«34 տարվա ընթացքում երևի առաջին անգամ է, երբ ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են որոշակի կետերի շուրջ»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում. ի՞նչ է դրվելու բանակցությունների սեղանին» թեմայով քննարկման ընթացքում կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան ներկայիս բանակցությունների փուլին:
Նա փաստեց՝ ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնել են հինգ կետերի շուրջ ու նշեց. «Ադրբեջանը հինգ կետ է ներկայացրել, Հայաստանի համար այդ կետերն ընդունելի են և ՀՀ-ն առաջ է քաշել կետեր, որոնք հրապարակային չեն: Ակնարկների մակարդակում ասվում է, որ ՀՀ-ի կողմից առաջ քաշված կետերն Արցախում ապրող հայերի և Արցախի կարգավիճակի մասին են: Գոնե կա հինգ կետ, որի շուրջ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայն են: Եթե կարդում ենք՝ այնտեղ կարմիր թելի գծով անցնում է այն գաղափարը, որ երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ֆիքսված սահմանները, պարտավորվում են չձեռնարկել որևէ գործողություն, որը կվտանգի մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը»:
Ըստ Բենիամին Պողոսյանի՝ մեր միջազգային գործընկերները հաճելիորեն զարմացած են, որ կողմերը եկել են նման համաձայնության. «Մեր միջազգային գործընկերները սովորաբար նման հարցերում բարձրացնում են կարգավիճակի և պատկանելության հարցը: Հիմնական խնդիրը, որտեղ կողմերը հակադիր դիրքորոշում ունեն, կարգավիճակի հարցն է: Մնացածում հնարավոր է լինում հասնել ինչ-ինչ պայմանավորվածությունների: Առաջին անգամ հետխորհրդային կոնֆլիկտների շրջանում ունենք իրավիճակ, երբ երկու կողմերը հայտարարում են, գոնե Ադրբեջանը գոնե հրապարակային հայտարարում է, որ պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Ինչքան էլ ՀՀ-ն ասում է՝ այո, բայց Արցախի կարգավիճակը դեռ մնում է: Բոլորս հասկանում ենք, որ կարգավիճակ կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում: Վերջին հաշվով ԼՂԻՄ-ը, երբ կարգավիճակ էր Խորհրդային Ադրբեջանի կազմում: Հետևաբար կարծում եմ՝ հիմա իրոք հետաքրքիր իրավիճակում ենք, երբ առաջին անգամ հետխորհրդային հակամարտության պատմության մեջ երկու կողմերն էլ համաձայնել են կարգավիճակի շուրջ կամ կողմերից մեկը հրապարակել է իր հիմնական պահանջները, որ պատրաստ է քննարկել կարգավիճակի հարց՝ բացի նրանից, որ անկախ սահմաններից Արցախը Ադրբեջանի կազմում լինել չի կարող: Այդ դիրքորոշումը շարունակելու են պաշտպանել Արցախի իշխանությունները»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ ակնկալել ապրիլի 6-ին սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպումից, Բենիամին Պողոսյանը պատասխանեց. «Հասկանալի է, որ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր չի ստորագրվի: Գուցե միայն կստորագրվի հայտարարություն միայն Շառլ Միշելի անունից: Չի բացառվում, որ լինի եռակողմ հայտարարություն, որտեղ գուցե ևս մեկ անգամ կվերահաստատվի, որ կողմերը պատրաստ են սկսել բանակցություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ»:
Հարցին՝ այս իրավիճակում արդյոք նպատակահարմա՞ր է նման շտապողականությունը, երբ կա նաև էթնիկ զտման խնդիր, Բենիամին Պողոսյանը պատասխանեց. «Ադրբեջանը ոչ մի տեղ առանձնապես չի շտապում: Նոյեմբերի 9-ից հետո նրանք ռազմավարություն են որդեգրել՝ անել ամեն ինչ, որ յուրաքանչյուր հաջորդ տարի Արցախում ավելի քիչ հայ լինի: Եթե հիմա ՀՀ-ն ստորագրի խաղաղության պայմանագիր, որտեղ նշված է, որ կողմերը պահպանում են, որ Արցախին կտրվի մշակութային ինքնավարություն, ինչը կլինի լղոզված, քանի որ դա կարող է ենթադրել, որ ադրբեջանական ինչ-որ դպրոցում հայերեն լեզվի ժամեր լինեն, Ստեփանակերտի ռադիոյով՝ ադրբեջաներենին զուգահեռ, հայերեն հաղորդումներ: Դրանից Ադրբեջանը չի հրաժարվի, եթե ՀՀ-ն պնդի, որ ես այլևս հրաժարվում եմ իմ պնդումներից, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց գոնե եկեք վերադառնանք 1988-ին՝ ինքնավար կարգավիճակ վարչատարածքային միավորով: Այդ դեպքում Ադրբեջանը կարող է պայմանագիր չստորագրել, կարող է ասել՝ եկեք բանակցենք: Բայց դրան զուգահեռ՝ ինքն իր քաղաքականությունն իրականացնելու է: Ադրբեջանը կստորագրի համաձայնագիր, եթե ՀՀ-ն ստորագրի ինքնավարության պայմանագիր, հակառակ դեպքում Ադրբեջանն իր ռազմավարությունը կշարունակի: 5-7 տարի հետո կունենանք այն իրավիճակը, եթե ՀՀ-ն շարունակի անել այն, ինչ անում է 2020-ի նոյեմբերի 9-ից: Նախ` գյուղերից մարդիկ կենտրոնանում են Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում: Այդտեղից էլ կենտրոնանում են Ստեփանակերտի օդային տարածքում: 5-7 տարի հետո ունենալու ենք իրավիճակ, երբ Արցախի Հանրապետության փոխարեն ունենալու ենք մեկ ռազմական քաղաք՝ Ստեփանակերտ-Ասկերան տարածք՝ իր օդանավակայանով, որտեղ իքս թվով հայեր են ապրելու, որոնք ռուսական ռազմակայանին են սպասարկում: Մոտավորապես այն իրավիճակը, ինչ հիմա կա Հարավային Օսիայում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի


















































