«Առավոտի» հարցերին պատասխանում է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը
– Ձեր տնօրինությամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանի «Ռուբեն Սարգսյանի աշխարհը. կոմպոզիտորը և ժամանակը» մենագրությունը, որի էջերում լուսաբանվել է կոմպոզիտորի երաժշտական աշխարհը և արվեստագիտական ինքնությունը, ժամանակակից երաժշտարվեստի բազմազան գեղարվեստական ուղղությունների լույսի ներքո քննության են առնվել Ռուբեն Սարգսյանի բազմաժանր ստեղծագործությունների ոճական-գեղագիտական հիմքերը: Քանի որ մենագրության գիտական խմբագիրը դուք եք՝ արվեստագիտության թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր Աննա Ասատրյանը, խնդրում ենք ընդհանուր գծերով ներկայացնել այն:
–Հայ երաժշտագիտության կարևոր ուղղություններից մեկը ժամանակակից հայ երաժշտության ուսումնասիրությունն է, որի ուղղությամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտագետներն անցած տասնամյակների ընթացքում զգալի և արժեքավոր հետազոտություններ են իրականացրել։ Ժամանակին ուսումնասիրվել ու արժևորվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, Արվեստի ինստիտուտի մեծ բարեկամ Արամ Խաչատրյանի կյանքն ու ստեղծագործությունը։ Առնո Բաբաջանյանի մասին առաջին գիտական ուսումնասիրությունը նույնպես ստեղծվել է Արվեստի ինստիտուտում․ Անահիտ Գրիգորյանի մենագրությունը հրատարակվել է 1961 թվականին, երբ Բաբաջանյանն ընդամենը 40 տարեկան էր…
Այսօր էլ մեր երաժշտագետներն ակտիվորեն զբաղված են հայ ժամանակակից երաժշտության՝ թե՛ կոմպոզիտորական և թե՛ կատարողական արվեստի ներկայացուցիչների ստեղծագործության ուսումնասիրությամբ։ Նշեմ վերջին 2-3 տարիների հիմնարար աշխատություններից երկուսը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի մասին անգլերեն լեզվով 2023-ին հրատարակված իմ «Ohannes Tchekidjian: Life and Career» մենագրությունը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը (2025), որի շնորհանդեսը ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ 2025 թվականի հունվարի 27-ին։ Եվ ահա երաժշտագետների ու երաժշտասերների սեղանին դրվեց արդի հայ կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկի՝ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Սարգսյանի (1945-2013) ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված աշխատությունը, որտեղ պրոֆեսոր Երնջակյանը, հայ երաժշտագիտության մեջ առաջին անգամ, համակողմանի քննության է ենթարկում կոմպոզիտորի ստեղծագործությունը։
Կարդացեք նաև
Ռուբեն Սարգսյանի ստեղծագործությունները ճանաչում են գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության մշակութային տարբեր կենտրոններում, արտասահմանում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Արգենտինա, ԱՄՆ, և իրենց արժանի տեղը գրավել անվանի երաժիշտների ու կատարողական խմբերի երկացանկերում: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարել են Բորոդինի անվան կվարտետը, «Արամ Խաչատրյան»-տրիոն՝ «Ars Longa» դուետը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը և այլք: Իսկ թավջութակի համար գրված «Cercio Declamando»-ն II Համահայկական մրցույթի ծրագրի պարտադիր կատարվող գործերից է եղել (2001)։
Սարգսյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել միջազգային հռչակ վայելող կատարողները՝ Սվետլանա Նավասարդյանը, Ռուբեն Ահարոնյանը, Մեդեա Աբրահամյանը, ինչպես նաև Ֆելիքս Սիմոնյանը, Վիկտոր Խաչատրյանը, Կարինե Օհանյանը, Արամ Թալալյանը, Լևոն Մուրադյանը, Գայանե Ջաղացպանյանը, Սոնա Բարսեղյանը … Կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործությունները հնչել են դիրիժորներ Դավիթ Խանջյանի, Վալերի Գերգիևի, Էմին Խաչատրյանի, Էդվարդ Թոփչյանի, Ռուբեն Ասատրյանի, Վահագն Պապյանի, Վադիմ Շուբլաձեի, Մերուժան Սիմոնյանի և այլոց մեկնաբանությամբ:
Պրոֆեսոր Երնջակյանի այս աշխատությունը ծնվել է իմ աչքի առջև և հանդիսանում է հեղինակի վերջին մի քանի տարիների հետևողական աշխատանքի արդյունքը։
Ի դեպ, 2025-ի նոյեմբերի 22-ին լրացավ Ռուբեն Սարգսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը, և հեղինակի մտահղացմամբ՝ մենագրության լույս ընծայումը նվիրվելու էր այդ հոբելյանին։ Սակայն երբ գիրքը գտնվում էր տպարանում, հենց այդ օրերին կյանքից հեռացավ կոմպոզիտորի կյանքի հավատարիմ ընկերուհին՝ անվանի երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Զոլոտովան, որի խնդրանքով էլ պրոֆեսոր Երնջակյանը տարիներ առաջ ձեռնամուխ էր եղել այս հետազոտության իրականացմանը։ Ցավոք, ճակատագրի չար խաղով Իրինա Զոլոտովան չհասցրեց ձեռքն առնել ու թերթել իր համար չափազանց կարևոր ու շատ սպասված այս աշխատությունը։
