Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընդդիմությունը գնա քաղաքական բովանդակային ճանապարհով, կվերացվի հայկական քաղաքականության համակարգի դեգրադացիան, որի արդյունքը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է»

Ապրիլ 26,2022 22:10

Իշխանության վարած քաղաքականության դեմ երկրորդ շաբաթը թեւակոխած ընդդիմության բողոքի ցույցերը մտել են ակտիվ փուլ: Ի՞նչ է կատարվում Հայաստանում եւ ինչի՞ կբերի այս ամենը: «Հայկական օրակարգ» խորագրով կազմակերպված քննարկմանը քաղաքական վերլուծաբան Գառնիկ Գեւորգյանը հարցադրմանը պատասխանեց. «Գլոբալ առումով ոչինչ էլ չի կատարվում, որովհետեւ եթե ինչ-որ բան կատարվեր, չէր լինի այն վիճակը, ինչ այսօր կա: Մյուս կողմից կատարվում են շատ իրադարձություններ, որոնք հավանորեն հանրությանը անտարբերությունից արթնացնելու, տեղից շարժելու նպատակ ունեն: Կարծում եմ, մինչեւ քաղաքական հարթության վրա իրավիճակը գնահատելը, պետք է հասկանալ՝ ինչ բարոյահոգեբանական վիճակում է գտնվում մեր հասարակությունը: Կարծում եմ՝ մենք գտնվում ենք սխալի գիտակցման, բայց դեռեւս չընդունման, սխալի հետ չհամակերպվելու վիճակում:

Ընդդիմությունը, այսօրվա էլիտաները, որ փորձում են ինչ-որ բան անել, պետք է աշխատեն իմ նշած սխալի գիտակցումից մինչեւ սխալի ընդունում տիրույթում: Բայց եթե խնդրին այս տեսանկյունից ենք նայում, չեմ կարծում, որ այսօր դրա համար ընտրված են լավագույն միջոցները: Մինչեւ երեկ կիրառվում էին նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են 2018-ին: Դրանք, իհարկե, Նիկոլ Փաշինյանինը չէին: Ինքն էլ մի ուրիշ տեղից վերցրել էր: Այդ տեխնոլոգիաները եւ հասարակությանը հղվող այսօրվա ուղերձը հակասության մեջ են մտնում, որովհետեւ չորս տարի ընդդիմությունը հասարակությանն ասել է, թե 2018-ին սխալ է թույլ տրվել: Եվ երբ կիրառվում են նույն տեխնոլոգիաները, հասարակությունն ունի ասոցիատիվ հիշողություն: Այստեղ էլ հակասություն է առաջանում. եթե սխալ էր 2018-ին, ինչո՞ւ անել այն, ինչը մեկ անգամ արել ենք եւ սխալվել: Կամ էլ, եթե պետք է անել, ուրեմն սխալ չէր:

Մյուս ամենակարեւոր խնդիրը, որը գոնե մինչեւ այսօրվա գործընթացներում առկա է, ձեւի գերակայության եւ բովանդակության սակավության խնդիրն է, որը ժամանակի եւ տարածության մեջ զգացնել է տալու: Եվ եթե այդ խնդիրը չլուծվի, որեւէ գործընթաց չի կարող հաջողության հասնել: Այսօրվա քաղաքական գործընթացի հիմքում ընկած է էպատաժը, շոուն, հայհոյանքը, որակներ, որոնցում Նիկոլ Փաշինյանը անգերազանցելի է: Մյուս ճանապարհը, որն ավելի դժվար է, երկարատեւ ու աշխատատար, պետք է փորձել վերացնել պատճառը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության:

Կա նաեւ երրորդ մոտեցումը, որը իմ կարծիքով գերիշխող է: Անհատների մասին չխոսել: Հիմա փոխենք, հետո կտեսնենք: Սա եւս մոտեցում է: Բայց մեծ է վտանգը, որ այս մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում մենք կունենանք նույնպիսի աղետ, ինչպիսին ունենք այսօր: Մարդիկ այսօր փնտրում են առաջնորդներ, բայց դրանից առաջ փնտրում են առաջնորդություն: Դրանք սկզբունքորեն տարբեր բաներ են: Մենք այսօր քաղաքական դաշտում չունենք բառի ընդգրկուն իմաստով առաջնորդություն: Ունենք առաջնորդության փորձեր, որոնք դեռեւս ցանկալի արդյունքի չեն հասնում: Կծնվի՞ առաջնորդը կամ առաջնորդությունը, շատ հնարավոր է եւ տա Աստված: Եթե փորձեցին գնալ ավելի քաղաքական, բովանդակային ճանապարհով, գուցե, հաջողությունը լինի տարիների մեջ: Բայց դրա արդյունքում կվերացվի հայկական քաղաքական իրականության ամենամեծ արատը՝ քաղաքական համակարգի դեգրադացիան, որի արդյունքն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930