Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ծրագրերը եղել են հասցեական, ժամանակին»․ ֆինանսների նախարարի բացատրությունները քննիչ հանձնաժողովում

Մարտ 24,2022 18:08

«Այնուամենայնիվ, կարիք կար, որ Արմեն Սարգսյանը եւս գար հանձնաժողով։ Այսօր նա այլեւս նախագահ չէ, բայց հարցերը մնում են»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով, որ նախորդիվ Արմեն Սարգսյանը չի եկել հանձնաժողովականների հարցերին պատասխանելու։

Այնուհետեւ տեղեկացրեց՝ մի շարք հարցադրումներ չէին ստացել հստակ պատասխաններ, ուստի հանձնաժողովը եւս մեկ անգամ գրություն է հղել կառավարությանը եւ այսօր հրավիրել ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, որը գրավոր պատասխանել է հանձնաժողովի հղած հարցերին։ Նախարարին հղվել էր հարցադրում՝ հիմնադրամի հավաքագրած միջոցները, որոնք նվիրաբերվել են կառավարությանը՝ մոտ 52 միլիարդ դրամ, ի՞նչ նպատակով են ծախսվել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ինչպե՞ս է գնահատվելու այդ ծրագրերի արդյունավետությունը։

Տիգրան Խաչատրյանը նախ տեղեկացրեց, որ նշյալ գումարը հիմնադրամը կառավարությանը տվել է նվիրաբերության պայմանագրերով՝ ըստ դրանցով սահմանված նպատակների․ «Կառավարությունը պետք է այդ գումարներն օգտագործի ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, առողջապահական եւ սոցիալական ծախսերի ֆինանսավորման համար։ Նվիրաբերության պայմանագիրն անհատույց ստացված այլ հատկացումներից տարբերվում է նրանով, որ եթե նվիրատուն պարզի, որ իր հատկացրած միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, ապա իրավունք ունի պահանջելու, որ նվիրաբերությունը վերացվի։ Ըստ պայմանագրի՝ կառավարությունը գումարների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններ պետք է տա հիմնադրամին եւ հաստատի, որ միջոցներն ուղղվել են պայմանավորվածությանը»։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ իրականացված ծրագրերի եւ միջոցառումների հաշվետվություններն արդեն ներկայացված են քննիչ հանձնաժողովին․ «Մեզանից պահանջել էիք լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել այդ ծրագրերի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ։ Որքան հնարավոր էր՝ հաշվետվությունը ներկայացրել ենք։ Հանձնաժողովը հարցրել է, թե ամեն ծրագրի կամ միջոցառման շրջանակում ծախսերի հասցեականությունը որքանով է համապատասխան, այսինքն՝ ամեն դրամը հասե՞լ է շահառուին։ Կառավարությունը դիմել է հաշվեքննիչ պալատին ու խնդրել, որ ամեն ծրագիր ու միջոցառում լրացուցիչ ուսումնասիրության ենթարկվի, թեեւ բյուջեի կատարման առումով անհամապատասխանություններ չէին արձանագրվել պալատի արդեն իսկ կատարած հաշվեքննությունում։ Տեղեկացնեմ, որ աշխատանքն ընթացքի մեջ է։ Մենք բոլոր տեղեկությունները հասանելի ենք դարձնում հաշվեքննիչ պալատի համար»։

Նախարարի խոսքով՝ իրենք շահագրգիռ են, որ բոլոր կողմերը ծանոթանան առկա փաստաթղթերին․ «Նպատակն այլ կերպ հնարավոր չէ պարզաբանել, քան այն, ինչ գրված է նվիրաբերության պայմանագրում։ Նպատակը լայն է գրված՝ հաշվի առնելով այն վիճակը, որում ստացվել էին այդ գումարները։ Կառավարությունն է, որ օրենքով իրեն սահմանված շրջանակում մանրամասնել է, թե ինչ ծրագրեր ու միջոցառումներ են սպասարկվել այդ գումարներով։ Կարծում ենք, որ բոլոր ծրագրերը եղել են հասցեական, ժամանակին, իրավիճակային։ Սա հատուկ շեշտեմ, որովհետեւ իրավիճակները պահանջում էին արագ արձագանք, իսկ արագ արձագանքի ժամանակ ոչ միշտ է, որ հնարավոր է բոլոր առանձնահատկությունները հաշվի առնել։ Բայց գտնում ենք, որ բոլոր ծրագրերը շատ բարձր արդյունավետությամբ ծառայել են նպատակին։ Մեր կարծիքով՝ բոլոր ծրագրերն ու միջոցառումները գտնվել են օրենքի հետ լիարժեք համապատասխանության մեջ»։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց՝ 52,7 միլիարդ դրամով շատ ծրագրեր են իրականացվել, ենթադրենք, որ ժամանակագրական առումով խնդիր չկա․ «Ինչո՞ւ տեղեկանք չեք տալիս, որ գումարի այսքան մասը ծախսվել է մի ծրագրի, այսքան մասը՝ այլ ծրագրի համար»։

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց․ «Կառավարությունը նշյալ գումարը ստացել է, հիմնադրամի հետ պայմանավորվել, որ այն կօգտագործի բացառապես պայմանագրերով սահմանված նպատակային ուղղություններով, որոնք ունեն ընդհանուր ձեւակերպումներ։ Հետո կառավարությունը պարտավորվել է այդ գումարի օգտագործման վերաբերյալ տալ հաշվետվություններ եւ տվել է»։

Աղազարյանը շարունակեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ որեւէ ծրագրի դեպքում դրա գումարի մի մասն է միայն վերցվել հիմնադրամի նվիրաբերած գումարից։ Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ գումարի մի մասն օգտագործվել է 2020թ․-ին, մյուսը՝ 2021-ին եւ այդ մասին նշված է հաշվետվությունում․ «Շատ դեպքերում կարող է ձեր ասածի պես լինել, որովհետեւ ոչ մի տեղ գրված չէ, թե ծրագիրը չի կարող ֆինանսավորվել, այդ թվում նվիրաբերված գումարներով։ Համապատասխանության ապացուցման փաստը կառավարության դեպքում հաշվետվությունն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031