Արդեն տպարանում գտնվող աշխատության տիտղոսաթերթը ստիպված փոփոխության ենթարկվեց․ Լիլիթ Երնջակյանն իր մենագրությունը նվիրեց ոչ թե Ռուբեն Սարգսյանի հոբելյանին, այլ Ռուբեն Սարգսյանի ու Իրինա Զոլոտովայի հիշատակին։
– Ինչպիսի՞ն է աշխատության կառուցվածքը:
– Աշխատությունը բաղկացած է նախաբանից, յոթ գլուխներից, վերջաբանից, գրականության ցանկից, Ռուբեն Սարգսյանի հիմնական ստեղծագործությունների ցուցակից, ձայնագրություններից ցանկից, ռուսերեն և անգլերեն լեզուներով ամփոփումներից և պատկերաշարից։ Նախաբանում հեղինակը խոստովանում է․ «Այս աշխատանքը նվիրված է կոմպոզիտորի երաժշտական աշխարհի լուսաբանմանը՝ ամբողջացած նրա դասական ու ռոմանտիկական, աշխարհիկ ու հոգևոր, ազգային և համամարդկային ըմբռնումներով ու դրանց ստեղծագործական մարմնավորումներով: Այն չի ակնկալում նրա ստեղծագործության համապարփակ քննությունը: Շուրջ վեց տասնյակ բազմաժանր և բազմաոճ երկերի ամբողջական նկարագիրն ու արժևորումը բարդ է հատկապես տեխնիկական առումով, երբ բազմաթիվ ուշագրավ մտահղացումներ մնացել են նոտային տեքստի մակարդակում, չեն հնչել, չեն կատարվել կամ չեն հրատարակվել, իսկ ձայնագրություններն էլ երբեմն հեռու են կատարյալ լինելուց: Իմ ուշացած զրույցը կոմպոզիտորի հետ կփորձեմ իրականացնել վիրտուալ տարածքում՝ հուսալով գտնել պատասխաններ նրա երաժշտության մեջ, պատկերացնելով նրա արձագանքներն իր գործերին տրված մեկնություններին:
Այսպիսով, իմ խոսքը ժամանակի փորձություններին ու դժվարություններին երաժշտությամբ դիմակայող, ժամանակից շուտ կյանքից հեռացած, իր երաժշտական լինելիությունն ապացուցող և դրանով ապրող անզուգական զրուցակից-ընկերոջ, խորհրդածող և անհանգիստ արվեստագետի մասին է»:
Առաջին գլխում, որը վերնագրված է «Կոմպոզիտորը և ժամանակը», ներկայացված է Ռուբեն Սարգսյանի կենսագրությունն ու անցած ուղին։ Երկրորդ գլխում հեղինակը լուսաբանում է արվեստագետի ստեղծագործությունը «Նոր երաժշտության» լույսի ներքո, իսկ երրորդ գլխում՝ կոմպոզիտորի ստեղծագործության մեջ միջնադարյան մոնոդիայի ու ավանգարդի առնչություններն են: Չորրորդ գլխում պրոֆեսորը քննության է առնում Ռուբեն Սարգսյանի սիմֆոնիաները, հինգերորդում՝ «Իմ ժամանակակցին» շարքը, վեցերորդում՝ ստեղծագործական «նվիրումները»՝ ձոնված Կոմիտասին, Շոստակովիչին, Տերտերյանին, Սարյանին, Միրզոյանին, իսկ յոթերորդ գլխում էլ բացահայտում է Պանի ֆլեյտայի, զուռնայի և կամերային անսամբլի համար գրված «Սև պարահանդես» կոչվող ստեղծագործության դրամատուրգիական ու երաժշտական-ոճական առանձնահատկությունները:
Վերջաբանում հեղինակը հանրագումարի է բերում իր հետազոտության արդյունքները, խոստովանելով․ «Այս երաժշտագիտական «նվիրումը» Ռուբեն Սարգսյանի երաժշտական աշխարհի ռոմանտիկ և դրամատիկ, լուսավոր ու մռայլ էջերին ստեղծվել է կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունն արժևորելու, նրա գաղափարական ծրագրերում լսելի ժամանակի և արվեստագետի հարաբերությունների բարդ ենթատեքստը գեղագիտական ըմբռնումներով հիմնավորելու, ժամանակակից երաժշտարվեստի բազմաոճ գեղարվեստական հոսանքների հորձանուտում կոմպոզիտորի արվեստագիտական ինքնությունը ներկայացնելու ցանկությամբ»:
Աշխատության կարևոր արժանիքներից է Ռուբեն Սարգսյանի ստեղծագործությունների ցանկը, որը կազմվել է առաջին անգամ և ընդհանուր պատկերացում է տալիս կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության մասին։ Իսկ լուսանկարների շարքը ներկայացնում է կոմպոզիտորին ինչպես ընտանիքում, այնպես էլ երաժիշտ գործընկերների հետ։
Լիլիթ Երնջակյանի «Ռուբեն Սարգսյանի աշխարհը․ կոմպոզիտորը և ժամանակը» մենագրությունը, որն առաջիկայում թարգմանաբար հրատարակվելու է ռուսերեն և անգլերեն, արժեքավոր ներդրում է հայ երաժշտագիտության մեջ և կարևոր հանգրվան ժամանակակից հայ արվեստի ուսումնասիրության ասպարեզում։
Ավելորդ չեմ համարում նշել, որ Լիլիթ Երնջակյանը ոչ միայն հեղինակել է գիրքը, այլև հոգացել հրատարակության ու տպագրության հետ կապված բոլոր ծախսերը։
Շատ ուրախ եմ այս աշխատության լույս աշխարհ գալու կապակցությամբ, քանի որ այն դարձավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտագետների ստեղծած երաժշտագիտական հարուստ գրադարանի բարձրարժեք նվաճումներից մեկը։
Վերջում նշեմ, որ շնորհանդեսը կկայանա շուտով։
Զրուցեց Սամվել Դանիելյանը





















































