Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 8-ը կանանց խնդիրները վեր հանելու, դրանց լուծումները գտնելու եւս մեկ օր է

Մարտ 08,2022 22:55

Վանաձորում կանանց իրավունքների միջազգային օրը նշվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: «Հանուն կանանց կայուն զարգացման» խորագրով միջոցառումը կյանքի է կոչվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Եվրոպական միության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի, «Safe YOU» հարթակի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի շնորհիվ:

Միջոցառման ընթացքում տնտեսության, նորարարության, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հաջողության հասած կանայք խոսեցին իրենց անցած ճանապարհի ու ձեռք բերած փորձի մասին. «Քաղաքականությունների իրականացման մակարդակում, ներկայիս զարգացող աշխարհում, մենք տեսնում ենք, որ ունենք միջոցների ոչ հավասար բաշխվածություն եւ հանուն այդ միջոցների հավասար բաշխվածության մենք պայքարում ենք մեր ամենօրյա աշխատանքով, փորձում այնպես միջամտել իրերի դասավորությանը, որպեսզի բոլոր կանայք եւ աղջիկներն ունենան հավասար հնարավորություն վարձատրության դաշտում, որոշումների կայացման ոլորտում, լինեն սոցիալապես, տնտեսապես կայուն ու ինքնաբավ»,- ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը:

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանն ասում է, որ մարտի 8-ն առանձնանում է լինելով ոչ  միայն օրացուցային տոն, այլեւ սա եւս մի առիթ է կանանց մեծարման, արժեւորման, ինչպես նաեւ վերջիններիս խնդիրների բարձրաձայնման համար. «Այսօրվա միջոցառումն առիթ է որպեսզի մենք խոսենք կանանց իրավունքների եւ հնարավորությունների մասին: Եթե մենք ցանկանում ենք, որ երկիրը կայուն զարգացում եւ աճ ունենա, կարեւոր է, որպեսզի բարձրաձայնվեն եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց խնդիրները: Նաեւ պոտենցիալը, որակավորումը եւ գիտելիքը կանանց եւ տղամարդկանց օգտագործեն՝ զարգացման գործընթացները կազմակերպելու առումով»:

Խոսելով Հայաստանում կանանց խնդիրների մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն առաջին հերթին առանձնացնում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, ապա թվարկում մի շարք այլ խնդիրներ եւս. «Դեռ չծնված մենք խտրականություն ենք դնում տղաների եւ աղջիկների մեջ: Փորձում ենք տղաներին նախընտրություն տալ եւ մեր աղջիկներին թերագնահատել: Կանայք հիմնականում ենթարկվում են ընտանեկան բռնությունների եւ այլ խտրականությունների տարբեր ոլորտներում: Կանանց մասնակցությունը՝ քաղաքականության, տնտեսության, անվտանգության ոլորտներում դեռ շատ սահմանափակ է: Իսկ Հայաստանը լինելով փոքր երկիր, ունենալով նվազող բնակչություն, պետք է յուրաքանչյուր մարդու ներուժն օգտագործի»:

Հանդիպման ժամանակ Safe YOU հարթակի հիմնադիր Մարիամ Թորոսյանը ներկայացրեց իրենց կողմից ստեղծված հավելվածը, որն արդեն մեծ ճանաչում է գտնել արտերկրում. «Կանանց դերը շատ կարեւոր է՝ թե՛ բիզնեսում, թե՛ նորարարության, թե՛ տեխնոլոգիաների ոլորտում:Կարեւոր է, որպեսզի կանանց հնարավորինս հզորացնենք, հնարավորություններ ստեղծենք եւ նրանց ներուժն ամբողջությամբ իրացնենք, քանի որ դա կարեւոր է ամբողջ հասարակության ու մեր երկրի կայուն զարգացման համար»:

Միջոցառումն իրականացվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների եւ երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031