Կառավարության այսօրվա նիստում Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը մինչ խորհրդական նշանակվելը Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում զբոսաշրջային հետաքրքրիր ծրագրեր էր իրականացնում, փոքր բիզնես անում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում կատարած կարեւոր աշխատանքի համար․ «Համոզված եմ, որ մենք պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առաջ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Գիտեք, որ պարոն Ղուկասյանն այս ընթացքում Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել եւ մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»։
Ռոբերտ Ղուկասյանն էլ ասաց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարումն ինձ վստահելու համար: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատանքային խումբը գործում եւ աշխատում է Սյունիքի մարզում, եւ բազմաթիվ խնդիրներ են այնտեղ այս պահի դրությամբ լուծված: Դեռ շատ անելիքներ ունենք: Շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի մարզպետի պաշտոնն ինձ վստահելու համար: Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաեւ ձեր սպասելիքները»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց՝ նշված աշխատանքային խումբը շատ կարեւոր է, եւ հարցերը լուծում են շատ արդյունավետ․ «Ողջունում եմ Ռոբերտ Ղուկասյանի թեկնածությունը, սա շատ լավ օրինակ է, երբ մենք առաջնորդվում ենք մարդկանց ունակություններով, ոչ թե՝ ինչ կապեր ունեն մարդիկ։ Ռոբերտ Ղուկասյանը Կալավան գյուղում աշխատող փոքր գործարար էր, որը դարձավ խորհրդական, հիմա՝ մարզպետ, սրանով քաղաքական լուրջ ընդգծում ենք, որ մարդիկ իրենց աշխատանքով են առաջ գնում, ոչ թե իրենց կապերով»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































