Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուի հետ հնարավոր կլինի աշխատանքային պայմանագիր կնքել անորոշ ժամկետով

Հուլիս 18,2022 17:19

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է գործատուին հնարավորություն տալ կենսաթոշակային տարիքի անձի հետ պայմանագիր կնքել անորոշ ժամկետով։ Գործող աշխատանքային օրենսգրքով սահմանափակում կա կենսաթոշակառուների հետ անորոշ ժամկետով պայմանագիր կնքելու։

Այս մասին այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության, ԲՀՀ –Հայաստան եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի կազմակերպած «Աշխատողների հզորացումն աշխատանքային բարեփոխումների միջոցով» քննարկմանն ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Նա ասաց, որ շատ է խոսվում ծերացող հասարակության եւ աշխատանքային ռեսուրսների պակասի մասին, օրենսդրական այս նախաձեռնությունն անդրադառնում է այդ խնդրին։

Փոխնախարարը ներկայացրեց աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխության այլ դրույթներ եւս։

Ըստ այդմ առաջարկվում է՝ հաստիքների կրճատման կամ աշխատողների թվի կրճատման դեպքում պետք է ապահովվի խոցելի որոշ խմբերի պաշտպանվածությունը՝ նախապատվության իրավունք է սահմանվում հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, առաջին խմբի հաշմանդամության կենսաթոշակ ստացած, զոհված, մահացած կամ անհետ բացակայող զինծառայողների ընտանիքների անդամներին։

Օրենսդրական փոփոխությունն անդրադառնում է նաեւ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգավորմանը։ Առաջարկվում է սահմանել, որ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելը գործատուն պետք է որոշի մասնագիտական ունակության գնահատման ներքին իրավական ակտերի համապատասխան։

Վստահությունը կորցնելու պատճառով պայմանագրի լուծման դեպքում էլ առաջարկվում է հստակեցնել, թե որն է դա՝ աշխատողի դիտավորությամբ, անզգուշությամբ խախտվել է աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման մասին իրավական ակտերը, որի հետեւանքով վտանգվել կամ վնաս է պատճառվել այլ անձանց։

Գործող օրենքով աշխատանքային իրավահարաբերություններում սահմանված չէ բռնությունը։ Այժմ առաջարկվում է սահմանել, թե որն է աշխատավայրում բռնությունը՝ աշխատավայրում բռնության գործադրումը գործատուի կամ աշխատանքային իրավահարաբերության այլ սուբյեկտի կողմից մեկ անգամ կամ կրկնվող ֆիզիկական, հոգեբանական, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողությունները կամ դրանք կատարելու սպառնալիքը աշխատողի նկատմամբ։

Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է ընտանեկան բռնության ենթարկված աշխատողին անհետաձգելի միջամտության կամ պաշտպանության ժամանակահատվածում տրամադրել արձակուրդ։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031