Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորը` նոր ֆիլմի, Դոնալդ Վիլսոն Բուշի եւ Երուսաղեմում հայկական ներկայության մասին

Մայիս 16,2022 14:12

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, ռեժիսոր, «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռեւս 2018թ Երուսաղեմում իրականացրել էին «Հայոց դիմանկարը Ավետյաց երկրում» վավերագրական ֆիլմը, որը նվիրված էր Երուսաղեմում հայոց ներկայությանը, արժեքների ու հայկական ինքնության պահպանմանը:

«Երուսաղեմում բացահայտ երեւում է հայկական ներկայությունը` հայկական դրոշը, հայկական թաղամասը…Որոշեցինք նաեւ երկրորդ  ֆիլմը նկարել, հատկապես որ բավականին բան կար ներկայացնելու… Ֆիլմն անվանել ենք «Կրակը, որ երբեք չի մարի»: Այս անգամ ուզում ենք շեշտադրել Զատիկը եւ կրակը դուրս բերելու արարողությունը Հարության տաճարից, որը բավական հետաքրքիր է: Հատուկ այս արարողությանը ներկա լինելու համար աշխարհի տարբեր անկյուններից հավատացյալներ են գալիս Երուսաղեմ, ու տաճարը լցվում է անբացատրելի աուրայով: Եվ այդ կրակը երբեք չի մարի, քանի կա Քրիստոնեությունը: Ի դեպ, Երուսաղեմում մեզ հետ էր նաեւ Վիլսոն Բուշի հետնորդը` Դոնալդ Վիլսոն Բուշը: Նա ամուսնացել է հայաստանցի կնոջ հետ, ակտիվորեն զբաղված է հայանպաստ գործունեությամբ: Մենք հենց նրա աջակցությամբ կարողացանք սկսել «Կրակը, որը երբեք չի մարի» ֆիլմի նկարահանումները: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Դոնալդ Վիլսոն Բուշի ընտանիքին` աջակցության համար»,-ասաց ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Մանանա Հակոբյանը:

 «Բազմաթիվ ֆիլմեր, հարցազրույցներ, ռեպորտաժներ, տարբեր երկրներից անդրադարձեր կան այս թեմային: Մեր առաջին նկարահանումները եղել են ապրիլ 24-ին, սակայն պետք է անընդհատ գնանք Երուսաղեմ եւ զուգահեռ գումարներ հայթայթենք, որպեսզի ֆիլմը ավարտին հասցնենք: Այն ունենալու է մեկ ժամ տեւողություն: Մտահղացումը Ռուզաննա Հակոբյանին  է, սցենարն ու գաղափարը նրանն է, իսկ ֆիլմի համապրոդյուսերը Էդգար Այվազյանն է»,-ասաց Մանանա Հակոբյանը: Սա մեր զրուցակցի  5-րդ վավերագրական ֆիլմն է, հեղինակը մտադիր է այն ներկայացնել հայկական կինոփառատոնին:

Ռեժիսորը կարծում է, որ հայկական կինոն այսօր մեծ առաջընթաց ունի, ու հույս ունի, որ հայկական կինոարտադրանքը պետք է նորից հաղթարշավ ունենա, ու դրան, ըստ մեր զրուցակցի` նպաստում են  Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը: «Մշակույթը մեր հաղթաթուղթն է, անկախ ֆինասական դժվարություններից եւ խոչընդոտներից հայ արվեստագետները, որոնք նվիրյալներ են, անում են իրենց գործը, որովհետեւ չեն կարող ակունքներից հեռանալ»,-ընդգծում է նա:

Զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «Ծագումով հայեր» նախագծին:, Մանանա Հակոբյանն ասաց, որ այն  եւս շարունակվում է, առաջիկայում նկարահանումներ ունեն Մեքսիկայում.«Ինչքան ուժ ունենք, կբացահայտենք աշխարհով մեկ սփռված հայտնի հայորդիներին, կներկայացնենք նրանց դավանած արժեքները, որպեսզի նրանց օրինակով կարողանանք դաստիարակել օրինակելի եւ արժանապատիվ սերունդ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մանանա Հակոբյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031