Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուլբենկյանի բազմաթիվ միջազգային բարեգործական ջանքերը՝ ուղղված մարդկանց կյանքի որակը բարելավելուն, նրան դարձրին աշխարհի քաղաքացի»

Հուլիս 21,2022 13:46

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, ամեն տարի հուլիսի 20-ին տոնում է իր հիմնադրի հիշատակը։ Հայազգի նավթային մագնատ և մեծ բարերարին նվիրված այս տարվա միջոցառումներին հրավիրված էր մասնակցելու նաև Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։

Առավոտյան Սրբազան Հայրը այցելեց Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ, ուր հանդիպում ունեցավ նրա նորընտիր նախագահ Անտոնիո Ֆոյժոյի հետ։ Ներկա էին նաև հիմնադրամի խնամակալների խորհրդի մշտական անդամ Մարտին Եսայանը և հիմնադրամի հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:
Ջերմ և մտերիմ մթնոլորտում անցած շուրջ կեսժամյա զրույցի ընթացքում նրանք նաև հիշատակեցին հայազգի մեկ այլ նշանավոր դեմքերից՝ ամերիկահայ հասարակական գործիչ, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի և նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին, որի հետ հիմնադրամի նախագան առիթ էր ունեցել առնչվելու վերջինիս ԱՄՆ-ի Բրաունի համալսարանը նախագահելու տարիներին։

Սրբազան Հայրը առանձնազրույց ունեցավ նաև Մարտին Եսայանի հետ, որը Գալուստ Գյուլբենկյանի դստեր՝ Ռիտա Գյուլբենկյանի թոռն է։ Ապա ներկաները ուղևորվեցին գլխավոր շենքի շուրջը գտնվող այգի, ուր ծաղկեպսակ զետեղեցին և խոնարհվեցին հիմնադրամի հիմնադրի արձանի առջև։

Ապա, ժամը 12․15-ին մոտակա Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցում մատուցվեց պատարագ Գալուստ Սարգիս Գյուլբենկյանի հոգու խաղաղության համար։ Արարողության ավարտին Տ․ Խաժակ Պարսամյանը «Հոգւոցն հանգուցելոց…» արտասանեց հանգուցյալի հիշատակին։ Հիշելով, Աստվածաշնչի Ծննդոց գրքից Աստծո խոսքերը. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա», նա նշեց, որ աստվածավախ և խոր հավատքի տեր Գալուստ Սարգիս Գյուլբենկյանը լիովին գիտակցում էր այն հնարավորությունների մասին, որ Աստված տվել է մարդկությանը հենց սկզբից, և նրա արտասովոր կյանքն ու ձեռքբերումները, դրա վկայությունն են։

Սրբազան Հայրը համոզմունք հայտնեց, որ աշխարհն այսօր կարիք ունի Գալուստ Գյուլբենկյանի նման անհատների, որը շատ հպարտ լինելով իր հայ ինքնությամբ, միաժամանակ օժտված էր համաշխարհային անհատականությամբ։ Նրա բազմաթիվ միջազգային բարեգործական ջանքերը՝ ուղղված մարդկանց կյանքի որակը բարելավելու՝ արվեստի, բարեգործության, գիտության եւ կրթության միջոցով, նրան դարձրին լավ տնտես և աշխարհի քաղաքացի:

Սրբազան Հայրը փառք տվեց Աստծուն, որ Գյուլբենկյան Հիմնադրամի խորհրդի նախկին և ներկա անդամները, 1956 թվականին հիմնադրման օրվանից, շարունակում են աջակցել գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանը բազմաթիվ երկրներում՝ չանտեսելով մայր հայրենիքի և սփյուռքի կարիքները:

Իր խոսքի ավարտին նա մաղթեց, որ հայորդու զորացնող ոգին շարունակի գոյատևել և ոգեշնչման աղբյուր ծառայել արդի համաշխարհային առաջնորդների համար:

Ավելի ուշ, Հիմնադրամի կենտրոնում մատուցվեց հանդիսավոր ճաշկերույթ, ուր ներկա էին հիմնադրամի խնամակալների խորհրդի անդամները և բազմաթիվ պաշտոնյա անձիք։

Գալուստ Գյուլբենկյանի հիշատակման օրը եզրափակվեց ժամը 18-ին, կենտրոնի համերգային դահլիճում Գյուլբենկյան նվագախմբի համերգով՝ դիրիժոր Խոսե Էդուարդո Գոմեսի ղեկավարությամբ։ Մինչ այդ բեմից ելույթ ունեցան հիմնադրամի նախագահ Անտոնիո Ֆեյժոն և Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզան։ Համերգից առաջ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը առիթ ունեցավ ողջունելու երկրի նախագահին, որն ուրախություն հայտնեց միջոցառմանը Սրբազան Հոր մասնակցության համար։ Համերգին ներկա էր նաև Պորտուգալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանը տիկնոջ հետ։ Հետկեսօրին Սրբազան Հայրը և պարոն դեսպանը այցելեցին Գյուլբենկյան ժամանակակից արվեստի կենտրոնի ցուցասրահներում վերջերս բացված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու և պորտուգալացի՝ Ժորժ Կեյրոսի գծանկարների ու նկարների ցուցահանդեսը։

Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Պատրիարքական Պատգամավորության Գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031