Լրահոս
Օրվա լրահոսը

«Շո՛կ, սենսացիա, աննախադեպ, երբեք նման բան չի եղել». Արման Եղոյանը՝ ԱԳ փոխնախարարի բացակայության մասին. արհամարհանք՝ ԱԺ-ի նկատմամբ

Հունիս 06,2022 16:06 Share

Այսօր ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պետք է ներկայացներ 2021-ի բյուջեի կատարողականը: Սակայն առաջին նիստից հետո Արարատ Միրզոյանը գնաց ու նրան փոխարինող նախարարի տեղակալն այդպես էլ չեկավ:

Նիստը նախատեսված ժամին սկսեցին, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, այսպես ասած, «հերթապահ» մի քանի հարց տվեցին՝ ժամանակ շահելու համար, մինչեւ ուշացած փոխնախարարը վերջապես հասնի:

Անգամ նիստին հրավիրյալ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին էին հորդորում գալ, մի երկու բան ասել, այսինքն, չնախատեսված զեկույց ունենալ, որ իրավիճակը հարթվի, գնա: Սակայն՝ ապարդյուն: Ի վերջո` Արման Եղոյանը հայտարարեց, որ փոխնախարարը անհարգելի բացակայում է ու 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, աղմուկ էր սարքում միայն նրանից, որ գերատեսչությունները առաջին դեմքով չէին ներկայանում խորհրդարան՝ հաշվետվություն տալու: Նա բոյկոտում էր այդ նիստերը՝ համարելով անհարգալից վերաբերմունք քաղաքական թիվ մեկ մարմնի նկատմամբ:

Լրագրողները Արման Եղոյանին խնդրեցին պարզաբանել՝ ո՞րն է փոխնախարարի այս վերաբերմունքի պատճառը: Նա ի պատասխան հորդորեց նիստը չվերածել ասուլիսի, սկսեց լրագրողներին դիտողություն անել. «Ես չեմ ուզում ձեր նշված պահին, ձեր օրակարգով ասուլիս տալ: Նիստի ավարտին հանդես են գալիս ճեպազրույցով, որպես կանոն»:

Հարցին՝ չգիտեի՞ք, որ Քերոբյանը հրավիրված անձ է, զեկույց չունի, ինչո՞ւ էիք հրավիրում զեկուցելու՝ նա պատասխանեց, թե որոշակի հարցեր կար, Տիգրան Խաչատրյանի ելույթից հետո որոշ հարցեր ծագեցին, փոխնախարարն ուշանում էր, որոշեցինք, որ այդ հարցերին պատասխանի:

Հարցին՝ ձեզ տրվե՞լ է հոդաբաշխ բացատրություն՝ ինչու է ուշացել փոխնախարարը՝ Եղոյանը պատասխանեց. «Ամեն ինչ չի, ինչ ես գիտեմ, դուք էլ պետք է իմանաք: Կան աշխատանքային հարցեր, որի մասին ես իմ գնահատականը տվեցի ու այդ գնահատականը լիուլի պետք է ձեզ բավարարի»:

Երբ ասացինք՝ ուղնուծուծով ուզում ենք տիրապետել էությանը, որ հրապարակենք՝ Արման Եղոյանը պատասխանեց. «Ուղնուծուծով չեք կարող տիրապետել: Ասեցի՝ անհարգելի էր բացակայել»: Հարցին՝ այսինքն, անակնկա՞լ էր ձեզ համար՝ Եղոյանը կեսկատակ պատասխանեց. «Շո՛կ, սենսացիա, աննախադեպ, երբեք նման բան չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930