«Ընդդիմության նպատակը Արցախը փրկելը չէ, երեկ հստակ հայտարարեցին՝ որն է իրենց նպատակը՝ դա իշխանության զավթման անհաջող փորձն է: Այո, կենացներ, ճառեր են հնչում Արցախի ու Արցախի փրկության մասին, բայց մարդիկ Երեւանի փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով՝ չեն կարող Արցախը փրկել: Նրանց նպատակը բոլորովին այլ է»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Արցախի թեմայով երեկ խոսակցություն էր բացվել, բայց ընդդիմությունը ճշմարտությունից փախավ, որովհետեւ եթե նրանք ծանոթանան ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց, ծակ բաժակներով կենացներ ասել: Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, որը տապալել են:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետն ընտրվելիս հայտարարել էր, որ եթե ժողովուրդը կամենա, որ ես գնամ, ես կգնամ, հիմա ինչո՞ւ չի հեռանում՝ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ակնհայտ է պատասխանը՝ որովհետեւ նման հանրային պահանջ չկա: Ընդդիմության սակավամարդ երթերն ու հանրահավաքները, ամենայն հարգանքով ցույցերի ու հավաքների ազատության իրացման իրավունքի նկատմամբ, թույլ տվեք ասել, որ հանրության լայն շերտերը չեն միանում ընդդիմությանը, ինչը բնական է: Գեղամ Նազարյանը, երբ հանրահավաքի բեմում հայտարարում է՝ «չեք միանում՝ ջհանդամը միանաք», երբ Գեղամ Մանուկյանը ուսանողներին ասում է՝ «ելեք, կամ թքեք իրար երեսի» (Գեղամ Մանուկյանը հերքել է, թե նման պնդում է արել.- խմբ), բնական է, որ այս ամենից հետո մեր քաղաքացիները դժվար միանան ընդդիմությանը: Ինչքան էլ Իշխան Սաղաթելյանը ամեն օր մի փոքր ուրիշ ձայնով հայտարարի՝ «ամեն ինչ ավարտված է», «ամեն ինչ ավարտված է», գնալով միայն իրենց շարժումն է ավարտվելու: 2018-ի հեղափոխության ժամանակ, երբ Հանրապետության հրապարակը լցվում էր, մարդիկ հավաքվում էին ու ասում՝ մեզ են միացել Գավառի մեր քաղաքացիները, Իջեւանի, Նոյեմբերյանի մեր քաղաքացիները, օրինակ, Իշխան Սաղաթելյանը պետք է ամեն օր բեմից հայտարարի՝ «մեզ է միացել մի նախկին ՀՀԿ-ական փոխնախարար՝ իր բետոնախառնիչներով»(ակնարկված նախկին փոխնախարարը հերքել է այս պնդումը.-խմբ.) : Նման բան պետք է տեղի ունենա, որովհետեւ երբ փորձում ես փողոց փակելով հեղափոխություն կամ հեղաշրջում անես ու փողոց փակելու ռեսուրսդ նախկին ՀՀԿ-ական փոխնախարարների բետոնախառնիչներն են, թույլ տվեք ասել, որ այստեղ ընդհանրապես քաղաքական առումով ոչ մի լրջություն ես չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը միշտ սիրում էր ասել, որ սիրում է ժողովրդին, խոնարհվում է ժողովրդի առաջ, հպարտանում է, եթե այդպես է, ինչո՞ւ էիք երեկ դիպուկահարներին հանել ժողովրդի դեմ, ինչո՞ւ էին ԱԺ բակում տեղադրված լուսաձայնային նռնակներ, ինչո՞ւ են 4 տարի առաջ Փաշինյանի հորդորով ԱԺ բացված պարիսպները փակվել նորից եւ ինչու է ժողովրդի հետ ձեր կապը կտրվել մեծաթիվ ոստիկանական ուժերով, դա այլեւս այն ժողովուրդը չէ՞, եթե պահանջում է Փաշինյանի հրաժարականը՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք ոնց որ թե մոռացել եք ինչ է տեղի ունեցել մեր երկրում վերջին ժամանակաշրջանում, ինչու փակվեցին ԱԺ դարպասները, ինչ է տեղի ունեցել ԱԺ շենքում, կառավարության շենքում նոյեմբերի 9-ին: Դուք երեւի մոռացել եք մահափորձը ԱԺ նախագահի վրա, դուք երեւի մոռացել եք նույն խուլիգաններին, որ փողոցում ման էին գալիս՝ իշխանության ներկայացուցիչներին, ՔՊ պատգամավորներին ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար, որպեսզի փրկվեն ու փրկեն իրենց գողացածն ու թալանածը, որպեսզի չբացահայտվի, թե ինչ են արել պատերազմին ու դրանից առաջ, որպեսզի չբացահայտվի, թե ինչ են արել այն սպաներին, որոնք կանչում էին, որ գային ու տանկերն ուղղեին Երեւանի վրա: Այդ ամեն ինչի ակտիվ մասնակիցներն ու կազմակերպիչները դեռեւս ցավոք կան ու որոշակի ակտիվություն են ցուցաբերում: ՀՀ-ում ժողովրդավարությունից մի միլիմետր շեղում չի լինելու եւ ցանկացած ոտնձգություն շատ կոշտ օրենքի պատին է հանդիպելու»:
Վահագն Ալեքսանյանն էլ ասաց. «Ես ձեզ հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ Մարտի 1-ին քաղաքացիները Ազատության հրապարակում խաղաղ էին, խաղաղ հավաքված էին Ազատության հրապարակում եւ ոստիկանական զորքերը բիրտ ուժով մտան քաղաքացիների շարքերի մեջ: Մտան, սկսեցին ծեծել, սկսեցին սպանել: Դուք հիմա հարցնում եք՝ ինչով է պայմանավորված, որ ԱԺ շենքը պաշտպանում են ոստիկանական ուժեր, իմ պատասխանը ձեզ հետեւյալն է՝ լա՛վ են անում պաշտպանում են: Բոլոր հրոսակախմբերն ու խուլիգանական խմբերը պիտի իմանան, որ ՀՀ-ում ժողովրդի իշխանությունը պաշտպանված է, ՀՀ-ում հակաժողովրդական ուժերը ու նրանց փոքրիկ բանդիտական խուլիգանախմբերը ոչ մի պարագայում չեն կարող զավթել իշխանություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































