փրկել մեր հայրենիքը: Այսօր բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են համարում եւ համարում են Զորավար Անդրանիկի հետեւորդը, պետք է ոտքի կանգնեն եւ մեր երկիրն այս վիճակից հանեն»:

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից առաջ դավաճանություն է եղել ու այսօր ժամանակն է, որ Հայաստանից սփյուռք բոլորը միանան իրար. «Այսօրվա փոսի միջից կարող ենք դուրս գալ միայն այն ժամանակ, երբ մեկս մյուսի ուսի վրա կանգնի: Աջ ու ձախ խփելով՝ կխորացնենք այդ փոսը: Մենք պետք է թուրքին ասենք՝ ոչ, աշխարհին ասենք՝ ոչ: 44-օրյա պատերազմի ընթացքում հայը կռվեց աշխարհի դեմ: Բոլորը պետք է հասկանան, որ հայ զինվորականի ոգին անկոտրում է»:

Ըստ Պետրոսյանի, Զորավար Անդրանիկը «մենք»-ի խորհրդանիշն է, իսկ հայ ժողովուրդը պարտվեց, քանի որ «մենքը» մոռացավ, կենտրոնացավ իր «ես»-ի շուրջ:

Նա նշեց, որ մտավորականությունը պետք է միանա պայքարին. «Երբ ժողովուրդը դեպի ապագա տեսլական չի ունենում, այդ ժողովուրդը դառնում է չարչի: Իր այս պահի համար ապրող ժողովուրդն այս աշխարհում իրավունք չունի ապրելու»:

Անդրադառնալով իշխանության հրաժարականի պահանջով ստորագրահավաքին՝ Վազգեն Պետրոսյանն ասաց. «Բոլորս գիտակցում ենք, որ եթե հարյուր հազարավոր ստորագրություններ էլ հավաքվեն, այսօրվա իշխանությունը չի հեռանա, քանի որ իր թիկունքում ունի դավաճանություն հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ: Բայց այդ ստորագրահավաքը կստեղծի իրավական հիմք, որ մենք կարողանանք բոլորով գնանք առաջ եւ հիմք ստեղծելով՝ ունենանք բավականաչափ հզորություն ու դուրս գանք տարբեր ձեւերով պայքարի»:

Եռաբլուրում միջոցառմանը մասնակցում էին նաեւ Ազատագրական շարժման անդամները եւ «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները:

Եռաբլուրում մի քանիսը դրեցին իրենց ստորագրությունները, վաղը Հյուսիսային պողոտայում ստորագրահավաքը կշարունակվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28