Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող են խարդախության ռիսկեր լինել»․ Լեւոն Սահակյանը՝ առցանց վարկավորումների մասին

Մարտ 03,2022 15:19 Share

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է ՔՊ-ի ներկայացրած՝ տնտեսագիտության դոցենտ, մանկավարժ, մասնավոր հատվածում ֆինանսական տնօրենի, հաշվապահի փորձառություն ունեցող, սեպտեմբերից մինչեւ այսօր ԱԺ նախագահի խորհրդական, Երեւանի ավագանու գործող անդամ (թվարկված պաշտոնները կասեցվելու են ընտրվելու դեպքում․-հեղ․) Լեւոն Սահակի Սահակյանի թեկնածությունը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Սահակյանին ասաց, որ վերավարկավորող կազմակերպությունները քաղաքացիներին վարկեր են տրամադրում անգամ առցանց՝ միայն անձնագրի պատճենով, եւ չեն էլ հետաքրքրվում, թե մարդն ինչ վարկային պատմություն ունի։ Ըստ պատգամավորի՝ ստացվում է, որ նման վարկային կառույցները սպասարկում են խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին։

Լեւոն Սահակյանը նախ նշեց, որ առցանց վարկավորումը զարգանում է ողջ աշխարհում, եւ ՀՀ-ին զերծ պահել այդ տեխնոլոգիական առաջընթացից հնարավոր չէ․ «Սակայն այլ է հարցը, երբ նման տեխնոլոգիաները կարող են խարդախության ռիսկեր պարունակել։ Բնականաբար, ԿԲ-ն մինչեւ այս պահն իր վերահսկողական գործառույթներն իրականացնում է, որ սպառողների շահերը պաշտպանվեն։ Դրանից ամբողջապես հրաժարվելը հնարավոր չէ, բայց սպառողների շահերը միաժամանակ պետք է պաշտպանվեն։ Իսկ թե ինչ ուղղությամբ են հաջորդիվ ծախսվում նման վարկերը, ես կդժվարանամ ասել։ Բայց ամրագրել, թե առցանց վարկավորումը գնում է կոնկրետ ուղղության վրա, չենք կարող, չկա համապատասխան վիճակագրություն»։

Թեկնածուն շեշտեց, որ քաղաքացու պաշտպանության լավագույն գործիքը ֆինանսական գրագիտության բարձրացումն է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031