Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվավոր քաղաքացի՝ Գյումրու ամենավառ դեմքերից մեկին․ դահլիճը թնդում էր ծափահարություններից

Մարտ 10,2022 20:50

Այսօր ավագանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացրեց Գյումրու ամենավառ, կոլորիտային դեմքերից մեկին՝  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանին։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը դեռ չէր հնչեցրել նկարչուհու անուն-ազգանունը, նիստերի դահլիճը թնդաց ծափահարություններից։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշեց, որ տիկին Մկրտչյանի հոբելյանական 75-ամյակի առթիվ ապրիլ ամսին կբացվի նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի ժամանակ էլ առիթ կունենան հանձնել Գյումրու պատվավոր քաղաքացի տիտղոսը։

Այս պահին նրա  աշխատանքների ցուցահանդեսն է բացված Շիրակի մարզպետարանում․ 30 նկարներ, որոնց մեծ մասը դեռ ցուցադրված չէին, նատյուրմորտներ են և որոնք ստեղծվել են համավարակի ժամանակաշրջանում՝ խորհրդանշելով նոր կյանքը,ծաղկող բնության, սերն ու զարթոնքը, փակցված են մարզպետարանի պատերին (տես լուսանկարներում)։

Գյումրու ավագանու անդամներն այնպես էին ծափահարում,  որ մի պահ մոռացան հարցը դնելու քվեարկության։

Նշենք, որ Սուսաննա Մկրտչյանը  Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն է, նա կրթում է սերունդների, բացահայտում նոր տաղանդների։

Գյումրու գրեթե բոլոր միջոցառումներում իրենց ուրույն տեղն ունեն նկարչուհու ստեղծագործությունները, դրանք գույն, շունչ, կենդանություն են հաղորդում քաղաքին, ցուցադրում են  հարազատ քաղաքի բնավորությունը, կենցաղը, մարդկանց, կոլորիտային դեմքերին՝ բնիկ գյումրեցիներին։

Նկարչուհին ստեղծագործում է գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում, ստեղծում է նատյուրմորտներ, արձաններ, տարազներ, նկարում մետաքսի վրա։

Սուսաննա Մկրտչյանի մտերիմների փաստմամբ, նա  փայլում է նաև ազգային խոհանոցում․ յուրահատուկ ձևով է պատրաստում հայկական կերակրատեսակները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031