Այսօր կառավարության նիստում, երբ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնում էր մետաղական հանքավայրերի շահագործման համար սահմանված ռոյալթիների համակարգն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ հարցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե ինչպես է կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր. «Ոմանք, նույնիսկ նշում են՝ կասկածելի, կոռուպցիոն գործարք: Սա շատ զարմանալի է: Եթե որեւէ իշխանավորի հորեղբոր տղա օվշորներով այդ սեփականության տեր դառնար, ոչ ոք չէր անհանգստանա՝ ինչպես եղել է միշտ, բայց, որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու, կասկածելի է: Ի՞նչն է կասկածելի, ներդրողը, որը ձեռք է բերել հին բաժնետերերից, որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, եւ Հայաստանի Հանրապետությունն էլ, կառավարությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է»:
Փաշինյանի խոսքով, այստեղ կա մոտ 4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որի շրջանակներում, առանց պետության մասնակցության այդ ծրագիրը չի կարող իրականություն դառնալ. «Խոսքը պղնձաձուլարանի կառուցման մասին է, խոսքը նոր ատոմակայանի կառուցման մասին է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































