Լրահոս
Օրվա լրահոսը

Անձի մասնավոր կյանքի իրավունքին օրինական միջամտելու երաշխիքները բավարար չեն. կարծիք օպերատիվ–հետախուզական գործունեության մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Հուլիս 28,2022 13:16

Կազմակերպությունները կարծիք են հրապարակել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին

Սույն թվականի հուլիսի 11-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերոնշյալ կայքում հրապարակել են իրենց կարծիքը՝ մատնանշելով նախագծի այն կետերը, որ կարող են խախտել անձի իրավունքները, և առաջարկել համապատասխան փոփոխություններ։

Ըստ կազմակերպությունների՝ նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները:

Բանն այն է, որ նախագծում տեղ գտած իրավակարգավորումները թույլ են տալիս օպերատիվ-հետախուզական գործունեություն կատարող մարմիններին դիմել այդ միջոցներին անգամ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը հիմնավորված չէ։ Այսպես, ի տարբերություն գործող օրենքի, նախագծով չի սահմանվում, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն (այսուհետ՝ նաև ՕՀՄ) անցկացնող մարմինը պարտավոր է դատարանում հիմնավորել, որ իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը այլ եղանակով ողջամտորեն անհնարին է։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ միջոցառումը թույլատրող դատարանը պետք է պարզի, թե արդյոք պահանջվող միջամտությունը համապատասխանում է ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության պահանջին` ստուգելով նաև, թե հնարավոր է հետապնդվող նպատակներին հասնել ավելի քիչ սահմանափակող միջոցներով»,-նշված է կարծիքում։

Մեկ այլ էական խնդիր է այն, որ նախագծով չի սահմանվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը։ Այսպիսով, սա անիրատեսական է դարձնում չարտոնված միջամտությունների նկատմամբ հետագա վերահսկողության ցանկացած կառուցակարգ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով նշված խնդրին, արձանագրել է․ «Գաղտնի հսկողության այնպիսի համակարգերը, որոնք անվտանգության մարմիններին, ոստիկանությանը տալիս են տեխնիկական միջոցներ, որոնք թույլ են տալիս շրջանցել թույլտվության ընթացակարգը և հնարավորություն են տալիս նրանց ուղղակիորեն գաղտնալսելու յուրաքանչյուր քաղաքացու հաղորդակցությունը՝ չպահանջելով նրանցից ներկայացնել գաղտնալսման թույլտվությունը կապի ծառայություններ մատուցողներին, հատկապես ռիսկային են չարաշահումների առումով»։

Կազմակերպությունները դիտարկումներ են ներկայացրել նաև անձի՝ իր նկատմամբ կայացված օպերատիվ-հետախուզական միջոցառման նյութերը պահանջելու իրավունքի, գաղտնի միջոցառումների կիրառման պայմանների, ՕՀՄ-ների դադարեցման ժամկետի և ՕՀՄ գործողությունները բողոքարկելու իրավունքի մասին։

Կազմակերպություններն առաջարկել են վերականգնել գործող օրենքի իրավակարգավորումը, որի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմինը պետք է դատարանում հիմնավորի, որ այլ եղանակով, քան համապատասխան գաղտնի միջոցառումն է, իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է։ Դատարանի թույլտվությունը հեռահաղորդակցության մարմիններին ներկայացնելու մասով առաջարկվել է․ «Սահմանել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու թվային հաղորդակցության վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը (պահպանելով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը)»։

Կարծիքը և ներկայացված բոլոր առաջարկները կարող եք կարդալ այստեղ։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031