Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորը, օրինակ՝ ՍԴ-ում նստած մարդիկ են, որոնք ցանկացած դեպքում Սահմանադրությունը մեկնաբանում են ըստ զանգահարած պաշտոնյայի քիմքի. Ռոբերտ Հայրապետյան. «Փաստ»

Հուլիս 07,2022 10:13

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ զրույցում անդրադարձել ենք դատաիրավական համակարգին, խոսել Սահմանադրության կիրառելիության մասին՝ զուգահեռներ անցկացնելով առկա իրողությունների և հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրն արված բարձրագոչ հայտարարությունների միջև:

«Սահմանադրության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի, Արման Դիլանյանի տեսակի մարդանց հղած շնորհավորական ուղերձները նման են մի դեպքի, երբ, օրինակ՝ սերիական մարդասպանը կարող է մեկ ամսվա ընթացքում 15 երիտասարդի դաժանորեն սպանել, բայց հետո դատարանում սպանվածներից որևէ մեկի ծննդյան օրը շնորհավորել: Սա պարզապես ծափահարություն է Սահմանադրությանը՝ այն սպանողների կողմից:

Ռոբերտ Հայրապետյանը շեշտեց՝ Սահմանադրությունը երկրի թիվ մեկ իրավական, քաղաքական և ծրագրային փաստաթուղթն է: «Սահմանադրությունն իր օրգանիկան պահպանում է պարբերաբար կիրառման արդյունքում: Խնդիրը ոչ թե Սահմանադրության տեքստը, կոնկրետ հոդվածի բովանդակությունը, մեկ հոդվածի վերնագիրը կամ մեկ այլ հոդվածի կետադրությունն է, այլ Սահմանադրության նորմերը կիրառողները: Ինչքան էլ Սահմանադրությունն իդեալական գրված լինի, եթե ունես քաղաքական իշխանություն, որն այն ցանկացած կետով աղճատված է մեկնաբանելու, անընդհատ կարող ես մեղքը բարդել Սահմանադրության վատորակ կամ ոչ ճիշտ գրված լինելու վրա, որովհետև այդպես հեշտ է: Բայց իրականում ոչ թե Սահմանադրության տեքստը կամ ձևակերպումները, այլ դրանք կիրառողներն են մեղավոր:

Մեղավորը, օրինակ՝ ՍԴ-ում նստած մարդիկ են, որոնք ցանկացած դեպքում Սահմանադրությունը մեկնաբանում են ըստ զանգահարած պաշտոնյայի քիմքի: Մեղավորը «Արմեն Սարգսյանները», «Վահագն Խաչատրյաններն» են, որոնք սահմանադրական երաշխավորի ուղիղ պարտականություն ունեն, բայց, միևնույնն է, էլի Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի քիմքին հարիր են մեկնաբանում: Կարճ ասած, ունենք մի իրավիճակ, երբ կա Նիկոլ Փաշինյան, իսկ մնացած բոլոր կառույցներն իրենց ֆունկցիոնալությամբ վարչապետի աշխատակազմի են վերածվել, իսկ Սահմանադրությունը դարձրել են աշխատակազմի կանոնադրություն, որ երբ ու ոնց ուզեն՝ փոխեն, ում ինչպես հարմար է՝ մեկնաբանեն: Ամբողջ խնդիրը հենց մեկնաբանումն ու կիրառելիությունն է, ոչ թե Սահմանադրության տեքստը, որը 2018-ից իշխանության եկածները նախորդիվ քննադատել են, իսկ իշխանության գալուց հետո սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ձևավորելու արդեն 2-րդ փորձն են անում»,-նշեց մեր զրուցակիցը:

Իրավաբանն ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների նախորդ հանձնաժողովում կային մարդիկ, ովքեր հավատարիմ էին իրենց մասնագիտությանն ու շարժվում էին բացառապես իրավունքի շահով: «Նրանք վստահաբար չէին պարտադրվելու Փաշինյանի կողմից՝ վերջինիս քաղաքական հրահանգները Սահմանադրության մեջ տեղայնացնելու հարցում: Կարծում եմ՝ նաև սա էր պատճառը, որ սահմանադրական փոփոխությունների այդ հանձնաժողովը լուծարվեց, ստեղծվեց նոր հանձնաժողով, որը կկատարի Իլհամ Ալիևի հանձնառությունը՝ Փաշինյանի միջնորդությամբ. հիմա ձևական առումով ինչ- որ նորմեր են փոխելու, բայց իրականում այնտեղ պրեամբուլա է փոխվելու: Մասնավորապես, փոխվելու են ՀՀ անկախության հռչակագրին արված հղումները: Փոխվելու են նաև սուվերեն տարածքները միայն հանրաքվեով հանձնելու վերաբերյալ դրույթները, որպեսզի Ադրբեջանը հետո կարողանա շատ հանգիստ սուվերեն տարածք ներխուժել ու Փաշինյանին ցանկացած փաստաթուղթ ստորագրել տալ՝ առանց ներպետական ատյանների: Պրեամբուլայից ու Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելուց հետո Թուրքիան արդեն կարողանալու է բոլոր միջազգային հարթակներում խոսել այն մասին, որ Հայաստանը, ի վերջո, հրաժարվել է Ցեղասպանության միջազգային ճանաչումից: Մեծ հաշվով՝ կան մի շարք այսպիսի խնդիրներ, ինչի պատճառով, որպես Փաշինյանին քաղաքական հավատարմություն տված անձինք, «Վահագն Հովակիմյանները», «Վլադիմիր Վարդանյանները» և «Դանիել Իոնիսյաններն» են այսօր գրում երկրի մայր օրենքը, որը վստահաբար իր արժեքաբանական իմաստով երևի զրոյից ցածր է լինելու: Այս դեպքում պարզ է, թե ինչ տեքստ և ինչ բովանդակություն է ունենալու այդ Սահմանադրությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031